Ի՞նչ կա արդեն եղած կամ բանակցվող, այսպես ասած, «խաղաղության պայմանագրից»: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ու, առհասարակ, կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է հասկանում՝ հայտարարելով «խաղաղության» մասին: Սկսենք Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացրած «խաղաղությունից»: Դա կարելի է նկարագրել այսպես. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը կես մետր հաստության և երկուսուկես մետր բարձրությամբ պատով, իսկ որոշակի տեղերում՝ նորատունկ ծառերով «պաշտպանված» ու «սահմանազատված» են սպառազինված ու դիրքավորված թշնամուց՝ ադրբեջանական զինուժից: Սա, ինչ վերաբերում է տեղերում «անվտանգության» ապահովմանը: Փաշինյանական պատկերացմամբ՝ «խաղաղությունը» այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազատորեն օգտվելու են Հայաստանի կոմունիկացիաներից (ավտոճանապարհներ, երկաթուղի), առանց վերահսկողության կամ ինչ-որ մասնավոր պահնորդական ընկերության «հսկողության» ներքո: Շարունակենք. փաշինյանական տարբերակով «խաղաղությունը» նշանակելու է, ընդամենը, որ ՀՀ բնակիչները ամեն օր մի փոր հաց պիտի ուտեն ու փառք տան կառավարությանը, որ կոնկրետ այդ օրը ողջ-առողջ մտան անկողին՝ աղոտ հույսով, որ առավոտյան, այնուամենայնիվ, կարթնանան, ըստ որում՝ իրենց տան մեջ: Կարճ ասած՝ «հաց՝ կաց»:
Ու՝ վերջ: Սա է Փաշինյանի պատկերացրած «խաղաղությունը», ինչը նա քարոզում կամ, այսպես ասենք, այս քարոզչությունը «վաճառում» է ՀՀ քաղաքացիների կամ դեռևս առկա դյուրահավատների վրա: Փաշինյանական «խաղաղության» պատկերացումներում կա նաև «հարևանների հետ առևտուր անելու» կետ, որը մի փոքր բացելու կարիք ունի: Առհասարակ, Հայաստանի հարևանները չորսն են: Նրանցից երկուսի հետ ու երկուսի կոմունիկացիաներից օգտվելով՝ Հայաստանը բավականին արդյունավետ «առևտուր անում էր»: Փաշինյանն ու ՔՊ-ն, ասելով «հարևաններ», չգիտես ինչու, նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ «առևտուր անելը» նրանց մտասևեռումն է՝ դեռևս Փաշինյանի «ընդդիմադիր աշխատելու» ժամանակներից: Թե ինչպես են կարողանում Փաշինյանն ու ՔՊ-ն ադրբեջանաթուրքական տանդեմի հետ «առևտուր անել», ամենից ակնառու վկայում են հայաթափված Արցախը, թշնամուն հանձնված հայկական տարածքները…
Լավ, իսկ, օրինակ՝ Ալիևն ի՞նչ է պատկերացնում, երբ խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» մասին: Ցավոք, դա նույնպես դժվար չէ պատկերացնել և ընկալել, եթե, իհարկե, չես ուզում չընկալել: Եթե խիստ հակիրճ, ապա Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» այն է, որ Հայաստանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»: Ալիևի ու ադրբեջանական իշխանությունների, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական «խալխի» պատկերացրած «խաղաղությունը» նկարագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով. ա) Սյունիքով ու ոչ միայն Սյունիքով ազատ ու անխոչընդոտ, անվերահսկելի անցուդարձ (սա՝ լավագույն դեպքում), բ) Հայաստանի զինված ուժերի թվաքանակի բազմապատիկ սահմանափակում՝ ծանր սպառազինություն ունենալու արգելքով, գ) «պատերազմական հանցագործների» (Արցախի ազատամարտի ու Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների) ազատազրկում, դ) Հայաստանի կողմից ահռելի «ռազմատուգանքների» հանձնառություն, իսկ եթե գումարով ՀՀ-ն անկարող է վճարել, ապա հատուցում՝ տարածքային հավել յալ զիջումներով, ե) մի քանի հարյուր հազար ադրբեջանական թուրքերի բնակեցում ՀՀ վերահսկողության տակ մնացած տարածքներում, տվյալ ադրբեջանական «վերաբնակների» բոլոր կարիքների ու քմահաճույքների արագընթաց բավարարում և այլն…
Եվ ի՞նչ, շա՞տ հրապուրիչ «ապագա կա» է կամ «խաղաղության խաչմերուկ»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։