Ինչպե՞ս բացատրել Ադրբեջանի կողմից տարբեր պահանջների, կեղծ մեղադրանքների ու նախապայմանների շարանի ներկայացումը Հայաստանին եւ մեր իշխանությունների կողմից դրանց հետ համակերպվելու կեցվածքը
Բաքվում ընթացող COP-29-ի գագաթնաժողովի օրերին` Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժեց Բաքվի ներկայացրած բոլոր նախնական առարկությունները։ 3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը հայց էր ներկայացրել միջազգային այս ատյան՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։ Դատարանը գտավ, որ «Հայաստանն իրական ջանք է գործադրել քննարկման մտնելու Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալու լուծել վեճը, որը պահանջում է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածը»։ Դատարանը գտավ նաեւ, որ այս բանակցությունները դարձել են անպտուղ։ Այս պատճառներով եզրակացրել է՝ Ադրբեջանի առաջին նախնական առարկությունը ենթակա է մերժման։
Բաքվի երկրորդ առարկությունը վերաբերում էր դատարանի իրավազորությանը, որը եւս մերժվեց։ Իսկ երրորդը Հայաստանի այն պնդման մասին էր, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքով հայերը համակարգված խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգման, բռնության են ենթարկվել՝ Բաքուն սպանություն, խոշտանգում է կատարել՝ հիմք ունենալով մարդկանց էթնիկ ծագումը։ Դատարանը հայտնեց, որ ռասայական խտրականությունը ճանաչելու համար պետք է մանրամասն ուսումնասիրել փաստերն ու նյութերը, եւ վարույթի այս փուլում այս հարցը չի կարող որոշվել։ «Սրա լույսի ներքո դատարանը պետք է համոզվի, թե արդյոք տվյալ գործողությունները, որոնց վերաբերյալ բողոքում է Հայաստանը, ի զորու են ապացուցել խտրական վերաբերմունքը, որի հիմքում եղել է տուժողների հայկական էթնիկ ծագում ունենալը», – փաստեց Հաագայի դատարանը։
Դատարանը նաեւ ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայական իրավազորությանը։ Այս վճռից անմիջապես հետո ՄԱԿ-ի արդարադատության դատարանը հրապարակեց «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով իր վճիռը։ Ըստ այդմ՝ Հայաստանի երկու նախնական առարկությունները բավարարվեցին, մեկը մերժվեց։
Կարդացեք նաև
Freedom House-ն ու 6 կազմակերպություններ կոնկրետ օրինակներով ու մանրամասն վերլուծությամբ 100 էջանոց զեկույց էին կազմել եւ ներկայացրին նոյեմբերի 11-ին Երեւանում՝ Բաքվում ընթացող COP-29 գագաթնաժողովի մեկնարկի օրը։ Ահաբեկում, մեկուսացում, բռնություն, այսպես են բացատրում զեկույցի հեղինակները, թե ինչու Լեռնային Ղարաբաղում այլեւս հայեր չկան։
Միջազգային փաստահավաք առաքելության մասնակիցներն ընդգծում են՝ ադրբեջանական ռեժիմը էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, իշխանությունները միտումնավոր արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելու համար: «Սա, ըստ երեւույթին, առաջին միջազգային փորձն է՝ կատարելու փաստահավաք աշխատանք, հավաքելու վկայություններ, կատարելու իրավական վերլուծություն ու ցույց տալու այն, ինչ տեղի է ունեցել զոհերի աչքերով: Freedom House-ը, մեր միջազգային ու տեղական գործընկերները փաստագրել են նախորդ չորս տարիների ընթացքում ադրբեջանական պետության կողմից իրականացված, թիրախավորված ու համակարգված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ», – նշել է Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:
