Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 10 կգ քաշով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է

Նոյեմբեր 13,2024 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպք․ 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 29, 43, 27, 28–ամյա բնակիչները և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ–ում տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու շուրջ, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձին նախապես խոստացել են վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխվելուց հետո Հայաստանում դրանք ապօրինի ձեռք բերել։ Ընդ որում, նպատակադրվելով թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վաճառել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ հիշյալ անձանցից մեկը՝ 43–ամյա կինը, կապ է հաստատել «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և հստակեցրել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխելու հանգամանքները։

Այնուհետև քննությամբ ինքնությունը չպարզված անձը պետական սահմանով, մաքսանենգությամբ, ՀՀ ապօրինի տեղափոխել է առաձնապես խոշոր չափերով՝ 6680,31 գրամ «Մարիխուանա», 1430 գրամ «Հերոին» և 3225 գրամ «Մեթամֆետամին» տեսակի՝ առանձին փաթեթներում տեղավորված թմրամիջոցներ և ապօրինի պահել է Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի վարչական տարածքում գտնվող թաքստոցում։ Երևանի 43–ամյա բնակչուհին, նախապես տեղեկանալով, որ հիշյալ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխվել են ՀՀ, օրավարձով վարձակալել է հանցավոր խմբի անդամ՝ 28–ամյա երիտասարդի կողմից վարվող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան՝ վերջինիս խոստանալով, որ թմրամիջոցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից Երևան տեղափոխելու դիմաց կվարձատրվի 27–ամյա հանցակցի կողմից։

2024թ․ մարտի 15-ին 43–ամյա կինը և 28–ամյա երիտասարդը մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ նույն օրը ապօրինի ձեռք են բերել ԻԻՀ–ից ՀՀ ապօրինի տեղափոխված և վերոնշյալ թաքստոցում տեղադրված առանձնապես խոշոր չափերով՝ 19 պոլիէթիլենային փաթեթներում գտնվող թմրամիջոցները։ Վերջիններս թմրամիջոցը տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի սրահում և ուղևորվել Երևան քաղաքի ուղղությամբ։

Քննության ընթացքում քննչական ճանապարհով ձեռք բերված տվյալները փոխանցվել են Ոստիկանությանը, որի կողմից, այդ տվյալների իրացմամբ, մարտի 15-ին՝ ժամը 20:30-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված 4 անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելքը։

Հիշյալ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930