Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ Սահմանադրության տեքստը որևէ դրույթ ԼՂ-ի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակում»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 13,2024 18:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում»,- ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց ևս մեկ անգամ ներկայացնել ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին պնդումների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ-ի մասին։ ՀՀ ՍԴ-ն 2024-ի դեկտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն․ «Եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է հայկական ԽՍՀ ԳԽ կողմից՝ ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից»։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի Սահմանադրությանն, ասաց․ «Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991-ի հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Սահմանադրական ակտը հղում է անում 1918-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին։ Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագիրն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919-ի նոյեմբերին Ադրբեջանի հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ․ ՀՀ-ի այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը։ Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի։

Սակայն ՀՀ-ն Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով՝ նախ, որ այդ պահանջները փակուղի կմտցնեն ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։

Ի՞նչ է բխում սրանից։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պետք է այն վավերացվի խորհրդարանում։ Դրանից առաջ կառավարության պարտավորությունն է պայմանագիրն ուղարկել ՍԴ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար։ Սեպտեմբերի 26-ի որոշումից հետո քիչ հավանական է, բայց եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև մենք պետք է ընտրություն ունենանք։ Ստորագրել  ենք խաղաղության պայմանագիր․ ՍԴ-ն, եթե ասել է, որ չի համապատասխանում,  քաղաքական ընտրության հարց է։ Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի ԱԺ-ում։

Սրանից էլ բխում է այն, որ ՀՀ գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերը և օրենքների նորմերի հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարանի վավերացումից հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը վերաբերում է նաև հայելային Ադրբեջանին։ Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930