Արմավիրի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Արիստակեսյանին է դիմել մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի 89-ամյա բնակիչ Շողիկ Գրիգորյանը:
Այն, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է:
Հաղորդման մեջ գրված է. «Ես՝ Շ. Գրիգորյանս, Գայ գյուղի Աբովյան 12 տան սեփականատերն եմ 1957 թվականից: Ամուսինս՝ Ստեփան Մուրադյանը մահացել է անցյալ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին: Հարեւանությամբ ապրում է Համլետ Խաչատրյանը, ով պնդում է, որ իր հողի մի մասն իբր գտնվում է իմ հողի հատվածում: Հայտնում եմ ձեզ, որ Հ. Խաչատրյանի կողմից երեսուն տարի առաջ ձեռք բերված հողամասի եւ իմ հողամասի միջեւ առկա է դեռեւս անցյալ դարի 70-ական թվականներից կառուցված բետոնե սյուներով մետաղական ցանկապատ, որն անփոփոխ է մինչ օրս: Այդ մասին են վկայում նաեւ հարեւանները:
Բոլոր արխիվային փաստաթղթերով նշված է անձին պատկանող հողամասի մակերեսը՝ 1200 մ2 է, սակայն ինքը սեփականության վկայական է ներկայացում 1580 մ2 եւ հողային պահանջ ներկայացնում ինձ: Ուստի իմ մոտ հիմնավոր կասկած է հարուցում, որ սույն հողամասի սեփականության վկայականի ձեռքբերման գործընթացում տեղի է ունեցել սխալմունք կամ՝ զեղծարարություն: Խնդրում եմ պարզել սույն հանգամանքը»:
Կարդացեք նաև
Տեղեկացնեմ, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան էին դիմել Խաչատրյանները 2021 թվականի հոկտեմբերին: Պատասխանողները, այդ թվում՝ ՆԳ նախարարություն դիմած Շողիկ Գրիգորյանը իրենց դեմ դատի մասին տեղեկացել էին 2022 թվականի հունվարի 22-ին: Դատարանն ավարտել է հայցի քննությունը եւ նշանակել վճռի հրապարակման օրը՝ նոյեմբերի 21: Կողմերի ներկայացուցիչները՝ Ա. Ալվանդյանը եւ Խ.Ղոնյանը ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2024