Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնելիությունից մինչև ազգային անվտանգություն․ ՄՕՄ կենտրոնի առաքելությունը

Նոյեմբեր 13,2024 22:00

«Մենք պետք է գիտակցենք, որ ծնելիության մակարդակն ու ազգային անվտանգությունը կապված են ուղիղ գծով»․ համոզված է բժշկական մարդաբան, դուլա, ՄՕՄ կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանը, որի հետ զրուցել ենք Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված կարևոր քայլերի և ՄՕՄ կենտրոնի առաքելության մասին՝ ընդհանուր առմամբ։ 

-Ե՞րբ և ի՞նչ նպատակով է հիմնադրվել Միշել Օդեն Մայր կենտրոնը, որո՞նք են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները։

-Միշել Օդեն Մայր կենտրոնը ստեղծվել է 2022 թ․-ին՝ անվանակոչվելով ֆրանսիացի հեղափոխական մանկաբարձ-գինեկոլոգ Միշել Օդենի պատվին, որը հսկայական ազդեցություն է ունեցել մանկաբարձության ոլորտի բարելավման վրա և մեծ փոփոխություններ է բերել Եվրոպայում, հետո նաև՝ ամբողջ աշխարհում։ Նրա գրքերն ու գիտական հոդվածները հազարավոր մարդիկ են կարդացել ու ներշնչվել նրա գաղափարախոսությամբ, և, կարելի է ասել, համակարգեր են փոխվել այդ գաղափարախոսության ազդեցությունից։ Աշխարհի տարբեր երկրների կառավարություններ հրավիրում են այս գիտնականին՝ համակարգային փոփոխություններ կատարելու և ռազմավարություն մշակելու համար։ Միշել Օդենը 2022 թ․-ին՝ 92 տարեկան հասակում, այցելեց նաև Հայաստան։ Մեզ համար պատիվ էր մոր և մանկան առողջությանը նվիրված մեր առաջին միջազգային սիմպոզիումի շրջանակներում թե՛ նրան հյուրընկալելը, թե՛ իր անվամբ կենտրոն ունենալը։

Դոկտոր Օդենը ծնունդին հաջորդած առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման նախաձեռնության (1977), ծննդաբերության ժամանակ լողավազանների կիրառման (1983) և «ցավի տեսության առաջնային կառավարման» գինեկոլոգներին վերաբերող տեսության (1975) վերաբերյալ առաջին հոդվածների հեղինակն է: Նա ներմուծել է «սիրո հորմոն» տերմինը, որը վերաբերում է օքսիտոցինին;

Միշել Օդեն Մայր կենտրոնի նպատակը հղիության ընթացքում և հետծննդաբերական շրջանում կանանց համար բազմակողմանի, գիտահեն խնամք ապահովելն է։ Մեր գործունեության հիմնական ոլորտները երեքն են՝ մայրերի, հայրերի, առհասարակ ընտանիքների կրթության ու գիտակցության բարձրացումը, բժիշկների ու բուժաշխատողների վերապատրաստումը և սերտ աշխատանքն ադմինիստրացիայի հետ, ինչի արդյունքում մեր նորարարական առաջարկների հիման վրա ավելի լավ մեթոդաբանություն և ուղեցույցներ կմշակվեն։

Ինչո՞ւ է մեր աշխատելաձևը եռաճյուղ, քանի որ մենք հասկացել ենք, որ միայն մայրիկների հետ աշխատելու դեպքում համակարգը պատրաստ չի լինի բոլոր պահանջները բավարարելուն, իսկ մենք չենք կարող անտեսել մեր երկրի մանկաբարձական համակարգի ռազմավարությունը, բուժաշխատողների կարիքները և այլն։

