Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ում պետք է դատավոր անդամների քանակն ավելի լինի, քան գիտնական անդամներինը. համաձայն եմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի հետ. Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2024 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս պահին ԲԴԽ-ում թափուր մնացած 2 անդամի տեղերից մեկը Վիգեն Քոչարյանի տեղն է, որն ազատվել է հունիսին` ժամկետը լրանալու պատճառով, մյուսը՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի, որը վերջերս դատավոր է ընտրվել եւ աշխատանքի անցել Վճռաբեկ դատարանում։

Արդեն հայտնի է, որ իշխանությունը որոշել է ԲԴԽ գիտնական անդամի մեկ տեղը լրացնել ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանով, որն արդեն եղել է ԱԺ-ում, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, որը պետք է առաջիկայում ընտրի նրան: Իսկ մյուս թեկնածուն, ըստ լուրերի, իշխանության սրտի մեկ այլ փաստաբան  Տիգրան Եգորյանն է։ Նրանք այն եզակի փաստաբաններից են, որոնք հայտնի են իրենց իշխանամետ կեցվածքով։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով այս թեկնածությունների մասին, ասաց․ «Սիրունյան եւ Եգորյան… Սիրունյանին անձամբ ճանաչում եմ եւ Ձեզ ասեմ․ որպես իրավաբան՝ նորմալ իրավաբան է, ոչ մի բանով արտառոց չէ մյուս իրավաբաններից։ Նայած թե Սիրունյանն ինչպես կդրսեւորի իրեն: Եթե ուզենա քանդել ԲԴԽ-ի աշխատանքը, նրան անհրաժեշտ կլինի 30 րոպե, եւ ԲԴԽ-ի աշխատանքները կկազմաքանդվեն։ Հասկանալով, ճանաչելով Սիրունյանին՝ կարող եմ նման պնդում անել, կարող է ե՛ւ կոնստրուկտիվ լինել, ե՛ւ դեստրուկտիվ լինել։ Ինչ վերաբերում է Եգորյանին, ապա ես «շնորհավորում» եմ ԲԴԽ նախագահին, եթե Եգորյանի օգտին քվեարկեն, եւ նա դառնա ԲԴԽ անդամ, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի աշխատանքները կխափանվեն, եւ որեւէ կերպ հնարավոր չի լինի այլեւս վերականգնել կամ կոնստրուկտիվ դաշտ բերել ԲԴԽ աշխատանքները»։

Անդրադառնալով փաստաբանների քաղաքականացված լինելու հարցին՝ նախկին պաշտոնյան ասաց․ «Երբ 2015-ին Սահմանադրությունը փոփոխվում էր, եւ որոշվում էր Արդարադատության խորհրդից անցնել Բարձրագույն դատական խորհրդին, ես հիշում եմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, որ սկզբունքային հարց էր դնում ՀՀ իշխանությունների առջեւ․ ԲԴԽ-ում պետք է դատավոր անդամների քանակն ավելի լինի, քան գիտնական անդամներինը: Ես միանշանակ համաձայն եմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի հետ։ Քաղաքականացված լինելը նորություն չէ, եւ ցանկացած իշխանություն փորձում է ԲԴԽ-ում ներառել ակնհայտ քաղաքականացված անդամների, որպեսզի ԲԴԽ-ն պահեն իրենց իշխանության ծիրի ներքո։ Կարեն Անդրեասյանի, Գագիկ Ջհանգիրյանի օրինակները շատ ցայտուն ցույց են տալիս այն իրավիճակը, որի մասին ես խոսում եմ։ Միանշանակ է իմ մոտեցումը, որ դա չի կարելի թույլատրել։ Երբ խորհրդակցական սենյակում քննարկում էինք հարցեր, մի քանի ԲԴԽ անդամ ակնհայտ ասում էին, որ իրենք համաձայն են դատավոր անդամների դիրքորոշումների հետ, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա այդ որոշումն ընդունելուց հետո: Այսինքն՝ մեր տերերն ի՞նչ կասեն»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930