Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շատ էի ուզում, որ գրի, սպասում էի, որ մի օր կհասցնեմ կարդալ հեռուներում գրած իր գիրքը, ու որ Վանոյի էդ գիրքը գլուխգործոց է լինելու»

Նոյեմբեր 13,2024 09:30

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի անկախության առաջին տասնամյակում Հայաստանի պետական առանցքային պաշտոններ զբաղեցրած գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանն այսօր կդառնար 78 տարեկան: Նրա մասին հրապարակախոս Լիզա Ճաղարյանի հետ զրուցում է Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը:

Վանո Սիրադեղյանի լուսանկարը տրամադրել է Արփի Սիրադեղյանը

Տիկին Լիզա, հիշո՞ւմ եք, թե երբվանից եք ծանոթ Վանո Սիրադեղյանի հետ։

–Համալսարանում սովորելու տարիներից ճանաչում էի, բայց ծանոթ չէինք ու էդպես էլ չծանոթացանք ուսանողական տարիներին։ Մեր կողմերում մի տարածված արտահայտություն կա` կատարը ցցած։ Ա՛յ էդպես «կատարը ցցած» քայլում էր բանասիրականի միջանցքում, ես էլ ամեն տեսնելուց մտածում էի` էս ով ա է՛, ինչի՞ ա իրեն սենց երեւակայում։

Տարիներ հետո Դիլիջանում ծանոթացանք` երիտասարդ ստեղծագործողների քառօրյա սեմինարի օրերին, ու երեւի երկուսս էլ զարմացանք, թե ինչու էդքան ուշացումով ընկերացանք։ 80-ականների սկիզբն էր, ինքն արդեն շռնդալից մտել էր գրականություն, չեմ չափազանցում` իր մուտքը գրականություն իրոք շռնդալից էր, «Գարուն» ամսագրում ընդամենը երեք պատմվածքով Վանոն միանգամից այնքան ճանաչվեց ու սիրվեց, ինչի կեսն անգամ չէր հաջողվում ամեն տարի «Գարուն»-ում տպագրվող «հնագույններիս»։

Վանո Սիրադեղյանը եւ Լիզա Ճաղարյանը: Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

–Ինչպիսի՞ ընկերական շրջապատ ունեիք այն ժամանակ ստեղծագործողներդ։

–Նախանձելի։ Հիմա` տարիների հեռվից այլ կերպ եմ գնահատում սովետի տարիների ընկերներիս։ Էն ժամանակ հեշտ էր լավ ընկեր լինելը։ Գուցե մի քիչ զարմանալի ու տարօրինակ բան եմ ասում, բայց սա պահի տակ ասված խոսք չի, շատ եմ մտածել դրա մասին։ Իրոք, էն ժամանակ հազվադեպ էինք հիասթափվում, հազվադեպ էինք ընկեր կորցնում, ամեն ինչ էնքան պարզ էր. կար կոմսոմոլ, պարտիա, կամ` էդ կողմում էիր, կամ` մեր կողմում։

Մեր կողմն էլ, այսպես կոչված, ազատ մարդիկ էին, որ «Պապլավոկի» վերեւի հարկից թքած ունեին կոմսոմոլի վրա էլ, պարտիայի վրա էլ, ապրում էին ոնց ուզում էին, ոնց կարողանում էին, սրճարանի 15 կոպեկանոց սուրճի սեղանի շուրջը մի խաչապուրիով կշտանում էինք ու Ֆոլքներից սկսում` Մարկեսով շարունակում, Հրանտով ավարտում էինք մեր օրերը։ Դիսիդենտ չէինք, բայց դե թաքուն արգելված գրականություն էինք կարդում, էնպիսի ֆիլմեր էինք սիրում նայել, որոնց համար տոմսարկղերի մոտ հերթեր չէին գոյանում, եւ եթե նույնիսկ լինում էին հերթեր, լիքը դահլիճը կամաց–կամաց դատարկվում էր մինչեւ ֆիլմի ավարտը։