Ըստ այդմ էլ հասկացանք, որ պետք է միավորել այս երեք ճյուղերն ու կամրջել, հետադարձ կապ ստեղծել՝ բարձրացնելով շահառուների իրավունքները հարգող հարցեր, ինչպես նաև բուժանձնակազմի կարիքների, և դրանց մասին պետության, ադմինիստրացիայի մոտ խոսել, քանի որ առանց այդ կարիքների գնահատման և բավարարման մենք չենք կարող ունենալ լավ համակարգ, որը կնպաստի մոր և մանկան առողջությանը։ Եթե, օրինակ, բժիշկը հոգնած է, հուզականորեն տապալված ու վատ է վարձատրվում, այդպիսի միջավայրում դժվար է պատկերացնել բարեհաջող ծննդաբերություն։ Կարևորելով բոլորի կարիքները, ինչպես նաև պետության շահը՝ մենք հարցը քննում ենք բազմակողմանիորեն՝ հանրային առողջապահության տեսանկյունից ու փորձում համակարգային բարելավումներ կատարել՝ համագործակցելով ոլորտի պատասխանատուների հետ։

-Իսկ այդ համագործակցությունը կայանո՞ւմ է։

-Կարծում եմ՝ այո։ Մենք, օրինակ, առողջապահության նախարարությանն առաջարկել ենք դուլաներին ընդգրկել մանկաբարձական թիմի մեջ, բացել ծննդատների դռները դուլաների առջև, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ծննդաբերության ժամանակ աջակից անձանց՝ դուլաների ներկայությունը դրական արդյունքներ է բերում թե՛ մայրերի, թե՛ երեխաների համար։ Մեզ մոտ այդպիսի հարց է կեսարյանների, այսպես ասած, էպիդեմիան, քանի որ կեսարյան հատումով ծննդալուծումների միջին թիվը երկրում 38,7 տոկոս է, որոշ ծննդատներում հասնում է մինչև 50 տոկոսի։ Համեմատության համար նշեմ, որ 90-ականներին այդ թիվը 3,4 տոկոս է եղել։

Դուլաների՝ մանկաբարձական թիմում ընդգրկվելը կարևոր քայլ կլինի՝ միտված այսօրվա որոշ ճգնաժամային հարցերի լուծմանը։

-Դուլան ինչպե՞ս կարող է նպաստել կեսարյան հատումների քանակի նվազեցմանը, և առհասարակ, ի՞նչ են անում դուլաները։

-Աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաև մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ 25- 40 տոկոսով կեսարյանները կանխարգելվում են, եթե ծննդաբերությունը դուլայի հետ է տեղի ունենում։ Նշենք, որ մայրիկների մի մասը հենց իրենք են ուզում կեսարյանով ունենալ, սակայն դուլայի հետ աշխատելիս նրանց մոտեցումը փոխվում է։ Դուլաներն իրենց աշխատանքի մեջ ունեն 4 գործառույթ։

Առաջինը տեղեկատվության տրամադրումն է․ ճիշտ է, դուլաները բժիշկներ չեն, սակայն նրանք տիրապետում են այն գիտելիքներին, որոնք հարկավոր են կնոջը ֆիզիոլոգիական նորմալ ծննդաբերության ուղղորդելու համար, ահա թե ինչու կանայք, որոնք դուլայի հետ են աշխատել հղիության ընթացքում, միտված են գիտակցելու, որ իրենց մարմինը լիարժեք, կատարյալ «գործիք» է ծննդաբերության բնականոն գործընթացն ապահովելու համար։

Երկրորդ գործառույթը հղիի ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելն է, բնական ցավերին դիմակայելուն միտված ֆիզիկական, շնչառական վարժություններ սովորեցնելը, որպեսզի կինը գնա ինքնուրույն ծննդաբերության՝ պատրաստ իր մարմնով, մտքով, հոգեհուզական վիճակով և կարողանա նաև տեղեկացված որոշումներ կայացնել ծննդաբերական ընթացքի բժշկական գործողությունների շուրջ։ Ցավոք, նշեմ, որ այս բարձր գիտակցությամբ հղիների պակասը մեծ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, անգամ զարգացած երկրներում, որտեղ բժշկական սպասարկման որակը շատ բարձր է, կան մայրության դպրոցներ և այլն։

