Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը

Նոյեմբեր 13,2024 20:30

ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է: Այս մասին պատահաբար տեղեկացանք ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանից, քանի որ ցանկանում էինք նյութ պատրաստել ամբիոնի մասին: Նա հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, որ մի քանի ամսից Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը չի լինելու, հետեւաբար անիմաստ է համարում ամբիոնի մասին խոսելը: Ասաց, որ ամբիոնի տարբեր մասեր միանալու են այլ ամբիոնների:

Հետաքրքրվեցինք՝ այսինքն Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը չի՞ լինելու: «Մեծ գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը, հոգաբարձուների խորհուրդը չեմ կարծում, թե չի հաստատի, եւ դրանից հետո հարցը կփակվի»,-արձագանքեց պարոն Բադալյանը: Ստացվում է, փաստորեն, ամբիոնը տարրալուծվելու է մի քանի այլ ամբիոնների միջեւ :

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ԵՊՀ Մամուլի խոսնակ Քնար Միսակյանից: Հարցրինք՝ արդյոք փակվում է Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը: Նա ընդամենը հետեւյալը փոխանցեց. «ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նաեւ ամբիոններ են միավորվելու, բայց այս պահի դրությամբ նոր ստեղծվող ամբիոնների անունները դեռես հստակեցված չեն: Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»:

ԵՊՀ կայքում ամբիոնի մասին ժլատ տեղեկություններ կան: Օրինակ, նշված է, որ 2009 թ. Վ. Համբարձումյանի անվան Աստղաֆիզիկայի ամբիոնը միացվել է Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին, եւ միացյալ ամբիոնը մինչ այժմ կոչվում է Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և Աստղաֆիզիկայի ամբիոն: Նշված է նաեւ, որ Աստղաֆիզիկայի ամբիոնը բացվել է 1945 թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ով մինչեւ 1994 թ. եղել է ամբիոնի վարիչ:

Իսկ ԵՊՀ հին կայքում Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի մասին տեղեկություններն ավելի շատ էին, մասնավորապես նշված էր. «Ամբիոնի անբաժան մաս է կազմում ԵՊՀ աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1933 թ.։ Հենց այստեղ են կատարվել առաջին աստղագիտական ուսումնասիրությունները: Այստեղ է գործել նաև Երկրի արհեստական արբանյակների դիտման կայանը, որն այդ ժամանակաշրջանում միակն էր Կովկասում: 1957 – 1980 թթ. այն ղեկավարել է պրոֆ. Բ.Ե. Թումանյանը, այնուհետև ղեկավարն էր պրոֆ. Մ.Ա. Ղազարյանը: Արհեստական արբանյակների դիտման կայանը գործել է մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:
ԵՊՀ աստղադիտարանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ծառայում են որպես ուսումնական և գիտական բազա ամբիոնի համար:

Աստղաֆիզիկոսների խմբի կողմից կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ թիթեղների վրա հայտնաբերված նոր գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաների և աստղերի ուսումնասիրություն, սպեկտրալ-լուսաչափական և վիճակագրական ուսումնասիրություն, թիթեղների թվայնացում և նոր օբյեկտների հայտնաբերում»:
Նշված է նաեւ, որ ամբիոնը պատրաստում է «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսներ»։

Aravot.am-ը Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի կարեւորության մասին զրուցեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, որը մեզանից տեղեկացավ խնդրի մասին: «Վիկտոր Համբարձումյանը Աստղաֆիզիկայի ամբիոնը ստեղծել է դեռեւս 1944թ, այսինքն՝ Հայաստան գալու առաջին տարվա ընթացքում, որովհետեւ շատ մեծ կարեւորություն է դրան տվել: Այն ժամանակ արդեն Համբարձումյանը հասկանում էր, թե աստղաֆիզիկան ինչքան կարեւոր է: Վերջին տարիներին աստղաֆիզիկայի կարեւորությունը էլ ավելի մեծանում է, եւ դա երեւում է նաեւ Նոբելյան մրցանակներից: Վերջին 20 տարում 6 անգամ աստղագետներն են ստացել Նոբելյան մրցանակ, ավելի ճիշտ՝ հենց աստղագիտական թեմաներով աշխատանքները:

