Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրված ֆիլմերի կատարումները՝ սիմֆոնիկ հնչողությամբ». «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» բարեգործական համերգի հասույթը կազմել է 12.5 մլն դրամ

Նոյեմբեր 13,2024 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 Նոյեմբերի 4–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի,Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի և «C-squared» ընկերության կողմից ներկայացված «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին։

Համերգի ընթացքում հնչեցին հայկական ամենասիրված ֆիլմերի մեղեդիները։ Բարեգործական համերգի արդյունքում ստացված ընդհանուր հասույթը (տոմսերի վաճառք և նվիրաբերություններ) կազմել է 12.5 մլն ՀՀ դրամ, որի 10%-ը կուղղվի Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին (ֆիլմը իրական պատմություն է՝ հիմնված ավելի քան 40 բժիշկների հիշողությունների և անձնական պատմությունների վրա), իսկ մյուս մասը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը, ամփոփելով համերգը, նշել է․ «Ես իմ ու մեր հիմնադրամի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամբողջ թիմին պատրաստակամության և շարունակաբար մեզ աջակցելու համար»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ նշել է, որ նվագախումբը հանձնառություն ունի ներգրավել հանրության խոցելի խմբերին մշակութային միջոցառումներին, մասնակցում է դրամահավաքային նպատակներով անցկացվող բարեգործական համերգների և միջոցառումների, աջակցում նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար համապատասխան սարքերի ձեռք բերմանը։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հետ աշխատելը կարծես թե ավանդույթ է դառնում արդեն երկրորդ տարին է համատեղ ներկայացնում ենք հայկական սիրված ֆիլմերի կատարումները՝ սիմֆոնիկ հնչողությամբ։ Մեր հանդիսատեսի կողմից ևս շատ սիրված է «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» շարքը, և հույս ունենք, որ համերգի բովանդակությունը ևս նպաստեց բարեգործական համերգի կայացմանն ու հիմնադրամի նպատակների իրականացմանը»,-հավելել է Սարգիս Բալբաբյանը։

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգևոր վերելքի ձգտման և հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։ Հայաստանում և արտերկրում անցկացվող տարեկան ավելի քան 50 համերգների հարուստ երկացանկերը ներառում են տարբեր ժանրերի և կատարողական ձևաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչև հանրամատչելի կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ և դասական գործերի ջազային մեկնաբանություններ։ Նվագախումբն իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել է չորս ամենամյա փառատոն, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվում աշխարհի բազմաթիվ վիրտուոզ մենակատարներ և դիրիժորներ: Նվագախումբը նաև գործակցում է ժամանակակից մի շարք անվանի կոմպոզիտորների հետ։ Դպրոցականների և ուսանողների համար անցկացվող կրթական ծրագրերով նվագախումբը փորձում է նաև պատանիների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք դասական երաժշտության հանդեպ՝ նրանց հղկելով որպես դասական համերգի ունկնդիրներ։

«Վահե Մելիքսեթյան հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվա ընթացքում հիմնադրամը տրամադրել է  28 մլն ՀՀ Դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ եւ վերապատրաստման գումար, իրականացրել է լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարները նախանշելու ուղղությամբ:

C-Squared-ը միջազգային մեդիա ստուդիա է, որը կարողանում է արդի տեխնոլոգիաների օգտագործմամբ ձևափոխել տարածությունը՝ մարդկանց իրականությունից տեղափոխելով կախարդական աշխարհ։ Օգտագործելով AR\VR համակարգեր, հոլոգրամներ, 3D մափինգ, լուսային և լազերային էֆեկտներ և այլ ժամանակակից լուծումներ C-Squared-ը կարողանում է մարդկանց կտրել իրականությունից և հիշարժան սարքել ամեն իրադարձություն։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930