Մասնակիցներից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ալեն Շադունցի խոսքով՝ տեղահանված արցախցիների հետ 300-ից ավելի մանրակրկիտ հարցազրույցներն ավելի քան բավարար էին ցույց տալու աղետի մասշտաբը։ «Մենք նաեւ իրականացրել ենք բաց աղբյուրների տվյալների հավաքագրում, որն էլ համադրել ենք արբանյակից ստացված լուսանկարների հետ, սրա հետ մեկտեղ մենք նաեւ հետեւել ենք ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, որպեսզի ցույց տանք, թե տեղում իրականացվող քաղաքականությունն ինչպես է համադրվում ատելության խոսքի, դավադրապաշտական տեսությունների հետ», – ասել է Ալեն Շադունցը:
Զեկույցի համահեղինակ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին՝ Բրյուսլեից ուղիղ կապով միանալով Երեւանին, հայտնել է, որ հաջորդ քայլը՝ ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել Միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծիք է հայտնել, որ թերեւս սա հենց այն անկախ զեկույցն է, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետներն ակնկալում էին ստանալ՝ հասկանալու՝ ի՞նչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Կա՞ արդյոք պատկերացում՝ ինչ արձագանք սպասել Վաշինգտոնից։ «Ինչպիսին կլինի մինչեւ հունվար Պետդեպի արձագանքը, ուղղակի Պետդեպի պատասխանատուները, այդ թվում՝ միգուցե Ջեյմս Օ’Բրայենն ասելու է, թե դե մի բան ենք հայտարարել, արդեն նոր իշխանությունները պետք է որոշեն», – արձագանքել է Բեգլարյանը:
Միջազգային բարձր ատյաններից, հեղինակավոր իրավապաշտպաններին զուգահեռ` ինչ ազդակներ է հղում միջազգային հանրությանն ու Ադրբեջանին Հայաստանի իշխանությունը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մերժում է ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ընդդիմության հայտարարության նախագիծը, նշելով, թե Հայտարարություն ընդունելով չէ, որ պետք է գերիներին վերադարձնեն, այլ` դիվանագիտական աշխատանքով, ու միաժամանակ մեղադրում ընդդիմությանը ռազմագերիների հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։
Մի կողմ թողնենք ընդդիմության գործունեության արդյունավետության, առհասարակ նրանց ունեցած օրակարգի, ազդարարած նպատակների ու գործնական քայլերի տրամաբանության հարցը: Առավել կարեւոր է հասկանալ, թե իշխանությունը Ադրբեջանին սաստելու, խոչընդոտելու հարցում հնարավորություններից օգտվելու ծրագրեր ընդհանրապես ունի՞:
Իսկ նման հնարավորություններ Հայաստանին ընձեռվում են ու դրանք քիչ չեն: Հաագայի դատարանի վերջին որոշումները դրա վառ ապացույցն են: Հայաստանի իշխանությունը հսկայական աշխատանքի հնարավորություն է ստացել, որի հիմքում կարող է Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստան պետության, ընդդեմ հայության, ընդդեմ հայկականի` կանխել ագրեսոր պետության ղեկավարի արշավն ու հետեւողական ծրագիրը:
Մեկնարկած COP29-ի գագաթնաժողովը զուգորդվում է ընդդեմ Ադրբեջանի սաստիկ քննադատության դոզայով: Տարբեր միջազգային կառույցներ ազդարարում են այդ երկրում մարդու իրավունքների խախտումների, բնապահպանական խնդիրների, ի վերջո` ալիեւյան ռեժիմի գործած բոլոր ապօրինությունների մասին եւ այդ ամենից ուղղակի պետք է օգտվել:
Բայց մեր իշխանությունները նույնիսկ երբեմն հարկ էլ չեն համարում Ադրբեջանից ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ հավակնություններին պատասխանել:
Այս հարմարվողական-զիջողական կեցվածքով կարծես Հայաստանի իշխանությունը փորձում է Ալիեւի համար յուրօրինակ «փրկօղակ» դառնալ: Եթե ոչ, այլապես, ինչպե՞ս բացատրել Ադրբեջանի կողմից տարբեր պահանջների, կեղծ մեղադրանքների ու նախապայմանների շարանի ներկայացումը Հայաստանին եւ մեր իշխանությունների կողմից դրանց հետ համակերպվելու դատապարտելի կեցվածքը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.11.2024