Սիրուն կյանք էր, ու էդ նախշուն կավաշերտը մենք էինք պոկել սովետական «բանտի» պատից ու վայելում էինք… Էս հիմա եմ էսպես ասում, էն տարիներին «համաշխարհային վիշտը» մեր ուսերին էր, մեզ էդպես էր թվում։ Լավն էին ընկերներս, բոլորի՛ն, բոլորի՛ն սիրում էի, շատ էի սիրում։ 88-ից հետո շատ բան փոխվեց, ազատությունից բացի` պարտավորություն ու պատասխանատվություն դրվեց բոլորի ուսերին, ու քչերը դիմացան էդ փորձությանը։ Մեկ էլ մի օր տեսա` մի բանակ ընկերներիցս մի ջոկատ էլ չի մնացել։ Իմ ու Վանոյի ընկերությունը դիմացավ էդ փորձությանը։

Վանո Սիրադեղյանի նկարը տրամադրել  է Արփի Սիրադեղյանը

-Ինչպիսի՞ ընկեր էր նա:

-Պատկերացրու` փողոցով քայլում ես, ու քո հետեւից մի քանի հոգի են վազում, որ, եսիմ, կամ պայուսակդ գողանան, կամ առեւանգեն քեզ, կամ հարվածեն, ու քո թիկունքում` երեք քայլ հետ Վանոն է։ Դու կարող ես չփախչել, որովհետեւ վստահ ես` ինքը չի թողնի, որ հասնեն քեզ։ Ինքը երբեք ընկերության մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, դու ուղղակի գիտեիր, որ եթե քեզ համար դժվար շրջան է, ինքը քեզ մենակ չի թողնի։ Թվում էր` կոշտ ու կոպիտ է, բայց արտաքուստ էր էդպես, ինքը մի մարդ էր, որին ոչ միայն կարող էիր վստահել, նաեւ կարող էիր խոստովանել քո արած էնպիսի սխալները, որ ինքդ քեզ կամաչեիր խոստովանել, ու էդպիսի պահերին ինքը զարմանալի նրբանկատ էր, էն կոշտ մարդու հետքն էլ չէր մնում։ Ի՞նչ ասեմ, ընկեր էր, որի կարիքը, բացակայությունը միշտ զգացել եմ, զգում եմ եւ երեւի կզգամ` մինչեւ ինքս էլ գնամ էնտեղ, որտեղ ինքը գնաց։

Արփի Սիրադեղյանը՝ հոր հետ: Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Ես հիշում եմ, որ հայրս Ձեզ շատ էր սիրում, եւ երբ մայրս հարցրել էր, թե շատ չի՞ սիրում Լիզային, Վարդազարյան Արտակը պատասխանել էր` նա մեր բոլորի մայրն է։

-Մի անգամ մեկն ասաց` Լիզան ինչի՞ է էսքան շատ սիրում իր ընկերներին, մեկ էլ Վանոն ինքն իր պես կարճ ու վերջնական ձեւակերպեց «դատավճիռը»` Լիզոն (ինձ Լիզո էր ասում) պիտի բազմազավակ մայր դառնար, բայց չի ստացվել, դրա համար իր սերն ընկերներին է բաժանում։ Հաճախ էր ասում` ես կնոջ ու տղամարդու ընկերությանը չեմ հավատում, միակ բացառությունը Լիզոն է։

Արտակը… Վանոն ու Արտակը եթե անտառ էին մտնում, ուրեմն գիտեինք, որ պիտի բերաններս բաց լսենք իրենց. ծառ չկար, թուփ չկար, որ մինչեւ «ուղնուծուծը» չճանաչեին, ու իրար հերթ չէին տալիս, էնքան հաճույքով էին խոսում ծառերի բնավորության, առանձնահատկությունների մասին` ոնց որ ստեղծագործեին։