Մի հետազոտության համաձայն՝ հղիների մոտ 78 տոկոսն ուժեղ վախի դաշտում են գտնվում, երբ գնում են ծննդաբերության։ Հղիների մոտ 10 տոկոսը ծննդաբերության գնալիս մտածում են՝ դե լավ, ինչ լինելու է՝ կլինի, կամ ապավինում են նախախնամությանը, Աստծուն, բժշկական համակարգին, այսինքն՝ անձնական պատրաստվածությունը, պատասխանատվությունը դնում են իրենց անձից դուրս ինչ-որ մի ուժի, համակարգի կամ մասնագետի վրա։

Այս պարագայում նույնպես հետազոտությունը ցույց է տվել, որ վատ ելքեր կան։ Միայն փոքր՝ տասը տոկոսից պակաս դեպքերում է, որ կանայք գիտակից, պատրաստված գնում են ծննդաբերության։ Եվ սա ամենակարևոր ներդրումն է, որ կարող է անել դուլան հղի կնոջ հետ աշխատելիս։ Դուլան նաև ուղեկցում է կնոջը ծննդաբերության ժամանակ, և դուլայի հաջորդ՝ ֆիզիկական գործառույթը շատ լավ երևում է հենց այդ ժամանակ, երբ շարունակական, անընդմեջ աջակցություն է տրվում հղի կնոջը կամ ծննդաբերին, և դա մեծ առավելություն է նրա համար, քանի որ կա մարդ, որն անընդհատ նրան հսկում է և աջակցում։

Երբեմն բուժաշխատողները թերահավատորեն են վերաբերվում դուլայի դերին. այն նախապատրաստական աշխատանքը, որն արել է դուլան, իրենց համար տեսանելի չէ։ Իսկ այդ հարաբերությունն ու վստահությունը, որ արդեն ձևավորվել է հղի կնոջ և դուլայի միջև, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիոլոգիական առումով ամբողջովին փոխում է ծննդաբերության գործընթացը, և այս դեպքում ավելի մեծանում է սպոնտան ծննդաբերության հավանականությունը, որը տեղի է ունենում, երբ կինը լիարժեք խաղաղության, հանգստության մեջ է։

Հետազոտությունները նույնիսկ ցույց են տվել, որ դուլայի հետ ծննդաբերելիս բավականաչափ կրճատվում է ծննդաբերության առաջին ու երկրորդ շրջանի տևողությունը, իսկ որոշ հետազոտություններ էլ ցույց են տվել, որ մինչև 50 տոկոսով բարձրանում է կրծքով սնուցման հավանականությունը, երբ ծննդկանի կողքին դուլա կա, քանի որ ոչ սթրեսային միջավայրում մայրիկը շատ ավելի պատրաստ է սկսել կրծքով սնուցումը։ Նշեմ, որ դուլան նաև կարող է մասնակցել կեսարյանով ծննդաբերության ընթացքին, կեսարյանից հետո՝ երբեմն ըստ անհրաժեշտության գնալով ծննդկանի տուն և հանդես գալով որպես հետծննդաբերական դուլա։

Ծննդաբերությունից հետո տուն գնալն էլ դուլայի մյուս գործառույթն է, ինչպես նաև «ադվոկացիան»՝ հղի կնոջ, ծննդաբերի, նրա ընտանիքի ու երեխայի շահերի պաշտպանությունը։ Այս հարցը շատ կարևորվում է հատկապես այն միջավայրում և ընտանիքներում, որտեղ կան շատ ցածր սոցիալական պայմաններ, շահարկումներ։

Այդպիսի դեպքերում դուլաները միանգամից սոցիալական օղակներին տեղյակ պահելու գործառույթ ունեն։

-Ստացվում է՝ մեկ անձը կարո՞ղ է հսկայական փոփոխություն բերել մանկաբարձական համակարգում, իսկ ինչպե՞ս են այս հարցին մոտենում բժիշկները։

