2020 թվականին սփյուռքահայ գործարարի կողմից Արցախի ՊԲ-ին նվիրաբերված մեքենայի վաճառքի հանվելու դեպքով դեռեւս որեւէ անձի նկատմամբ չկա քրեական հետապնդում: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերի հասնող վստահված գույքի հափշտակում):
Հիշեցնենք, «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Գույումճյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ 2020թ. հոկտեմբերի 6-ին «Foton Tuland» մակնիշի LVAV2MWB3FJ գործարանային համարի ավտոմեքենան նվիրատվությամբ հանձնել է Արցախի հանրապետության ՊԲ-ին եւ այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջերին տեղեկացել է, որ նշված մեքենան «list.am» կայքով վաճառում են: Սփյուռքահայ գործարարը իրավապահներին նաեւ հայտնել է, որ մեքենան նվիրելու պահին արժեցել է 33.000 դոլար:
«Հաղորդումը ստացվել է, դրա հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթը նոր է նախաձեռնվել, դեռևս ուսումնասիրություն է կատարվում գործարքի իրավական հիմքերի առնչությամբ, դեռևս վաղ է որևէ գնահատական տալ, հետևաբար այս պահին դեռ ժամանակավրեպ է որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել-չհարուցելու հարցին անդրադառնալը»,- Aravot.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ մեքենայի վաճառքի գործա՞րքի մասին է խոսքը, այդպիսի գործարք եղե՞լ է, ի պատասխան՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Վարույթը նոր է, հանգամանքները ստուգվում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