Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը կոչված է մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ ձեւական կառույց է . «Գոյի» անձնակազմը բողոքի ցույց է անցկացրել ՄԻՊ գրասենյակի մոտ

Նոյեմբեր 13,2024 13:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյը» դեմ է միավորմանը: Թատրոնի անձնակազմը դիմել է հնարավոր բոլոր ատյաններին, հիմա էլ մեկշաբաթյա նստացույցից հետո բողոքի ցույց է անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ:

Ռեժիսոր, «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգսիս Արզումանյանը նշում է, որ ՄԻՊ գրասենյակի մոտ ցույց անելը փաստում է, որ իրենց ճակատագրի հարցով դեռ չունեն դրական տեղաշարժ: Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու են եկել ՄԻՊ գրասենյակի մոտ. «Մենք այստեղ փետրվարին ներկայացրած ծավալուն դիմում ունենք, սակայն մինչ օրս չունենք որեւէ եզրակացություն, որոշում կամ գնահատական՝ մեր խախտված իրավունքների վերաբերյալ: Եկել ենք հասկանանք, թե որն է լռության պատճառը, դեռ ինչքան ենք սպասելու ու արդյոք ակնկալենք, որ որպես մարդ, որպես ՀՀ որպես քաղաքացի՝ պաշտպանված ենք, եւ արդյոք ՄԻՊ-ը կոչված է մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ պարզապես ձեւական կառույց է»:

Սարգիս Արզումանյանն ասաց, որ երեկ էլ նույն սկզբունքով դատախազություն են գնացել, եւ որոշակի արդյունք են ունեցել: Հավելեց, որ այս շաբաթ նման գործողություններով են զբաղվելու, փաստահավաք գործողություններ են իրականացնելու, եւ եթե դրական տեղաշարժ չլինի՝ այլ գործողությունների էլ կդիմեն:

«Գոյի» կառավարման խորհրդի նախագահը նշեց, որ լրատվամիջոցներից են տեղեկացել, թե ԿԳՄՍ նախարարությունն ասել է, որ այլեւս գործ չունեն թատրոնի հետ: «Շատ լավ է ձեռքերը լվալ ու ասել, որ մեզ հետ գործ չունեն: Բայց մենք կստիպենք իրենց, որ գործ ունենան մշակույթի հետ» ,-հավելեց նա:

Ընդգծեց, որ իրենց նստացույցը կշարունակվի՝ մինչեւ պահանջի կատարումը. «ԿԳՄՍ նախարարությունից պահանջում ենք, որ լինի միջանկյալ լուծում, որը թելադրում է նաեւ օրենքը: Մենք օրերս կապացուցենք, որ իրենք սխալվել են եւ իրենց ցանկում եւս մեկ օրենք են խախտել: Ասում ենք՝ իբրեւ միջանկյալ լուծում բացեք դռները, մենք աշխատենք, ստեղծագործենք, մինչեւ դատարանը որոշում կկայացնի: Դուք ասում եք՝ իրավական գործընթացների շրջանակում է այս ամենը լուծվելու, մենք էլ ենք նույնը ասում… Ու քանի դեռ դատարանը չի որոշել՝ ով է ճիշտ, ով է սխալ, մենք իրավունք ունենք ստեղծագործելու այդ տարածքում»:

Երբ «Գոյի» ներկայացուցիչները դուրս եկան ՄԻՊ գրասենյակից, լրագրողները Սարգիս Արզումանյանից հետաքրքրվեցին, թե ինչ են իրենց պատասխանել: «Գրասենյակից մեզ պատասխանեցին, որ կոնկրետ ունեն պատասխան Աշխատանքի տեսչությունից, որ եղել է կարգադրություն Սունդուկյան թատրոնի տնօրենին՝ մեր աշխատավարձերի ուշացման հետ կապված: Պարզվում է՝ իրենք բողոքարկել են, որ համաձայն չեն այդ որոշման հետ: Բայց որպես իրավահաջորդ՝ Սունդուկյան թատրոնը պետք է «Գոյի» աշխատավարձերը փոխանցեր, քանի որ դադարեցվել էր պետռեգիստրում մեր գրանցումը: Ունեին պատասխան, իրենց կողմից ուղարկվել էր դատախազություն, դատախազությունն ասել էր, որ որեւէ քրեական գործ չեն տեսնում, սա վարչարարական խնդիր է, պետք է վարչարարության մասով հարցը լուծվի: Ինչ վերաբերվում է պետռեգիստրի վերաբերյալ խախտումներին, այս մասին էլ ՄԻՊ գրասենյակից ասացին՝ քանի որ դատարանում գործ կա, իրենք իրավունք չունեն քննելու…»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930