Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսված բողոքներից մի քանիսը վերաբերում էին բերման ենթարկվելու պահին անհամաչափ ուժի կիրառմանը, բռունցքներով և ոտքերով հարվածներին». CPT զեկույց

Նոյեմբեր 13,2024 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն հրապարակել է սեպտեմբերին Հայաստան այցելած իր պատվիրակության զեկույցը՝ հայաստանյան ոստիկանական հաստատություններում և քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման վիճակի մասին դիտարկումներն ու խորհուրդները։

Ըստ զեկույցի՝ պատվիրակության անդամները այցելել են մի շարք քաղաքներում տեղակայված ոստիկանական բաժանմունքներ և զրուցել բերման ենթարկված անձանց կամ կալանավորների հետ՝ վերջիններիս հանդեպ ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքի առնչությամբ։ Զրուցակիցների մեծ մասը ոստիկանների վերաբերմունքը «կոռեկտ» է որակել։

«Սակայն պատվիրակությունը լսել է ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց նկատմամբ վերջին շրջանում ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին որոշ պնդումներ: Լսված բողոքներից մի քանիսը վերաբերում էին բերման ենթարկվելու պահին անհամաչափ ուժի կիրառմանը, բռունցքներով և ոտքերով հարվածներին», – նշում են զեկույցի հեղինակները։

Զեկույցում անդրադարձ կա նաև ցուցմունք կորզելու նպատակով Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին լուրերին։ Հայաստան այցելած պատվիրակությունը լսել է պնդումներ առ այն, որ նշված մարմինների աշխատակիցներն ապտակել, բռունցքներով և ոտքերով հարվածել են հարցաքննման ենթարկվող անձանց։ Պատվիրակությունը մեկ այլ դեպքի մասին է լսել, որտեղ հարցաքննվողի դեմ էլեկտրաշոկեր են կիրառվել։

Հանձնաժողովը հայկական իշխանություններին խնդրում է տեղեկատվություն տրամադրել նշված դեպքերի հետ կապված հետաքննությունների արդյունքների վերաբերյալ։

Հանձնաժողովը ողջունում է Հայաստանի նոր Քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին։ Ուսումնասիրության արդյունքում՝ Հանձնաժողովը փաստում է, որ բերման ենթարկված մնալու օրենքով սահմանված ժամկետները հարգվել են։ Եվրոպական կառույցը դրական փոփոխություն է համարում նաև ոստիկանության աշխատակիցների կողմից «ոչ-պաշտոնական զրույցներից» հրաժարվելը:

Թեեւ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների պահման պայմաններում Հանձնաժողովը դրական տեղաշարժ է արձանագրել, նրանք միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնել բանտային մշակույթի հետ կապված․ «Հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքերը՝ բանտարկյալների միջև բռնությունը, ահաբեկումը, շորթումը և շահագործումը բացառելու համար»։

Զեկույցը նաև կոչ է անում «հաստատակամ» քայլեր ձեռնարկել բանտային «ոչ-պաշտոնական հիերարխիան» արմատախիլ անելու համար։

Պատվիրակությունը պարզել է, որ բանտարկյալներին տաք ջրով լոգանքի շաբաթական մեկ հնարավորություն է ընձեռվում։ Խորհուրդ է տրվում տաք ջրով լոգանքը դարձնել ամենօրյա հնարավորություն, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա դա կազմակերպել շաբաթական առնվազն երկու անգամ։

Հայաստանի իշխանություններին Հանձնաժողովը խորհուրդ է տալիս նաև քայլեր ձեռնարկել ցմահ դատապարտյալների և բանտարկված օտարերկրացիների նկատմամբ խտրականությունը բացառելու համար։ Հայերենին չտիրապետող անձինք պետք է պատշաճ հաղորդակցման հնարավորություններ ունենան, հատկապես երբ առողջության հետ կապված խնդիրներ ունեն։

Հանձնաժողովը շեշտում է նաև քրեակատարողական հիմնարկներում և՛ հոգեբանների, և՛ հոգեբույժերի հասանելիության կարևորությունը։

Հանձնաժողովը նաև ցանկանում է տեղեկատվություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ պատվիրակության այցից 15 օր առաջ տեղի ունեցած ինքնասպանության դեպքի մանրամասների մասին։ Ինքնասպանություն կատարած բանտարկյալի բերանի մեջ հայտնաբերվել էր թուղթ՝ խոշտանգման ենթարկվելու մասին գրությամբ։

Զեկույցում նաև հատուկ ուշադրություն է հրավիրվում կալանավորման և բանտարկման վայրերում կանանց հատուկ կարիքների պատշաճ հասցեագրմանը՝ հաշվի առնելով կանանց կենսաբանական և սեռական հատկանիշները։

Հայկական իշխանություններին նաև խորհուրդ է տրվում անազատության մեջ պահվող անչափահասներին օժտել բացօթյա զբաղմունքների հնարավորություններով, օրական առնվազն երկու ժամ տևողությամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930