-Դե հիմա եկեք պատկերացնենք դուլաների շնորհիվ նվազում է կեսարյանով ծննդալուծումների քանակը, նվազում է ծննդաբերական գործընթացի տևողությունը, Աբգարի ավելի բարձր սանդղակով բալիկներ են ծնվում, կրծքով սնուցման տոկոսները կտրուկ բարձրանում են, ծննդաբերության փորձառության ընկալումը կնոջ երկարատև հիշողության մեջ շատ ավելի դրական է լինում։

Սրանք այն արդյունքներն են, որոնք մենք ուզում ենք տեսնել մեր մանկաբարձական համակարգում՝ որպես դրական փոփոխություններ, մանավանդ որ պետության համար ոչ մի ծախս չկա, քանի որ դուլան սովորաբար վարձվում է ծննդաբերի կողմից, որն առողջապահության նախարարի հրամանագրով իրավունք ունի աջակից անձ ունենալու ծննդաբերության ժամանակ․ այդ աջակից անձը կարող է լինել ամուսինը, ընտանիքի անդամը, ցանկացած այլ մարդ, կամ էլ որակավորված դուլա։ Բժիշկների մոտեցումը երկակի է։ Մի խումբ բժիշկներ, որոնք ունեցել են հրաշալի արդյունքներ դուլայի հետ, պատկերավոր ասած՝ «երդվում են դուլայի արևով» և շատ ապահով են զգում, երբ իրենց ծննդկանի կողքն աջակից անձ կա։

Որոշ բժիշկներ էլ բողոքում են, որ դուլան կարող է ավելորդ միջամտել, կարծիք ստեղծել պացիենտի մոտ և այլն։ Իրականում դուլան չպետք է միջամտի բժիշկների աշխատանքին և բժշկական հարցում որոշումներ կայացնի․ դա էթիկական չէ, սակայն նա կարող է պացիենտին տրամադրել գիտական նյութեր ԱՀԿ-ի և այլ չափորոշիչներ ստեղծող աղբյուրներից, և դա գուցե ազդի պացիենտի կարծիքի վրա։ Սակայն, ամեն դեպքում, դուլայի և բուժաշխատողի սահմանները չպետք է խախտվեն։

Դուլան նաև կարող է աջակցություն ցուցաբերել հղի կնոջը մանկաբարձական բռնության, չարաշահումների ու շահարկումների դեպքերում, որոնք գուցե Հայաստանում շատ ավելի քիչ են հանդիպում, քան այլ երկրներում, բայց երբեմն – երբեմն մենք տեսնում ենք արտառոց դեպքեր, և մեր պարտականությունն է դրանց մասին ադմինիստրացիային տեղյակ պահել։

Շահարկում կամ ագրեսիա ասելով՝ մենք նկատի ունենք հղի կնոջը վատ վերաբերվելը, դա կարող է դրսևորվել թե՛ ֆիզիկական, թե՛ վերբալ ձևով, ավելորդ միջամտությունները՝ վիրահատական, դեղորայքային, ֆինանսական։ Բռնությունը չի վերաբերում զուտ կնոջը, կարող են լինել նաև նեոնատալ չարաշահումները, գործողությունները, որոնք միտված չեն երեխայի բարօրությանը, բայց ինչ-ինչ պատճառներով հարմար են բուժաշխատողներին, կամ հնուց մնացած պրակտիկաներ են, որոնք այսօր ոչ մի աղերս չունեն գիտահեն պատկերացումների հետ։ Սրանք այն հարցերն են, որոնք մենք պետք է բարձրաձայնենք։ Եթե միանգամից մերժենք ու ասենք, որ այդպիսի բաներ չկան, մենք երբեք չենք կարողանա համակարգային փոփոխություններ բերել։

-Արդյո՞ք նաև «մանկաբարձական բռնության» դրսևորում է հենց ծննդատներում երեխային կաթնախառնուրդով կերակրելուն դրդելը։