Միշտ մտածել եմ` Վանոն իրեն լիարժեք երջանիկ էր զգում միայն անտառում, բնության գրկում, աղբյուրի կողքը, ու վտարանդիության տարիներին եթե սիրտս մղկտում էր, որ Վանոն էստեղ չի, չէի մտածում` չի տեսնում Երեւանը, չի նստում երեւանյան սրճարաններում, միայն մի բան էի մտածում, թե քանի–քանի տարի զրկված մնաց աղբյուրի կողքի քարի վրա նստած լավաշ–պանիր–կանաչիով բրդուջ ուտելու հաճույքից։

-Կարո՞ղ եք հիշել` «Կիրակի» ժողովածուն երբ լույս տեսավ, ինչպես ընդունվեց ձեր շրջապատում։

–Իմ շրջապատը նաեւ Վանոյի շրջապատն էր, բնականաբար` շատ լավ։ Ով որքան էր անկեղծ` հիմա չգիտեմ, էն ժամանակներում ես իմ բոլոր ընկերներին հավատում էի։ Եթե ուրախանում էին, մտածում էի` անկեղծորեն են ուրախանում, եթե տխրում էին` էլի նույնը։ Գիտե՞ս, մինչեւ «Կիրակի»-ն Վանոն արդեն ճանաչված էր, արդեն գրախոսություններ էին գրվել իր մասին, արդեն շատերս իր տաղանդավոր լինելն անքննելի էինք համարում, էնպես չի, որ էդ ժողովածուով բացահայտեցինք Վանոյին։

Ի դեպ, Վանոյի գրքերից միայն «Կիրակի» ժողովածուն չունեմ, ինչ-որ մեկը տարավ ու էդպես էլ հետ չբերեց։ Ես չեմ հիշում, թե ով էր, ինքն էլ հաստատ հիշում է, որովհետեւ գիրքը Վանոյի մակագրությամբ էր` ինձ ուղղված, բայց էդպես էլ չի բերում ու չի բերում։ Ասեմ, որ շատ վատ բան է անում, ու հիմա էլ ուշ չի, որ վերադարձնի, շատ շնորհակալ կլինեմ։

Լիզա Ճաղարյանն ու Վանո Սիրադեղյանը. լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Ձեր շրջապատի վրա ի՞նչ ազդեցություն թողեց նրա քաղաքականություն մտնելը։

-Դժվար հարց ես տալիս։ Ղարաբաղյան շարժումն էնքան անսպասելի ու հրաբուխի պես ներխուժեց մեր կյանք, որ ոչ մեկս էլ չհասկացանք, թե ինչ կատարվեց, ոնց կատարվեց։ Դա իրոք կախարդված շրջան էր, բոլորս էլ մեր չափով մխրճվեցինք էդ քաղաքականություն ասվածի մեջ, ու ոչ մի զարմանալի բան չկար, որ Վանոյի պես ուժեղ անհատականությունն առաջնորդներից մեկը դարձավ։ Չարախոսողներ կայի՞ն մեր շրջապատում, ես չգիտեմ։ Իմ ներկայությամբ, համենայն դեպս, չէին չարախոսում, գիտեին երեւի, որ չարախոսեին` անպատասխան չէին մնա։

Իսկ ազդեցության ողջ ծանրությունը ես իմ ուսերի վրա տեղը տեղին զգացի։ Վանոյի ՆԳ նախարար դառնալուց հետո պարզվեց` Հայաստանի կեսն իմ ընկերներն են հյուսիսից հարավ ու արեւելքից արեւմուտք։ Իմ հեռախոսն առավոտը յոթից սկսում էր «ծուղրուղու» կանչել մինչեւ կեսգիշեր. «ընկերներս» պաշտոն էին ուզում Վանոյից, ու վստահ էին, որ եթե ես ասեմ` եղած բան է։ Ո՞վ էր իրենց նման բան ներշնչել` մինչեւ հիմա չգիտեմ։ Էնպիսի մարդիկ էին ինձ այցելում հին ընկերոջ պես, որոնց նույնիսկ անունները չգիտեի, ու դե արի էդ անթիվ–անհամար «ընկերներիս» բացատրիր, որ Վանոն ամենահեշտն ինձ է մերժում, որովհետեւ ես դրանից ոչ նեղվում եմ, ոչ էլ նեղանում։

