Լրահոս
Օրվա լրահոսը

«Զբաղվել սիրով, այլ ոչ պատերազմել» կամ Երբ արվեստով լեցուն անհատականության ներսում միմյանց հետ մրցում են ճարտարապետը, դիզայներն ու նկարիչը

Նոյեմբեր 13,2024 14:09

Երիտասարդ բազմաշնորհ ճարտարապետ, դիզայներ, նկարիչ Կարինե Դուլյանն ապրում է ուրախ, կենսախինդ, գերզբաղ կյանքով ու իր առօրյա վազքը զուգորդում է սրտում, հոգում և մտքում ավելի մեծ արագությամբ սլացող եռամասնագիտական վազքերի հետ: Հենց ինքն իր բոլոր մասնագիտություններին ու կրթական ձեռքբերումներին հաղորդում է միմյանց հետ անզիջում լինելու բնույթ ու մրցություն: Բայց այդ բարդ մրցույթից ոչ միայն չի հոգնում, այլ սուր մրցակցության մեջ է դնում իր մեջ եռացող, մեկը մյուսին չզիջող որակները:

Ուսում, գործ, ցուցահանդես, արվեստանոց, շինարարություն, էքստրեմալ արշավներ, ուղևորություններ արտերկիր ու ներերկիր, լեռներ, քաղաքներ, շինհրապարակներ, հնություններ` ավանգարդ ընդհանրություն, ինքնուրույնություն, հին նոր տքնանք, հոգնություն, անքնություն, անընդհատ վազք իր ներսում – դրսում ամեն ինչ հասցնել, հրճվել, հիանալ, հաղթել, իմաստավորել ապրած կյանքի ամեն վայրկյանը, ամեն ակնթարթը, ամեն մի պահը և այս ամենը մի ստեղծագործական անուն ունի` Կարիշոկ:

Թերևս չարժե առանձին արվեստագետի որևէ որակի մասին նրա հետ խոսել, ոչ միայն դժվար կլինի իր համար, այլ հենց ինքը` Կարինե Դուլյան Կարիշոկը չի կարողանա հայտնել, թե իր մեջ եռացող արվեստներից ո՞րն է առաջնայինը, գուցե մի նորի փնտրտուքը, ինչն ինքն էլ դեռևս չգիտի…

Ի դեպ, գեղարվեստական գերագույն հաճույք է դիտել ճարտարապետի քաղաքային տեսարանների նկարչությունը, որտեղ ի տարբերություն զուտ գունային տրամադրություն ներկայացնող կտավների՝ Կարիշոկի դեպքում այն զուգորդվում է քաղաքի շենքերի ու փողոցների ճարտարապետական չափերի ճշգրտությունը, որն էլ իր հերթին օրգանապես զուգորդվում է գեղանկարչական գունային դիպուկ տրամադրությամբ, ընդ որում՝ ճշգրիտ գունապատկերում ամենևին անմասն չի մնում դիզայները, ժամանակակից մարդը, աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում կրթություն ստացած բարձրակարգ մասնագետը:

Մենք մեզ համար Կարիշոկի արվեստից ընտրում ենք գեղանկարչությունը, բայց ինքներս էլ արագորեն մտնում ենք ինքնատիպ արվեստագետի առաջարկած բազմամասնագիտական համադրության մեջ: Թերևս ոչ միայն պատահական չէ նրա ընտրած քաղաքային պատկերների գեղանկարչական վերարտադրման ուղղվածությունը, այլև դա կերպարվեստի հենց այն ոլորտն է, որտեղ օրգանապես զուգորդվում են արվեստագետի անհատականության մեկ-մեկու մրցակից ստեղծագործական ունակությունները:

Մի բան էլ. ողջունելի է ժամանակակից ու ընդգրկուն նրա մի կիզակետում կենտրոնանալու ունակությունը, ինչը բնորոշ է նոր ժամանակներին և որն օրգանապես իր մեջ կրում է Կարինե Դուլյան Կարիշոկին, որին օրերս հրավիրել էինք զրույցի: Այն սկսեցինք մեր համոզմամբ, նրա մի կտավի` «Զբաղվել սիրով, այլ ոչ պատերազմել» մասին դիտարկմամբ, որի շուրջ տարաբնույթ խոսակցությունները չեն դադարում մինչ օրս:

Նշենք, որ Կարիշոկի ստեղծագործական ուղին հաշվում է 5 տարի: «Այս կտավը ստեղծել եմ 2022թ., Ջոն Լենոնի «Make Love, Not War» երգից ոգեշնչված ու ոգևորված, որը յուրօրինակ հորդոր էր 1970թ., Ամերիկայի Վիետնամի դեմ պատերազմին ուղղված: Կտավն առաջին անգամ ցուցադրեցի իմ սիրելի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում, որի անվան փողոցում ապրում ու ստեղծագործում եմ: 2023-ին, 30 աշխատանքների թվում ներկայացրի Թբիլիսիի պառլամենտական գրադարանի շքեղ դահլիճում: Այո, այցելուները երկար էին կանգնում այս կտավի առջև, ոմանք էլ արտահայտվում էին, թե այս աշխատանքն, ընդհանուր առմամբ, կտորներից բաղկացած գորգ լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

«Զբաղվել սիրով, այլ ոչ պատերազմել» կտավը

Հարցին, գուցե այցելուները ոգևորվել են, կամ նրանց պարզապես գրավել են կտավում բազմաբնակարան շենքի պատուհաններից ներսում պատկերված սեքսի տեսարաննե՞րը, Կարիշոկը պատասխանեց. «Կարծում եմ մարդիկ սիրում են նայել պատուհաններից ներս, այլ կերպ ասած՝ հետաքրքրվել ուրիշների կյանքով… Այս կտավի ամենամեծ, ուղիղ ասած՝ չդադարող արձագանքը ռուսներից եմ լսել, ավելի ճիշտ՝ այն մարդկանցից, որոնք ապրել են խորհրդային տարիներին և նկարում պատկերված շենքը առաջին հերթին նոստալգիկ, գուցե գեղեցիկ, հիշողություններ է առաջացնում»:

Հետո հավելեց. «Թբիլիսիի գրադարաններից մեկում էլ այս աշխատանքի ցուցադրության օրերին գրադարանի տնօրենը կատակեց, թե այս կտավը կարծես նորապսակների համար ուսուցողական ձեռնարկ լինի: Ընդ որում այդ գեղեցիկ սրահում ամեն օր նորապսակները ֆոտոսեսիա էին անցկացնում»:

Այս օրերին նկարչի, մեր կարծիքով կիսաաբստրակտ երկու աշխատանք` «Երգ զմրուխտի», «Երգ նարնջագույնի» ցուցադրվում են Նյու Յորքի «Galeria Azur» սրահում, պատկերելով գետափնյա տեսարաններ, հետաքրքրվեցինք`հնարավոր է այդ աշխատանքները վաճառվեն, իսկ նման դեպքում ինքն ի՞նչ ապրումներ է ունենում: «Նախ ասեմ, որ Նյու Յորքում ցուցադրվող կտավներս իմ մտացածին քաղաքների գետափներ են: Ինչ վերաբերվում է աշխատանքներիցս բաժանվելուն, ասեմ, որ միանշանակ դժվար եմ բաժանվում, բայց այդուհանդերձ՝ ներսումս մի տեսակ ուրախություն է տիրում, որ իմ մասնիկները, կամ իմ պատուհանները դեպի իմ աշխարհ բացում են, թեև անծանոթ, բայց լավ մարդկանց առջև» հայտնեց արվեստագետը:

Անդրադառնալով «Զբաղվել սիրով, այլ ոչ պատերազմել» գործին, ի պատասխան դիտարկմանը` եթե ոչ թե նկարիչ, այլ լուսանկարիչ պատկերեր պատուհաններից ներս սեքսի տեսարաններ, առանց «հերոսների» համաձայնության, ապա հեղինակին միանշանակ կենթարկեին պատասխանատվության, նա կհայտնվեր ճաղերի հետևում, Կարինե Դուլյան Կարիշոկը հակիրճ հայտնեց. «Իմ հերոսները հորինված կերպարներ են»:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930