-Այո, մեր հանրապետությունում, ցավոք, կաթնախառնուրդների քողարկված, երբեմն էլ բացահայտ գովազդ է գնում, չնայած դա օրենքի խախտում է։ Շատ հաճախ ենք մենք ահազանգեր ստանում տարբեր մարզերից և անգամ երևանյան մեծ կլինիկաներից, որ ոչ միայն մայրիկին չեն աջակցում կրծքով սնուցման հարցում, այլ նաև երբեմն-երբեմն մայրիկի վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, հաճախ մայրիկները, այդ պահին խոցելի վիճակում գտնվելով, տեղի են տալիս և անցնում կաթնախառնուրդի։ Ագրեսիայի այդ դրսևորումը շատ հեշտ է կատարվում, և, ինչպես հաճախ պատմում են մայրիկները, հենց այսպիսի բառերով. «չես տեսնո՞ւմ, որ կաթ չունես», «ուզո՞ւմ ես երեխայիդ սովից սպանես», «այս երեխան ամբողջ գիշեր կլացի», դրդում են բերել հենց կոնկրետ տեսակի կաթնախառնուրդ, ինչն, ըստ երևույթին, նշանակում է, որ տվյալ բուժհաստատությունում տվյալ անձը կապված է որոշակի բրենդի կաթնախառնուրդի հետ։

Իհարկե, ոչ մի մայրիկ չի ուզում սովի մատնել իր փոքրիկին, և այդպիսի պայմաններում շատերը տեղի են տալիս ճնշումներին, բայց մենք գիտենք, որ առաջին 3 օրը մայրիկը խեժ է արտադրելու և ոչ թե հասուն կաթ։ Այդ 3 օրվա ընթացքում մենք պետք է առավելագույն աջակցություն ցուցաբերենք մայրիկին, կրծքով կերակրման խորհրդատվություն տանք, այլ ոչ թե վախեցնենք նրան ու ճնշում գործադրենք, որ նա տեղի տա և անցնի կաթնախառնուրդին։

Որոշ մայրիկներ, որոնք գիտակցված ծննդաբերության են գնում, կտրուկ մերժում են  կաթնախառնուրդներն ու  պայքարում կրծքով սնուցման համար։ Երբեմն  աջակցություն ստանալու փոխարեն իրենք են համոզում բժշկական համակարգին, որ բավականաչափ կաթ ունեն։

Այսպիսի դեպքերի մասին շատ ենք լսում և կուզենայինք, որ այս դեպքերը նվազեին։ Շատ ողջունելի է, որ առողջապահության նախարարության հրամանով ծննդատները պարտավորվում են հաստիքով լակտացիայի՝ կրծքով սնուցման խորհրդատուներ ունենալ։ Սա հանրային առողջապահության բարելավմանն ուղղված արտակարգ քայլ է՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հսկա ազդեցությամբ։

Տեսեք, թե որքան կարևոր է պետական մոտեցումը․ կրծքով սնուցման խրախուսումը հսկայական ազդեցություն ունի թե՛ մոր, թե՛ երեխայի առողջության բարելավման համար։ Մենք գիտենք, որ մայրական կաթն ու կրծքով սնուցումը կանխարգելում է երեխաների հանկարծամահության (SIDS) հավանականության վտանգը մոտ 50 տոկոսով, նվազեցնում է մանկական քաղցկեղների զարգացման հավանականությունը մինչև 20 տոկոսով, իջեցնում է մանկական դիաբետի, ասթմայի, ալերգիաների, էնտերոկոլիտի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։

Կրծքով սնուցումը նաև կնոջ կրծքագեղձի, ինչպես նաև վերարտադրողական համակարգի այլ քաղցկեղների կանխարգելման ամենալավ գործիքներից մեկն է։ Ուստի նախարարության մեկ միտումը՝ ծննդատանն ունենալ մեկ անհատ, որը կօգնի մայրիկներին ծննդատնից կրծքով սնուցման լավ տոկոսներով դուրս գրվել, արդեն իսկ հսկայական քայլ է նշված ուղղություններով։

