Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայատառ թուրքերենով ստեղծվել է տարաժանր գրականություն՝ տպագրության լայն աշխարհագրությամբ»

Նոյեմբեր 13,2024 12:46

Հայատառ թուրքերեն գրականություն․ ուսումնասիրության մարտահրավերներն ու հեռանկարները

Սկսած 14-րդ դարից՝ գրվել են հայատառ թուրքերեն ձեռագիր բնագրեր, իսկ 18-րդ դարի կեսերից՝ Օսմանյան կայսրությունում և եվրոպական մի շարք քաղաքներում սկսվել է նաև հայատառ թուրքերեն բնագրերի տպագրությունը։ Հայատառ թուրքերեն տպագիր գրականության զգալի ծավալը ցույց է տալիս, որ այն լուսանցքային կամ «էքսոտիկ» երևույթ չէր, այլ ուշ օսմանյան և եվրոպական քաղաքներում (Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա, Հալեպ, Երուսաղեմ, Փարիզ, Հռոմ, Վենետիկ, Վիեննա և Տրիեստ) տեղի ունեցող միջմշակութային փոխառնչությունների հետևանք և արդյունք էր։

20-րդ դարի սկզբից Հայաստանում և Եվրոպայում հայատառ թուրքերեն գրականությունը գտնվում էր ակադեմիական շրջանակների հետաքրքրության կենտրոնում, իսկ Թուրքիայում այն սկսեցին ուսումնասիրել 1980-ական թվականներից՝ ժողովրդական գրականության ուսումնասիրությանը զուգահեռ։ Վերջին շրջանում հայատառ թուրքերեն բազմաժանր ողջ գրականությունը (ներառյալ՝ գեղարվեստական ստեղծագործությունները, օրագրություններն ու տպագիր մամուլը), հանդիսանում է հետազոտողների ուսումնասիրության առարկա։

Բացի կրոնական տեքստերից, որոնք կազմում են հայատառ թուրքերեն գրականության հիմնական մասը, 18-20-րդ դարերի ընթացքում ստեղծվել են մեծաքանակ թարգմանական տեքստեր, երբեմն՝ բացառապես հայատառ թուրքերենով։ Պետք է ընդգծել, որ հայատառ թուրքերեն բազմաժանր ստեղծագործությունների մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում թարգմանությունները, և հաճախ ֆրանսիական, գերմանական գեղարվեստական գրականության գլուխգործոցներն ուշ օսմանյան իրականության մեջ ընթերցվում էին միայն հայատառ թուրքերենով։ Սա վկայում է այն թարգմանիչների և հրատարակիչների մասին, որոնք երկու կամ, նույնիսկ, երեք լեզուներով ստեղծում էին թարգմանական այդ գրականությունը՝ թուրքախոս օսմանահպատակ հայերի և նաև՝ մուսուլմանների (ներառյալ՝ թուրքեր և արաբներ) համար, ովքեր ունակ էին կարդալու հայերեն տառերով գրված տեքստերը։

Հայատառ թուրքերեն գրականության բազմակողմանի ուսումնասիրության արդիականությունը․

Հայատառ թուրքերեն բազմաժանր գրականության համեմատական քննությունն էականորեն կբացահայտի 19-րդ դարավերջի Օսմանյան կայսրության գրական համայնապատկերը։ Անհրաժեշտ է այս գրականությունն ուսումնասիրել հայկական և օսմանյան գրական ավանդույթների համատեքստում, և պետք է այն դիտարկել որպես հայկական մշակույթի մաս, որը ստեղծվել և զարգացել է Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս՝ արտացոլելով գիտելիքի շարժունակությունը և գաղափարների յուրացումը։ Ավելին՝ այդ գրականությունն ուսումնասիրելիս այն պետք է դնել հայկական մշակութային ժառանգության հայեցակարգում։

Հայատառ թուրքերենն էական դերակատարություն է ունեցել կրթական համակարգում, ինչի մասին են վկայում մեզ հասած ուսումնական ձեռնարկներն ու կրթական նպատակներով ստեղծված կրոնական գրականությունը։ Այն կատարում էր նաև միջնորդ լեզվի դեր՝ օսմաներեն թարգմանությունների համար։ Օսմաներեն թարգմանելիս հայատառ թուրքերեն տեքստերից օգտվելու համար անհրաժեշտ էր սովորել հայերեն այբուբենը։ Սա ցույց է տալիս հայատառ թուրքերեն տեքստերի յուրահատուկ դերն ու նաև՝ ընթերցողների լայն ու բազմազան լսարանը։ Հայատառ թուրքերեն բնագրերը հնարավորություն են ստեղծում ուսումնասիրելու Օսմանյան կայսրության բազմակրոն միջավայրը, ինչպես նաև՝ բացահայտելու կրոնական տարբեր համայնքներում սրբազնացած լեզուների դերը, մասնավորապես՝ դրանց կապը բնիկ տեղական լեզուների հետ։

Ինչպես նշվեց, հայատառ թուրքերենով ստեղծվել է տարաժանր գրականություն՝ տպագրության լայն աշխարհագրությամբ։ Այս հանգամանքը խնդիրներ է առաջացնում հայատառ թուրքերեն ուղղագրության համար, և երբեմն միևնույն բառը, որը ստեղծվել է տարբեր վայրերում, նույն տեքստում կարող է հանդես գալ տարբեր ուղղագրություններով։ Եվ գաղտնիք չէ, որ հայատառ թուրքերենը երբեմն մեկնաբանվել է որպես «բարբառային երևույթ», որը քննադատել է Հրաչյա Աճառյանը։ Պատահական չէր, որ 1928-1929 թվականներին Թուրքիայում անցկացված «Լեզվի ռեֆորմ»-ից մի քանի տասնամյակ անց հայատառ թուրքերենը իր տեղը կգտներ կանոնարկված թուրքերենի կանոնադրության մեջ։

Հայատառ թուրքերեն բնագրերը կրել են արևմտահայերենի արտասանության և տեղական բարբառների ազդեցությունը՝ ցուցաբերելով գրական ձևերի և ժանրերի բազմազանություն։ Հայատառ թուրքերենը նկարագրվել է որպես «խառը» կամ «շեղված» կամ համարվել է կիրառական նշանակություն ունեցող երևույթ և կամ նկարագրվել որպես «գործածության ոճ»։ Նշենք, որ այս հսկայածավալ գրականությունը բազմակողմանիորեն չի ուսումնասիրվել։

Այսպիսով՝ հայատառ թուրքերեն գրականությունը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գրականագետների և լեզվաբանների, այլև արժեքավոր նյութ է պարունակում Օսմանյան կայսրության միջմշակութային փոխազդեցությունները հետազոտող գիտնականների համար։ Այս գրականությունը վկայում է, թե ինչպես են հայերը ստեղծագործել և պահպանել իրենց մշակույթը ժամանակի լեզուների և գիտելիքի բարդ համակարգում։

Տիգրան Ապիկյան

«Գեղարդ» գիտավերլուծական հինադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930