Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում դրա փոխարեն կարելի էր անցկացնել, օրինակ՝ նավթային ռեսուրսների անխնա օգտագործման ու մթնոլորտի աղտոտման համաժողով. «Փաստ»

Նոյեմբեր 14,2024 10:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ադրբեջանի՝ միջազգային մակարդակում իր հեղինակությունը նոր աստիճանի բարձրացնելու ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։ Դրա հետ միասին՝ համաժողովն առիթ է դառնում, որ միջազգային լրատվամիջոցները և տարբեր կազմակերպություններ բարձրացնեն Ադրբեջանի՝ ավտորիտար ու բռնատիրական վարչակարգ ունենալու հանգամանքը, մի երկիր, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն ընդհանրապես տեղ չունեն։ Մյուս կողմից էլ՝ նշվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրագործված հանցագործությունների փաստը։
Իրավապաշտպան կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են Արցախի անմարդկային շրջափակման, ապա արցախահայերի բռնագաղթի մասին։ Ու միջազգային տարբեր շրջանակների կողմից օրակարգ է բերվում նաև արցախահայերի վերադարձի թեման։ Այս ֆոնին ընդգծվում է այն հանգամանքը, որ Բաքվում տեղի ունենալիք կլիմայական համաժողովը նմանվում է ընդամենը երեսպաշտության, քանի որ այդ երկիրն իր եկամուտները ստանում է միայն նավթի ու գազի արտահանումից, որի արդյունքում ներդրում է ունենում մթնոլորտի աղտոտման ու գլոբալ տաքացման պրոցեսում։ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98 %-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից: Վերջերս էլ լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն դեպքը, երբ կլիմայական համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները: Փաստացի՝ Բաքուն կլիմայական ամենախոշոր միջոցառումն օգտագործում է շրջակա միջավայրն աղտոտող իր ածխաջրածնային ռեսուրսների վաճառքն ավելացնելու նպատակով։
Վերջին տարիների իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանի քայլերը ընդհանուր առմամբ միտված են կլիմայական բացասական փոփոխություններին, քանի որ այդ երկիրը մտադիր է ավելացնել իր էներգակիրների՝ մասնավորապես գազի մատակարարումը դեպի Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազին։ Լիովին անտրամաբանական է, թե այս պարագայում COP29-ի անցկացումն Ադրբեջանում ինչ կլիմայական հարց է ընդունակ լուծելու։ Բաքվում դրա փոխարեն կարելի էր անցկացնել, օրինակ՝ նավթային ռեսուրսների անխնա օգտագործման ու մթնոլորտի աղտոտման համաժողով։ Անգամ կլիմայական հարցերով ակտիվիստներն են այս խնդիրները բարձրացնում, ու պատահական չէ, որ Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Օրինակ՝ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցում էր Վրաստանում անցկացվող ցույցին՝ ի նշան Ադրբեջանի դեմ բողոքի, որը հյուրընկալել է ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաժողովը:
Ի դեպ, նա երեկ ժամանել է Երևան: Ու եթե համեմատելու լինենք անցած տարի Դուբայում տեղի ունեցած COP28-ի հետ, որի ժամանակ շատ բարձր մակարդակի ներկայացուցչություն էր ապահովվել, ապա Բաքվի համաժողովը կարելի է համարել ստվերված մի միջոցառում, որի նպատակը նույնիսկ պարզ չէ, երբ իրապես կլիմայական հարցերին անդրադառնալու փոխարեն այդ երկրի ուշք ու միտքը կա՛մ նավթային ու սպառազինությունների ձեռքբերման գործարքներն են, կա՛մ էլ Հայաստանին սպառնալը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930