Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում գիտեն, թե որ տարածաշրջանում, որ կոնֆլիկտին ինչպիսի վերաբերմունք պետք է ցույց տան. քաղաքականությունն անձերով չի պայմանավորված. փորձագետներ

Նոյեմբեր 13,2024 14:57

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփը քարոզարշավների ժամանակ խոստացել էր նախագահ դառնալու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մինչդեռ հենց Թրամփի նախագահության տարիներին էր, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, իսկ 44-օրյա պատերազմը դադարեց ոչ թե ԱՄՆ ջանքերի, այլ ՌԴի միջնորդությամբ: Ինչպե՞ս է վերականգնելու խաղաղությունը Դոնալդ Թրամփը, արդյոք կփորձի՞ ակտիվ ներգրավվել Հարավային Կովկասում, թե նա այդ գործում ՌԴին է տեսնելու խոշոր դերակատար: Այս հարցերի շուրջ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տարակարծիք են:

Դավիթ Կարապետյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դավիթ Կարապետյանը հիշեցնում է, որ Թրամփի վարչակարգի տարիներին տեղի ունեցած այդ չարաբաստիկ պատերազմը կանգնեցնելու համար ԱՄՆ-ն ոչինչ չարեց, իսկ երբ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն էր փորձում հայերի քվեներին արժանանալու համար ականջահաճո հայտարարություններ անել, Թրամփը մեղադրեց նրան, որ ոչինչ չարեցին արցախցիների էթնիկ զտումների դեմ, որոնք եղան Ջո Բայդենի վարչակարգի ժամանակ: «Այնպես, որ մենք կարող ենք մեզ իրավունք վերապահել և կասկածել ցանկացածի ականջահաճո հայտարարություններին»:

Միջազգայնագետի խոսքով` շատ դեպքերում անձերով չի պայմանավորված քաղաքականությունը. «ԱՄՆ-ի պես խորքային պետությունում գիտեն, թե որ տարածաշրջանում, որ կոնֆլիկտին ինչպիսի վերաբերմունք պետք է ցույց տան»:

Դավիթ Կարապետյանի դիտարկմամբ` Թրամփը հատկապես իր կառավարման առաջին ամիսներին հանդես կգա առաջարկություններով, թե հարավկովկասյան, թե ռուս-ուկրաինական, թե մերձավորարևելյան կոնֆլիկտների լուծումների հարցով, որպեսզի ցույց տա, որ աշխատանք է տարվում այդ ուղղություններով, իսկ Հայաստանը պետք է հմուտ դիվանագիտություն բանեցնի հատկապես ԱՄՆ-ի պես երկրի հետ:

Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը վստահ է, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասն առաջնահերթություն չի, և նույնիսկ այդպիսին չէր հեռացող վարչակազմի համար. «Չեմ կարծում, որ Թրամփի մեկուսական քաղաքականության պարագայում Հարավային Կովկասը և մեր կոնֆլիկտն առաջնահերթություն է լինելու: Եթե թույլ լավատեսություն ունենանք առ այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը կդադարեցվի, ինչը Թրամփի գլխավոր խոստումներից է, այս պարագայում երկու դրական բան մեզ համար կարող է տեղի ունենալ` առաջինը ՌԴ-ի համար բեռնաթափված կլինի ուկրաինական ուղղությունը և ՌԴ-ն ավելի ակտիվ դերակատարում կունենա Հարավային Կովկասում, ինչը որոշակի մանևրի հնարավորություն կտա Հայաստանին, և երկրորդը` Հայաստանը կձերբազատվի Արևմուտքի և ՌԴ-ի միջև անցանկալի երկընտրանքից»:

Սուրենյանցի խոսքով` եթե Թրամփը ցանկություն ունենա` կարող է իրագործել խաղաղության իր ծրագիրը, հաշվի առնելով, որ նա 2016թ. չէր վերահսկում Հանրապետական կուսակցության վերնախավը, իսկ հիմա ամբողջովին է վերահսկում. «Երկրորդը` Թրամփը 2004թ.-ից հետո Հանրապետական առաջին թեկնածուն է, որը հաղթանակ է տարել թե ընտրիչների, թե ընտրողների ձայների քանակով, երրորդը` նա բացառիկ թեկնածու է, որը հաղթանակ տարավ բոլոր տատանվող նահանգներում, և կարողացավ վերականգնել «Հանրապետական» կուսակցության մեծամասնությունը Սենատում և Ներկայացուցիչների պալատում»:

Սուրենյանցն ընդգծում է, որ հաշվի առնելով նաև այն, որ Թրամփի քառամյա այս պաշտոնավարումը վերջին պաշտոնավարումն է լինելու, ապա` կարելի է ասել, որ նա կախվածություն չունի որևէ լոբբիստական խմբից, կաշկանդող հանգամանք չունի խորհրդարանի կողմից:

ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները: «Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք», – ասել է նա: Ի պատասխան այս հայտարարության` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ: Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ռուսուկրաինական հակամարտությունում Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Արդյոք Ուկրաինան զիջողի դերում է հայտնվելու:

Դավիթ Կարապետյանը հիշեցնում է ռուսական կողմի առաջարկած տարբերակները` Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցվեն և ապառազմականացված գոտի ստեղծվի այդ հատվածներում, Ուկրաինան առնվազն քսան տարի հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց. «Այդ ապառազմականացված գոտում հստակեցված չի թե ինչպիսի խաղաղապահ զորքեր են տեղակայվելու, որովհետև պարզ է, որ ԱՄՆ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը չեն լինելու և հարց է առաջանում, թե որ երկրների զորքերն են լինելու: Ներկայում Ուկրաինայի 130000 քառակուսի կմ տարածքը գտնվում է ՌԴ տիրապետության տակ: ԱՄՆ-ն էլ ասել է, որ ներքին պաշտպանությունն ապահովելու համար զինելու են Ուկրաինային, ու ՌԴ-ն հարց է բարձրացնելու, թե եթե ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ես խոսում` Ուկրաինային ինչու ես զինում»,-ասում է միջազգայնագետն ու ընդգծում, որ Զախարովան ցանկացել է հստակեցնել, թե ԱՄՆ-ն միջնորդի ինչ դերակատարում է ստանձնելու ու ինչ գործիքակազմ է կիրառելու պատերազմը դադարեցնելու համար:

Սուրեն Սուրենյանցն էլ վստահ է, որ առաջիկա ամիսներին Թրամփին չի հաջողվի կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, նույնիսկ նրա այն հայտարարության, թե կարող է 24 ժամում կանգնեցնել այն. «Ինչքան ձգձգվի պատերազմը, այնքան մեծ գին է վճարելու Ուկրաինան: ՌԴ-ի հռետորաբանությունը շատ ավելի կոշտ է դարձել, նա ԱՄՆ-ից ակնկալում է կոնկրետ ծրագիր, թե ինչ կետերի շուրջ է տեղի ունենալու փոխզիջումը»:

Սուրենյանցի խոսքով` այն հետսովետական երկրները, որոնք Արևմուտքի պահանջով ՌԴ-ի դեմ քաղաքականություն են վարում ծանր փորձություններով են անցնում, ինչպես օրինակ, Վրաստանը, Հայաստանը. «Նիկոլ Փաշինյանի` երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականության հետևանքով էլ կորցրեցինք Արցախը»,-կարծում է քաղաքագետը:

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` եթե նույնիսկ Քամալա Հարիսը հաղթեր, միևնույնն է հաջորդ տարի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական լուծում տեսանելի կլիներ, որովհետև Արևմուտքի կողմից ավելի ծանր սպառազինության մատակարարումը Ուկրաինային հանգեցնելու է ՆԱՏՕ-ՌԴ հակամարտության, ինչից ըստ բանախոսի`Արևմտյան գրեթե բոլոր առաջնորդները խուսափում են: Իսկ ուկրաինական զորքի ներխուժումը ՌԴ տարածք Սուրենյանցը փոքր արկածախնդրություն է դիտարկում, որը նրա կարծիքով առաջիկա շաբաթներին իր մասին զգացնելու առիթ այլևս չի տա:

Մարդու իրավունքներից ամենաշատը բարձրաձայնող երկրում` ԱՄՆում, Թրամփի նախագահության օրոք՝ 2022թ. Միացյալ Նահանգների գերագույն դատարանը նահանգներին տվեց ազատություն՝ սահմանափակելու աբորտ կատարելու իրավունքը: ԱՄՆում նախագահական ընտրությունների քարոզարշավի հիմնական թեմաներից մեկն էլ դա էր: Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը նաև այս հարցում էին միմյանց հակադրվում: Թրամփն ի տարբերություն Բայդենի` ճիշտ է համարում, որ յուրաքանչյուր նահանգ պետք է ազատ լինի սահմանափակելու աբորտ կատարելու իրավունքը, մինչդեռ Բայդենը աբորտը դիտարկում էր որպես կանանց ազատության հարց: Ինչ խնդիր է փորձել լուծել Թրամփը, և արդյոք Բայդենը իր նախագահության տարիներին չէր կարող փոխել այդ որոշումը:

Դավիթ Կարապետյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր նահանգ իր ներպետական օրենսդրությունն ունի: Նրա դիտարկմամբ` թեև Թրամփը փորձել է ժողովրդագրական հարց լուծել, բայց ճնշումների կենթարկվի և կվերանայվի օրենքը:

 

Սուրեն Սուրենյանցն էլ վստահ է` ԱՄՆ-ում ժողովրդագրության խնդիր չկա` հաշվի առնելով այն իրողությունը, որ միլիոնավոր մարդիկ ձգտում են բնակվել ԱՄՆ-ում, իսկ հարցը ըստ նրա` կշարունակի մնալ նահանգների իրավասության տիրույթում. «Ջո Բայդենը չէր կարող ընդդիմանար գերագույն դատարանի որոշմանը, որովհետև ԱՄՆ-ն կոնֆեդերացիա է, այնտեղ նահանգների ներքին օրենսդրությունը շատ հաճախ իմպերատիվ բնույթ ունի: Քարոզարշավի ժամանակ աբորտի թեման առաջին թոփ հնգյակում էր` չորրորդ թեման էր: Այս հարցը շարունակելու է մնալ նահանգների որոշման տիրույթում` սա պահպանողական և գլոբալիստական ԱՄՆ-ի ամենաառանցքային վեճերից մեկն է»:

Սուրենյանցի մեկնաբանմամբ` դիրքորոշումներից մեկը խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի վրա, մյուսը մարդու`գենդերային, իրավունքի, իսկ թե հասարակական ինչպիսի կոնսենսուս կգտնվի` այս պահին բարդ է պատկերացնել

Ի վերջո ինչու ԱՄՆ իշխող «Դեմոկրատական» կուսակցությունը պարտվեց «Հանրապետական» կուսակցությանը:

Դավիթ Կարապետյանի մեկնաբանմամբ`ընտրապայքարը շատ թեժ էր` Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի ձայների տարբերությունը շատ մեծ չէր՝ 5.5-6 մլն տատանում տեղի ունեցավ. «Բայդենի վարչակարգը աչքի էր ընկնում ալարկոտ քաղաքականությամբ և իրեն չէր արդարացնում, այդ իսկ պատճառով ժողովուրդը փոփոխություն էր ուզում: Արտաքին քաղաքականության մեջ որոշումները կայացվում էին ավելի ուշ, քան դեպքերն էին տեղի ունենում: Այսինքն` հեգեմոն պետությունը ցույց էր տալիս բոլոր հակամարտություններում իր ներգրավվածությունը` մասնավորապես Մերձավոր Արևելքի խնդիրներում և ռուս-ուկրաինական պատերազմում, բայց գործնականում սայլը տեղից չէր շարժվում: Իսկ Թրամփը, երբ դեռ երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, ընդամենը արդյունքները հրապարակեցին, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկով հանդես եկավ»:

Դավիթ Կարապետյանը ևս հիշեցրեց, որ Թրամփը պաշտոնապես ընտրվեց և ընտրիչների քվեների և ժողովրդի կողմից ստացված ձայների մեծամասնությամբ և ԱՄՆ ամբողջ իշխանությունն անցավ հանրապետականներին ու դեմոկրատները կորցրեցին նաև Սենատի վերահսկողությունը. «Հանրապետականները իշխանությունը վերցրեցին թե Սենատում, թե Ներկայացուցիչների պալատում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ ողջ իշխանությունը, որոշումների ընդունման ողջ համակարգն անցավ հանրապետականներին: Սա պատմական ու աննախադեպ իրադարձություն է»:

Սուրեն Սուրենյանցն էլ շեշտում է, որ ԱՄՆ-ի ներսում ահռելի խնդիրներ էին ստեղծվել միգրացիոն, սոցիալական հարցերում, երրորդ սեռի խոսույթի շահագործման հետ կապված. «ԱՄՆ հասարակ քաղաքացիները դժգոհություն հայտնեցին այն մասին, որ իրենց հարկերի հաշվին անընդհատ ծախսեր էր կատարվում աշխարհի տարբեր կետերում, և անտեսվում էր ներքին խնդիրները, որոնք կուտակվում էին»:

Նշենք, որ Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ քաղաքը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա 2025թ. հունվարին:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930