Եվ ընդհանրապես` Վանոն կտրուկ մերժելու վարպետ էր, եթե նման խնդրանքով դիմում էին իրեն։ Վանոն միայն չէր մերժում, եթե մեկնումեկն օգնության կարիք ուներ, ու դու դրա մասին իրեն տեղյակ էիր պահում, իսկ պաշտոն–մաշտոնի դեպքում պատասխանը կտրուկ «չէ»-ն էր։ Ես դա արդեն վաղուց սերտել էի ու իրեն նման խնդրանքով չէի էլ դիմում։

Վանո Սիրադեղյան

–Ըստ Ձեզ` փոխվե՞ց իր ընկերների վերաբերմունքը, երբ նա դրսում էր։

-Ակնհայտորեն փոխվեց։ Որովհետեւ մի օր արթնացա ու պարզեցի, որ ես արդեն էնքան քիչ ընկերներ ունեմ, որ հեռախոսս սկսեց օրական մեկ–երկու անգամ զնգալ։ …Բայց ես արդեն շատ էի մեծացել, ինձ այլեւս նման փոխակերպումները ոչ ցնցում էին, ոչ էլ նույնիսկ` զարմացնում։ Ավելին, ինձ համար էնքան միեւնույն էր, թե ով ինչ վերաբերմունք ուներ Վանոյի նկատմամբ նրա հեռանալուց հետո։ Ես միայն մտածում էի` երբ է էս գարշելի իշխանությունը փոխվելու, որ Վանոն կարողանա վերադառնալ։ Հետո մի գարշելիին փոխարինեց մյուս գարշելին, հետո` երրորդ գարշելին, ու ես, որքան էլ դաժան էր խոստովանելը, ինքս ինձ բռնում էի էն մտքի վրա, որ Վանոյին էլ չեմ տեսնելու։ Ու միայն մի բան էի ուզում` ՈՐ ԳՐԻ։ Շատ էի ուզում, որ գրի, սպասում էի, որ մի օր կհասցնեմ կարդալ հեռուներում գրած իր գիրքը, ու որ Վանոյի էդ գիրքը գլուխգործոց է լինելու։ Ոնց էի երազում ու սպասում, ոնց էի սպասում։ Վանոյին չտեսա, գիրքն էլ չկա։ Մղկտալու բան է։

 

-Ափսո՞ս էր երեխան:

-Լուռ երեխա էր։ Սպանիչ լռություն էր։ Ես չգիտեմ` էլի՞ կա ինչ–որ մեկը, որ ունակ է էդքան երկար ու մինչեւ վերջ լռելու։ Ու եթե լռությունն էդքան–էդքան ծանր է, քո ականջին կամաց–կամաց էդ լռությունը երեխայի թնկթնկոց է դառնում, միալար թնկթնկոց, ու դու չես գտնում էդ երեխային, որ գլուխը շոյես, դնես ծնկներիդ, ականջին «Ծիտիկի օրորը» երգես, ու ինքը թնկթնկա–թնկթնկա ու քնի, քո պրկված նյարդերն էլ թուլանան ու անձայն արտասվես, խաղաղվես, դու էլ ննջես։

Չէ, «հերն անիծած կյանքի»` կասեր Վանոն, էսպես էլ շարունակվելու է, քանի դեռ ապրում ես. մեղքի զգացումը` մի կողմից, որ չկարողացար որեւէ կերպ օգնել ընկերոջդ, գիտակցումը, որ երեխան շատ կամակոր էր ու թույլ չէր էլ տա, որ դու օգնես իրեն, ու իրականությունը` երեխան այլեւս չկա, եւ քո ափսոսալը ոչ մեկին պետք չի։ Երեխային` առավել եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930