Բացի պետական չափորոշիչներից պետք է բարձրացնել նաև մայրիկների կրթական շեմը։ Մոր ու մանկան առողջությունը մեր երկրի բարօրության գրավականն է, իսկ մոր կրթված ու գիտակից լինելը՝ առողջ սերունդ ունենալու հիմքը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մոր կրթվածությունից կախված է երեխայի առողջությունը։ ԱՄՆ-ի օրինակով ասեմ՝ որքան բարձր է մոր կրթական մակարդակը, այդքան երկար է նրա՝ կրծքով սնուցման տևողությունը։ Մի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ուղիղ կապ կա մոր կրթության տարիների ու կրծքով սնուցման տևողության միջև։

 -Մանկաբարձական համակարգի բարելավման կարճաժամկետ ազդեցությունը թերևս ավելի տեսանելի է, իսկ երկարաժամկետ ազդեցությունների առումով որքանո՞վ է այն կարևոր։

-Մենք այսօր ունենք 1,6  ծնելիություն և այսպես հեռուն չենք գնալու, ու պետք է գիտակցենք, որ ոչ միայն առողջ սերունդ, այլ բավականաչափ սերունդ պետք է տանք, որ մեր ազգը գոյատևի։ Չունենալ բավականաչափ բնակչության ֆոնդ՝ նշանակում է չունենալ ոչինչ։  40-50 տոկոս հասցնելով կեսարյան հատումներով ծննդալուծումների թիվը՝ մենք բնակչության մեծ ֆոնդի մասին երազել չենք կարող, քանի որ կեսարյանից հետո սահմանափակվում է երեխաների քանակը, մեծանում է երկրորդային անպտղության զարգացման, ընկերքի հիվանդությունների առաջացման, նվազ երեխաներ ունենալու, հաջորդ ծննդաբերությունների ժամանակ մեռելածնության վտանգը։

Մանկաբարձության մեջ այսպիսի ագրեսիվ մոտեցումների պատճառով մենք ստեղծում ենք դեմոգրաֆիկ լուրջ խնդիր։ Մայրերի վախերը և թերի պատրաստվածությունը ծննդաբերական գործընթացին ևս նպաստող գործոն է անտեղի միջամտված, ագրեսիվ ծննդալուծումների։ Մեր հանրապետությունում կեսարյանների 30 տոկոս ցուցումները հիմնված են իբր տեսողության խնդիրների վրա։ Այլ երկրներում այս թիվը 1 տոկոսից ցածր է։ Հաճախ են հղի կանայք մոտենում իրենց բժշկին խնդրանքով, թե «բժիշկ ջան, ես վախենում եմ ծննդաբանությունից, գրիր, որ աչքերս վատ են տեսնում, որպեսզի կեսարյանով ունենամ»։

Մենք պետք է հասկանանք, որ մանկաբարձության կազմակերպման առումով կարևոր դեր ունենք ազգային անվտանգության մեջ։ Ազգային անվտանգությունը միայն երկրի սահմանները, զենք-զինամթերքն ու կառավարության քաղաքականությունը չէ, այլ նաև բնակչության կենսակայուն քանակը: Այսպիսի ժողովրդագրական ճգնաժամի պայմաններում մեր երկրի գոյությունը վտանգված է։ Ցանկացած ներդրում երկրի ցանկացած ոլորտի մեջ անարդյունավետ կլինի առանց մարդկային ռեսուրսի։

Մենք պետք է գիտակցենք, որ ծնելիության մակարդակն ու ազգային անվտանգությունը կապված են ուղիղ գծով։ Մեր կառավարության գործունեությունը պետք է հիմնված լինի այս պարզ ճշմարտության վրա և միտված՝ դեմոգրաֆիկ խնդրի կարգավորմանը։ Սա է ՄՕՄ կենտրոնի առաքելությունը՝ անել առավելագույնը՝ մեր ազգի զարգացման և կենսակայուն հասարակության ստեղծման համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930