Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, որը օրերս Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանի հետ ձերբակալվել էր թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, այնուհետ ազատ արձակվել, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ի դեպ, նա շարքային ՔՊ-ական չէր, այլ կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ էր։
Նա այս մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․
«Հարգելի՛ գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի՛ անդամներ,
հաշվի առնելով վերջին օրերի իրադարձություններն, ինչպես նաև որոշ լրատվականների բարձրացրած աղմուկն իմ անձի շուրջ, որոշում եմ կայացրել սեփական դիմումիս համաձայն դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի կազմից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Կայացրել եմ նման որոշում, քանի որ չեմ ուզում իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձիք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»։
Նկատենք, որ Վարուժան Խոջումյանը ՔՊ-ն լքելու մասին հայտարարություն արեց ՔՊ վարչության երեկվա նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել էր Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը։
Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի, նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի համայնքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, հնարավոր է, իրենց մոտ թմրանյութ ունենան։
Համայնքային ոստիկանները օպերատիվ ժամանում են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալում են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջումյանին։ Վերջիններս «Opel»-ով տեղափոխվում են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։
Վ. Խոջումյանի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Խոջումյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար, նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:
Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը»։