Լրահոս
Օրվա լրահոսը

Լավատեսությունը լավ բան է, եթե նրան ընկերակցի իրապաշտությունը

Նոյեմբեր 13,2024 13:00

Սխալը մի փորձեք դարմանել 180 աստիճան՝ հակառակն այս անգամ կրկնելով

Գոնե մեկ անգամ ճիշտ վերլուծեք: Դոնալդ Թրամփի նախագահությունը չպիտի նշանակի, որ ավելի կարծր քաղաքականություն պիտի կիրառվի Կրեմլի դեմ: Ոչ: Թրամփին նախագահ դարձելու նպատակը (հենց այն ԱՄՆ-ի խորքային պետության կողմից, որի մասին ասում էիք, թե Թրամփին կարգելեն հասնի բաղձալի աթոռին, որովհետեւ իրենց նպատակների հետ չի համընկնում) օգնեց, որ նա (Թրամփը) հասնի իշխանության, որպեսզի այդ պատճառաբանությամբ ԱՄՆ-ն Ուկրաինայի պատերազմից հետ քաշվի:

Այն, որ պնդում էին, թե Թրամփը այդ ուժերի կողմից անընդունելի է, արդեն ցույց տվեց իրենց քաղաքական միամտությունը. ոնց կարող են նման ուժեր արտոնել, որ Թրամփն այդքան մոտենա այդ պայքարին, կարող էին շատ ավելի վաղ նրան կասեցնել՝ փափուկ մեխանիզմով, լրիվ օրինական, երբ Թրամփը զանազան մարտավարության խաղաքարտերից մեկն է ու պետք չէ քաղաքականության մասին դատել հայտարարությամբ:

ԱՄՆ-ն հասավ իր նպատակներին: Ռուսաստանին բավական թուլացրեց, նվաստացրեց, էլիտա միտքը երկրից դուրս եկավ անվերադարձ, իսկ զոհերի, զենքերի մասին չասենք: Հստակ երեւաց ու էլ ով պիտի ցանկանա այդ ռազմատեխնիկան գնել Ռուսաստանից, անգամ եժան գնով, ահավոր պատժամիջոցների համատեքստում:

Ռուսաստանն այլեւս միջազգային խաղացող չէ, ԱՄՆ-ն հասավ իր նպատակին:

Եվ այլեւս պետք չի նրա տնտեսությունը դանդաղի այս պատերազմի պատճառով:

Իսկ եթե կան մարդիկ, որ կարծում են, թե երբ Թրամփն ասում է միջազգային խաղադաշտից հետ քաշվելու մասին, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլեւս հրաժարվելու է մնալ գերհզոր աշխարհի կառավարիչ. դա նույնպես միամտություն է: Թրամփը, երբ այդ մասին է ասում՝ նշանակում է, որ մնալու է այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է. կարգախոսի վրա պետք չէ հիմնվել:

Ռուսաստանը այս պատերազմից երկրորդ ամենամեծ պարտվողը դուրս եկավ:

Բայց սա չի նշանակում, թե մի քանի ամիս հետո Ռուսաստանը խորտակվելու է: Ռուսաստանին Արեւմուտքը չի համարձակվի խորտակել, որովհետեւ ատոմական ուժ է, եւ նման քայլն արկածախնդրություն կլինի:

Հիմնական, ամենամեծ պարտվողը Ուկրաինան էր, որը կորցրեց 4 մարզ ու իր պետականությունը քանդվեց: Եվ Զելենսկին պետք է հասկանար, որ Կրեմլի համար Ղրիմը կարմիր գիծ է, երբեք չի կարող արտոնել, որ այդ շրջանը կորցնի ու ինքը հեռանա այդ «տաք ջրերից» ու «սառի»՝ իր նավատորմից զրկվի: Զելենսկին չէր հասկանում, իսկ Արեւմուտքը լավ էլ հասկանում էր ու դրա համար Կիեւին զինում էին այնքան, որքան իրենց համար նպաստավոր էր, ձեռնտու:

Իսկ որտեղ դա շատ վտանգավոր էր, դրանով կարելի էր Պուտինին հունից հանել: Շատ զգուշավոր Զելենսկիին «խաղացնում» էին, իսկ երբ նա գալիս էր նրանց մոտ մուրացկանի նման, հարգում էին, պատվում, մեծարում ու «ուղարկում»:

Ուկրաինան ու Պուտինը ընկան Արեւմուտքի ծուղակը:

Ուկրաինան էլ ունի 10 միլիոն երկիրը լքողներ, երկիր, որ հիմնովին քանդված է, մարզեր, որ կորսված են, ասում են՝ ունի հարյուր հազարավոր զոհեր:

Ու հիմա սիրուն Թրամփը եկավ, Զելենսկու ականջին փսփսալու են. «շատ գլուխ պետք չէ ցավացնել, Թրամփին պետք չէ նեղացնել, ապա թե ոչ, լրիվ կհեռանա այս խնդրից ու Պուտինը կհասնի մինչեւ Կիեւ, պետք է հարցը լուծել դիվանագիտությամբ»:

Գուցե հարցնեք, իսկ այս բոլորը Հայաստանի համար ի՞նչ կնշանակի: Հասարակ քաղաքացին էլ չի լսի «ռոմանտիկ» քաղաքական ճառեր՝ «Ռուսաստանը մեռնում է, հաշված ամիսներ են մնացել եւ այլն… ու տեսնենք, ինչ ենք անելու», որովհետեւ մեզ հիմա էլ պետք չեն երազներ, երազներ, որոնք ես էլ անձնապես ընտրեցի ու սա ինձ համար աններելի եմ համարում, որ եղել եմ այսքան երազկոտ՝ լավատես միամտության աստիճան:

Ու ես էլ ներողություն կխնդրեմ նախ եւ առաջ ինձնից ու բոլորից, որ երազկոտությունս հասցրել եմ դեմագոգիայի մակարդակ:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
12.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930