Լրահոս
Օրվա լրահոսը

Մարատ Ատովմյան. «Կոռուպցիոն սխեմաներ եւ այլ չարաշահումներ ավելի շատ արձանագրվում են բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում»

Նոյեմբեր 13,2024 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում կոռուպցիայի խնդիրը ոչ միայն չի վերանում, այլեւ հասարակության մեջ համոզմունք կա, որ այսօր երկրում մեծ ծավալի կոռուպցիա, անարդարություններ ու ապօրինություններ գոյություն ունեն, որոնց դեմ պայքարը գնալով դժվարանում է:

Թեմայի շուրջ «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը: Նա արձանագրեց. «Կոռուպցիոն սխեմաներ եւ այլ չարաշահումներ ավելի շատ արձանագրվում են բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Դա էլիտար կոռուպցիան է, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները ամենօրյա ռեժիմով չեն շփվում քաղաքացիների գետ, այնտեղ դրույքները շատ ավելի բարձր են եւ այնտեղ ամեն ինչ քողարկված է: Կան քաղաքական, միջազգային եւ կոռուպցիայի այլ դրսեւորումներ, որոնք որպես կանոն մինչեւ վերջ չեն բացահայտվում: Համենայն դեպս, այդպիսի տեղեկատվություն հասարակությունը գրեթե չի ստանում: Դրա պատճառներից մեկն այն է, որ հնարավոր չէ, օրինակ, պաշտոնյայի աշխատասենյակում տեսախցիկ տեղադրել կամ դռան առջեւ ոստիկան կանգնեցնել, որպեսզի հետեւի, թե ով է ներս մտնում, ինչ են խոսում եւ կոռուպցիոն ինչ սխեմա է իրականացվում:

Բայց դա բնորոշ է նաեւ ամբողջ աշխարհին ու շատ դժվար է պայքարել քաղաքական կոռուպցիայի դեմ: Մինչդեռ, անհամեմատ հեշտ է պայքարելը ստորին մակարդակներում, որովհետեւ դեռ 2008/09 թվականներից ներդրված բարեփոխումները՝ մեկ պատուհանի ստեղծում, տեսախցիկներ, էլեկտրոնային գործիքների տեղադրում եւ այլն, տալիս են իրենց պտուղները՝ նվազագույնի հասցնելով պաշտոնյայի եւ քաղաքացու շփումը:

Մասնավորապես, արդյունավետ է ունեցվածքի, ծախսերի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը: Իսկ այն երկրներում, որտեղ ձեւավորվել է կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ավանդույթ, կարեւոր գործիք է նաեւ իրազեկման գործընթացի ներդրումը, ինչի արդյունքում չինովնիկին ձեռք չի տալիս նման քայլի գնալը եւ նա ավելի լուրջ է մտածում: Իսկ քաղաքացին, որը ահազանգել է կոնկրետ դեպքով կոռուպցիայի առկայության կասկածի մասին, տեղեկությունը ապացուցվելու պարագայում խրախուսանք է ստանում իր քաղաքացիական պարտքը կատարելու համար»,-ասաց փաստաբանը:

Կոնկրետ օրինակով դիտարկմանը, որ մոտ երկու տարի առաջ հանրությանը ալեկոծեց առանց ակցիզի մի ամբողջ ինքնաթիռ ծխախոտի արտահանման պատմությունը, ինչը, բնականաբար, հնարավոր չէր լինի առանց շատ բարձր մակարդակով հովանավորչության, սակայն մինչեւ հիմա ոչինչ հրապարակված չէ. ոչ անուններ, ոչ գործարքի մանրամասներ եւ ոչ էլ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին տեղեկություններ:

Հետեւաբար, այդ սկանդալային գործարքը բացահայտելուն, պատժի ենթարկելուն եւ հանրությանը իրազեկելուն կոչված կառույցները եւ անձինք, որոնք դա չեն անում, արդյո՞ք, այդ կոռուպցիոն գործարքի ակամա կամ միտումնավոր մասնակիցներ չեն, Մարատ Ատովմյանը պատասխանեց. «Այդ մարմինները, որոնք կոչված են բացահայտել, թափանցիկության հաշվետվողականության  խնդիր ունեն: Ընդհանրապես, հովանավորչությունը՝ նեպոտիզմը, մեր մոտ շատ  տարածված երեւույթ է եւ հովանավորչությունը միանշանակ կոռուպցիայի դրսեւորումներից է հենց կոռուպցիայի ընկալման տեսակետից, եթե կան հովանավորչության, պարտակման դեպքեր»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930