Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը

Նոյեմբեր 13,2024 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Միջոցառման անցկացման ու նպատակների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են  միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարևորում է  հետազոտությունների և մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն   AI գործիքներով լուծումներ, իսկ            հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները», – ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Դեռևս 2019 թ. Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։ Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին», – իր ողջունի խոսքում ասել է Արմեն Բալդրյանը։

«Այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ շատ օգտակար են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել և թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահատվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։ Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», – ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երեք ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված են լինելու հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։

Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու՝ «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրթին  և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։

Նշենք, որ գագաթնաժողովի ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձևաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։

Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Գործընկերների թվում են նաև EasyPay, Visa, Synopsys ընկերությունները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Staffmedia-ն։

Միջոցառման մասնակցությունը անվճար է՝ հաստատված տոմսերով։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

Հավելյան տեղեկատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝

ՏՀՏ գործատուների միություն

[email protected]

Հեռ․՝ +37491320190

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930