Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Այսպես է լինում, երբ մի ավանտյուրիստ, շոումեն դառնում է երկրի ղեկավար: Մի շոումեն էլ Սահակաշվիլին էր, մի շոումեն էլ Հայաստանում է»

Նոյեմբեր 13,2024 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումներին՝ ասաց. «ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը միանշանակ հաղթանակ է տարել: Լա՞վ է դա մեզ համար, թե՞ վատ: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես փաստարկներ չունեմ, որ ավելի լավ կլինի, որովհետեւ նախորդ վարչակազմն ուզում էր Հայաստանի զիջումների հաշվին եւ միջանցքի հարցը լուծել, այս տարածաշրջանից «տշել» ռուսներին: Հայաստանը դա անում էր: Հիմար բաներ էին խոսք տվել Արմեն Գրիգորյանին, թե մոդուլային կայան կկառուցեն, որպեսզի էներգետիկան էլ պոկեն ռուսներից: Հետո անգամ Արմեն Գրիգորյանը հասկացել էր, որ շտապել է, գոնե վիքիպեդիայում չի նայել, թե ինչ բան է մոդուլային կայանը:

Թրամփն այդպիսի բաներ չի անելու: Լա՜վ: Պաշտպանելո՞ւ է մեզ: Ընդհանուր առմամբ, Թրամփը հանրապետական է: Հանրապետականները, ի տարբերություն դեմոկրատների, ավելի քաշ ունեն ներքին քաղաքականության մեջ: Մինչեւ այժմ արած հայտարարություններից, Թրամփը ամենաշատն ասել է, որ ինքը Իսրայելին պաշտպանելու է մինչեւ վերջ: Իսրայելին պաշտպանել՝ կնշանակի դեմ գնալ Իրանին, ինչը մեզ համար լավ չէ: Մենք ուզում ենք հավատալ, եւ ես հույս ունեմ, որ Իրանին Միացյալ Նահանգները մինչեւ վերջ ծնկի չեն բերի կամ չեն կարող բերել:

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին Թրամփն արդեն հայտարարել է, եւ ես հավատում եմ, որ կգնա խաղաղության: Այնպես չի, որ Ռուսաստանին այդ խաղաղությունը այդքան շատ ձեռք է տալիս, որովհետեւ այսօր ռուսական զորքերը հաջող են: Մի քանի օր առաջ ռուսները մեկ օրում 24 կմ առաջ են գնացել: Նրանք համարյա թե ազատագրել են հսկայական Դոնեցկի մարզը, որոշ տեղեր առաջին անգամ ռուսական զորքը ոտքը դրել է Դնեպրի մարզ: Ահագին կտոր վերցրել են Խարկովի մարզից: Միաժամանակ ասվել է Ուկրաինային՝ Զելենսկուն, որ չհամարձակվեք Ղրիմի հարց բարձրացնել:

Զելենսկին արժանանալու է նույն բախտին, ինչ Սահակաշվիլին, իսկ Նիկոլ Փաշինյանը կարժանանա նույն բախտին, ինչ Զելենսկին ու Սահակաշվիլին: Թող սա հիշի: Ես չգիտեմ Հայաստան կլինի, թե չի լինի, բայց ինքն արժանանալու է նրանց բախտին: Վերջին հաշվով վրացական ընտրություններն էլ ցույց տվին, որ վրաց ժողովուրդը մեծ մասով չի ուզում Սահակաշվիլի:

Մոլդովան: Այնտեղ պարտվել են ռեֆերենդումում, որովհետեւ չի մասնակցել 300 հազար Մերձդնեստրը եւ չի մասնակցել շուրջ 500 հազար մոլդովացի, որոնք գտնվում են Ռուսաստանում: Այդ մասին Եվրոպայում գիտեն, բայց չեն բարձրաձայնում: Մոլդովայում ռեֆերենդումը ցույց տվեց, որ Մոլդովա, եթե գնում ես Եվրոպա, թող Մերձդնեստրը, որը երբեք Մոլդովա չի եղել: Ուկրաինա, եթե գնում ես Եվրոպա, թող Ղրիմը եւ Արեւելյան Ուկրաինան, որը կոչվում էր Դոնբաս: Սա է խնդրի էությունը:

Ռուսաստանը եթե ազատվի այդ պատերազմից, լա՞վ կլինեն հայ-ռուսական հարաբերությունները, թե՞ չէ: Ես չգիտեմ: Կլինի իմ ասածը: Ռուսները չեն հաղթի, որովհետեւ Կիեւը չեն կարող վերցնել: Կասկածի տակ եմ դնում, որ Օդեսան ու Նիկոլաեւը կվերցնեն, սակայն չեմ էլ բացառում: Բայց, այնուամենայնիվ, ռուսները կտանեն կիսատ հաղթանակ: Այ, ուկրաինացիները ոչ թե կիսատ պարտություն կունենան, այլ կունենան ջախջախում: Այսպես է լինում, երբ մի ավանտյուրիստ, շոումեն դառնում է երկրի ղեկավար: Մի շոումեն էլ Սահակաշվիլին էր, մի շոումեն էլ Հայաստանում է:

Բոլոր դեպքերում ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը մեզ համար լավ է: Բայց դա չի նշանակում, թե ռուսները կսկսեն քնքշորեն վերաբերվել հայկական խնդիրներին: Սակայն, իհարկե, ավելի շատ ժամանակ կունենան դրանով զբաղվելու: Այս փուլում մեզ համար ամենաճիշտն է, որ թույլ չտանք, որ Հայաստանի այս խելագար ռեժիմը խորացնի հակառուսական հռետորաբանությունը: Դա վնաս է հայ ժողովրդին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930