Ժամանակակից ֆիզիկոսների զգալի մասը զբաղվում է աստղաֆիզիկական թեմաներով՝ սեւ խոռոչներով, տիեզերաբանությամբ եւ այլն: Մեր համալսարանում եւս լավագույն ֆիզիկոսները եղել են աստղագիտական թեմաներով աշխատող գիտնականները:

Ի դեպ, Վիկտոր Համբարձումյանը ստեղծել է Խորհրդային Միության մեջ աստղաֆիզիկայի առաջին ամբիոնը դեռեւս 1934թ՝ Լենինգրադի ներկայիս Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում: Նա առաջին մարդն էր, որ աստղաֆիզիկայի կարեւորությունը հասկացավ: Մինչ այդ աստղագիտություն էին անցնում, հետո աստղաֆիզիկան սկսեց լայնորեն զարգանալ»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Ապա հավելեց. «Ես զարմանում եմ, որ ներկայումս ոչ մի արժեքի հետ հաշվի չեն նստում: Աշխարհում աստղաֆիզիկայի կարեւորությունը մեծանում է,նույնիսկ հարակից գիտություններն են զարգանում՝ աստղակենսաբանություն, աստղաքիմիա, աստղաինֆորմատիկա, իսկ մեզ մոտ հակառակն է տեղի ունենում, գնալով ավելի մոռանում են, կարեւորությունը նսեմացնում՝ չգիտես թե ինչ սկզբունքներից ելնելով:

Ես չգիտեմ, թե դա ում որոշումն է, կամ ում կողմից է քննարկվել, մենք ընդհանրապես դրան չենք մասնակցել: Հայաստանում կա աստղաֆիզիկայի խոշոր կենտրոն, դա Բյուրականի աստղադիտարանն է, բայց մեզ ընդհանրապես հաշվի չեն առնել: Իհարկե կարող են ասել՝ Երեւանի պետական համալսարանը անկախ հաստատություն է, բայց եթե մեր փոքր երկրում ամեն մեկս մեկուսանանք ու առանձին աշխատենք՝ ոչ մի կապ չունենալով իրար հետ, դա շատ կոպիտ սխալ կլինի: Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը փակելու որոշում կայացնելու դեպքում պետք է առաջինը հաշվի նստեին Բյուրականի աստղադիտարանի հետ, հարցնեին պրոֆեսիոնալ աստղագետների կարծիքը: Ցավոք, նման քայլերը աստիճանաբար տեղի են ունենում, եւ վերջերս էլ քանիցս ականատես ենք լինում, որ աստղաֆիզիկայի դասընթացը, դասավանդումը այնպես չի արվում, ինչպես ցանկալի կլիներ»:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ արշավ էր սկսվել նաեւ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի դեմ: Այսօր արդեն ԵՊՀ ռեկտոր, իսկ 2019-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Բյուրականի աստղադիտարանը վերածվել է թանգարանի եւ իբր այնտեղ խախտումներ են հայտնաբերվել, ինչը, բնականաբար, հերքվեց: Իսկ 2021-ին Հովհաննիսյանն առաջարկում էր Աստղադիտարանի կարգավիճակը փոխել, ինչին Աստղադիտարանի կոլեկտիվը դեմ էր արտահայտվել:

Ինչ վերաբերվում է Վիկտոր Համբարձումյանին, նա 20-րդ դարի մեծագույն գիտնականներից է, ում անունը եւ հիմնադրած Բյուրականի աստղադիտարանը Հայաստանի այցեքարտն են: Մի քանի տարի առաջ Վիկտոր Համբարձումյանի ու Աստղադիտարանի շնորհիվ աշխարհին հայտնի դարձած փոքրիկ Բյուրականը հայտնվել էր աշխարհի 10 խոշորագույն քաղաքների (Փարիզ, Հռոմ, Պեկին, Վիեննա, Ռիո դե Ժանեյրո, Պրահա եւ այլն) ցանկում, որտեղ ամենահաճախն են տեղի ունեցել միջազգային գիտաժողովներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Աստղադիտարանի նկատմամբ քայլարշավը շարունակվում է մինչ այսօր` նույն մարդու գլխավորությամբ, չնայած նրան, որ մի քանի դատերի ընթացքում հերքվեցին տեղեկությունները։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930