«Ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ։ Մի քիչ կարող է տարօրինակ հնչել նույնիսկ, որ այդքան երկար խոսակցություն կամ վաղուց, կամ ընդհանրապես չէինք ունեցել»,-խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի մանրամասներ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ գագաթաժողովի ժամանակ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումների մասին։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գագաթաժողովին մասնակցությունը կարևոր ու արդյունավետ էր և շարունակեց․ «Մենք՝ գոնե ես, զգում էինք, որ մի փոքր էլ կոռեկտության խնդիր կա, մյուս երկրների լիդերները ելույթ են ունենում, իսկ մենք (ինքն ու Իլհամ Ալիևը,-խմբ․) այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում։ Բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ։ Եվ քանի որ հարցը տվել եք, ես էլ էս ամբիոն եմ բարձրացել, ասեմ՝ ինչի մասին է եղել խոսակցությունը հնարավորի սահմաններում։
Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության և գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություններ պատրաստվում կողք կողքի ապրել։ Սա ամենահիմնարար հարցն է, և նաև պիտի ասեմ, որ ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ Ըստ էության գործարքի մասին պատկերացումները հենվում են իրական Հայաստանի հայեցակարգի վրա։ Մեր տեսակետն ու դիրքորոշումը և այդ խոսակցությունը, իհարկե, կարևոր եմ համարում, չնայած այդ խոսակցությունը դեռ պետք է քաղաքական դրսևորում ունենա։ Այն, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, ԱԳ նախարարն ասաց։ Սահմանազատման հետ կապված գործընթացներն արդեն ամբողջությամբ բաց ու թափանցիկ են»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