-Է՜, պարոն Քոչարյան, էն CU 30-ով էլ էիք ոգեւորված։
– Էլի կոգեւորվենք, հանգիստ եղեք։
-Երբ մի հատ հրթիռ կարձակի, թիրախ կխոցի՝ կոգեւորվենք։
Այս երկխոսությունն այսօր խորհրդարանում, տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ՝ 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ռազմարդյունաբերության ոլորտում հաջողել ենք եւ ոգեւորություն կա։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում էր ոստիկանության համակարգում ծառայողների հոգեկան առողջության հարցը․ «Խոսքս հատկապես վերաբերում է ոստիկանության զորքերին, հատկապես՝ կարմիր բերետներին եւ սեւ բերետների: Չեք կարծո՞ւմ, որ ծառայության անցնելիս, որպես նախապայման եւ ծառայության ընթացքում՝ պարտադիր, այդ մարդկանց, օրինակ, թեստավորեն՝ բռնության հակվածություն ունենալու համար։ Իմ մոտ այն տպավորությունն է՝ որպես այդ ուժերի հետ առնչված մարդ, որ հակառակ ընտրություն է կատարվում՝ սադիստական հակումներ ունեցող մարդկանց ներգրավվելով ոստիկանության զորքեր եւ հատուկ ստորաբաժանումներ։ Դրան էլ ավելացնենք այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ ոստիկաններն ապօրինի որեւէ բան չեն արել։ Եվ իրոք, մենք չենք տեսել, որ որեւէ բերետ՝ բռնություն կիրառելու համար դատվեր»։
Անդրանիկ Քոչարյանը հեգնեց, որ հունիսի 12-ի հետ կապված ընդդիմադիրները ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում էին ուզում նախաձեռնել ու այդպես էլ չստեղծեցին․ «Որպեսզի մենք հասկանայինք, թե ի՞նչ է եղել, ինչո՞ւ էին շարժվում ԱԺ շենք, ինչո՞ւ տեղի ունեցավ այդ բախումը։ Դեմիրճյան փողոցում ի՞նչ կա»։
Հետագա երկխոսության մեջ Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Անդրանիկ Քոչարյանին, ասաց․ «Մահակը, ինչպես փամփուշտը, քոռ ա, էսօր իջնում ա մեր գլխին, վաղը՝ չգիտեմ․․․»։
«Մահակի ուժն էլ լավ գիտեմ, փամփուշտինն էլ․ խնդիրը ուժի մեջ չի»,- հակադարձեց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