Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում մտածել, որ Արցախի հարցը փակված է». Արմինե Հարությունյան. «Ապառաժ»

Նոյեմբեր 13,2024 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Արմինե Հարությունյանը ուսուցչուհի է Արցախից։ Տեղահանվելուց հետո ծնողների հետ հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Որպես ուսուցչի օգնական՝ աշխատում է Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի միջնակարգ դպրոցում։

Արմինեն պատմում է.

-Շոշի միջնակարգ դպրոցում էի աշխատում։ Աշխարհագրություն էի դասավանդում, միաժամանակ դպրոցի կազմակերպիչն էի։

Արցախի շրջափակումից հետո ծանր օրեր ենք ունեցել, սակայն կարողացել ենք դիմանալ, պայքարել։ Կարծում էինք՝ շուտով կբացվի կյանքի ճանապարհը, և արցախցիներիս կյանքը կընկնի հունի մեջ։ Սակայն փորձությունները շարունակում էին հետապնդել մեզ։ 2023-ի սեպտեմբերի 19-ը հերթական ողբերգական օրը դարձավ մեզ համար։ Սարսափով եմ հիշում այդ օրը, խուճապի մեջ հայտնված համագյուղացիներիս, որոնք իրենց առօրյա կյանքով էին ապրում ու հանկարծ․․․ Ադրբեջանցիներն արդեն մտել էին գյուղ, կրակում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Մենք մի քանի ուսուցիչների հետ մոտ 6 ժամ մնացինք ռուսական պահակակետի խրամատներում, բնակչության մեծ մասը դպրոցի նկուղում էր։ Մի կերպ տարհանվեցինք գյուղից և սեպտեմբերի 24-ին տեղափոխվեցինք Հայաստան, քանի որ արդեն սկսվել էր Արցախի հայաթափումը։ Ծնողներիս, տատիկիս և քրոջս ընտանիքի հետ նախ հաստատվեցինք Երևանում, ապա ծնողներիս հետ տեղափոխվեցինք Արտաշատ։

Արցախից հեռու Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին։ Միաժամանակ դպրոցում պատվով է կատարում իրեն վերապահված աշխատանքը, հետն էլ Արցախի խորհրդանիշներով գործվածքներ անում։ Ավելի քան 17 տարի նա Ասկերանի ՄՊՍԿ—ի Շոշի մասնաճյուղում ձեռքի աշխատանքներ էր սովորեցնում երեխաներին։

— Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար ցանկացա երկրորդ աշխատանք ևս գտնել։ Սկսեցի շյուղագործությամբ Արցախի խորհրդանիշներով հագուստ գործել։ Նախ ինձ համար գործեցի, հագա և տեղադրեցի սոցիալական իմ էջում։ Անմիջապես արձագանք ստացա։ Ինձ դիմեց արցախցի մի երիտասարդ մայրիկ, ով ցանկանում էր իր զույգ երեխաների համար Արցախի դրոշով բաճկոնակ պատվիրել և երեխաների մեկ տարեկանը հենց այդ հագուստով նշել։ Այնուհետև պատվիրեց Արցախի դրոշներ, և ես մեծ պատասխանատվությամբ գործեցի դրանք։ Գործելու ընթացքում կտրվում եմ առօրյա հոգսերից, ծանր մտքերից և մտքով թռչում Արցախ․․․

Ես չեմ ուզում մտածել, որ Արցախի հարցը փակված է։ Ոչինչ չի կարող փոխարինել Արցախին ու իմ հարազատ Շոշին։

Ամեն առավոտ աղոթում եմ առ Աստված, որ վերադառնանք Արցախ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930