Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «Ֆիգարո»-ին

Նոյեմբեր 13,2024 10:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախ միության» նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար «Ֆիգարո» ամսագրին, որը օրեր առաջ հրապարակվել է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով: Ամբողջական նյութը ներկայացվում է ստորև.

Նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։ Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ միասին հայրենիքից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը կոչ է անում ճնշում գործադրել նախագահ Ալիևի ռեժիմի վրա, որը, նրա խոսքերով, հայերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։

Նրա դեմքը տառապանքների հետքեր է կրում, սակայն ձայնը վճռական է։ Սեպտեմբերի 19-ին Արտակ Բեգլարյանը, իր հայրենակից Գեղամ Ստեփանյանի հետ միասին, Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) բողոք է ներկայացրել։ Նրանց ակնկալիքն է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կսկսվի։ «Սա ցեղասպանություն է։ Միայն քաղաքական գործիչներն են խուսափում օգտագործել այս բառը։ Վստահ եմ, որ մի օր այն միջազգային հանրության կողմից կճանաչվի»։

Ժամանակը պատահական չէ ընտրված․ նոյեմբերի 11-ին Բաքվում կբացվի COP29-ը՝ կլիմայի վերաբերյալ մեծ միջազգային գագաթնաժողովը։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ առնվազն 23 հայ գերի դեռևս պահվում են նախագահ Ալիևի ռեժիմի կողմից։ «Իրականում բազմաթիվ հիմքեր կան պնդելու, որ գերիների թիվը մոտ է 100-ի։ Մեծ մասի դեպքում նույնիսկ չգիտենք, թե արդյոք նրանք ողջ են»։

Արտակ Բեգլարյանը շատ զրկանքների է առերեսվել։ Ծնվելով 1988 թվականին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, նա հիշում է մանկության բանաստեղծությունները, երգերն ու մեղեդիները։ Նա լոկ չորս տարեկան էր, երբ հայրը զոհվեց ճակատում՝ ադրբեջանցի զինվորների կողմից։ Երկու տարի անց՝ ընկերների հետ բակում խաղալու ընթացքում, ականի պայթյունը նրան կուրացրեց։ 16 տարեկանում մայրը մահացավ սրտի կաթվածից՝ թողնելով տղային ամբողջովին միայնակ։

Չնայած այդ ամենին՝ նրան հաջողվեց սովորել Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, իսկ հետո՝ հեղինակավոր Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ առաջարկեցին մնալ։ «Բայց ես վերադարձա հայրենիք՝ իմ ժողովրդին ծառայելու համար։ Դա իմ կյանքի առաքելությունն է, որն ինձ հետ բերեց տուն»։ Նա դարձավ Մարդու իրավունքների պաշտպան, ապա՝ նախագահի աշխատակազմի ղեկավար և պետական նախարար։

2022 թվականի դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեկնարկով, կյանքն այնտեղ աստիճանաբար անտանելի դարձավ։ Կենսական ապրանքները պակասեցին՝ ձեթ, հացահատիկ և այլն: «Մի քանի շաբաթ շարունակ ես ու կինս հաց չէինք ուտում, որպեսզի կարողանայինք այն տալ մեր երկու դուստրերին»։ 2023 թվականի սկզբին Հայաստանից էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը խափանվեց Ադրբեջանի կողմից: «Ձմռանը մենք էլեկտրաէներգիա ունեինք օրական միայն 12-16 ժամով։ Մարդիկ ջեռուցում չունեին, և դպրոցները ժամանակավորապես փակվեցին։ Նույնիսկ ջրի մատակարարումը խնդիր դարձավ»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը վերջնականապես ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ, նա իմացավ, որ ադրբեջանական զինվորները իրեն էլ էին փնտրում։ Նա որոշեց փախչել իր ընտանիքի հետ։ «Մոտ 27 ժամ պահանջվեց՝ շուրջ 50 կիլոմետր անցնելու համար մինչև Հայաստանի սահմանը։ Ես նույնիսկ մեքենայից դուրս չեկա. Հարազատներս վախենում էին, որ ինձ կձերբակալեն կամ կսպանեն»։

Այսօր Արտակ Բեգլարյանը փախստական է՝ բարեկամների մոտ, Երևանում։ «Ես մասնակի աշխատանք ունեմ՝ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Մնացած ժամանակ ես ակտիվորեն շարունակում եմ ջատագովել իմ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար»։

COP29-ի նախաշեմին նա կոչ է անում Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդների ազատման օգտին։ Նա նաև ցանկանում է, որ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի կառավարությունը աջակցեն իրենց բողոքին Միջազգային քրեական դատարանում։ Ֆրանսիացի երկու փաստաբանների՝ Կատալինա դե լա Սոտայի և Ֆրանսուա Զիմերեյի կողմից ներկայացված այս բողոքը շատ քիչ հնարավորություն ունի հաջողելու, եթե չի ստանում Հռոմի Ստատուտը վավերացրած և ՄՔԴ իրավազորությունը ճանաչող պետություններից գոնե մեկի աջակցությունը։ Նա հույս ունի նաև, որ միջազգային հանրությունը խիստ պատժամիջոցներ կկիրառի այդ հանցագործությունների հեղինակների նկատմամբ։ «Երբ քաղաքական աջակցությունն ամփոփվում է գեղեցիկ խոսքերով և կարեկցանքով, դա իրական աջակցություն չէ։ Դիկտատորները, հատկապես ցեղասպանությունների հեղինակները, անտեսում են հայտարարություններն ու խոսքերը»։

Չնայած իր ապրած կյանքին՝ նախկին պետական նախարարը շարունակում է ամուր հույս ունենալ․ «Ես շատ եմ տառապել մանկությունից ի վեր, սակայն միշտ կարողացել եմ հաղթահարել այդ դժվարությունները։ Եթե մենք համատեղենք մեր ջանքերը, ես հավատում եմ, որ մի օր հնարավոր կլինի հասնել խաղաղության և արդարության՝ ոչ միայն իմ ժողովրդի, այլև՝ ողջ մարդկության համար»։

Արցախ միության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930