Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն այժմ նոր թիրախ ունեն․ Հորդանանը՝ Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու համար

Նոյեմբեր 13,2024 00:15

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Կարծես թե հայերը քիչ խնդիրներ ունեին լուծելու, հիմա էլ պետք է պահանջեն, որ Հորդանանը չեղյալ համարի իր արցախյան թեմայով «Օսկար»-ի մասնակցությունից հրաժարվելը Ադրբեջանի ճնշումների ներքո:

Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովն ընտրել էր Նյու Յորքում բնակվող հորդանանցի ամերիկացի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։ Ֆիլմի պրոդյուսերն է Ազզա Հուրանին, իսկ համապրոդյուսերները՝ Ջուլի Պարատյանը և Դեյվիդ Ռեյնը։ Գործադիր պրոդյուսերներն են Բեթ Լևիսոնը, Քերի Լոզանոն, Հալի Ադելմանը, Ռինտու Թոմասը և Սուշմիթ Գոշը։ Համագործադիր պրոդյուսերն է Ռոբինա Ռիչիտիելոն։

Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որն ապրում էր Արցախում։ Նրա գյուղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, Վրեժն ու իր ընտանիքը փախել են, իսկ հետո վերադարձել՝ ականատես լինելով ավերածություններին։

«Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին ստացել էր Ամմանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակը լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի և FIPRESCI մրցանակը լավագույն երկարամետրաժ արաբական վավերագրական ֆիլմի համար:

Սակայն, թագավորական կինոհանձնաժողովը վերջերս հայտարարեց, որ «Հորդանանը հետ է կանչել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը՝ Ադրբեջանի դիվանագիտական ճնշումների պատճառով», հաղորդել է Deadline-ը:

«Ադրբեջանի կառավարությունը նամակով դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը որպես «Օսկար»-ին ներկայացվող ֆիլմ, նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար», հայտնել է Deadline-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաստատել են, որ Ադրբեջանը բողոքել է Հորդանանին  «Օսկար»-ին իր ֆիլմի ներկայացման համար։ «Մենք ողջունում ենք Հորդանանի՝ ֆիլմը հետ կանչելու և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցնելու որոշումը», ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադան։

Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին հայտնել են Deadline-ին. «Մեր թիմի համար սա շատ ցավալի լուր է, որ երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր նկարահանողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա»  ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձությունները, որոնք արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։

Սակայն, ինչպես պարզվեց, ամեն ինչ կորած չէ։ Կինոարվեստի և գիտության ակադեմիան «կինոգործիչներին ասաց, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել լավագույն վավերագրական անվանակարգում, եթե այն անցնի ստանդարտ որակավորման ընթացակարգերը: Ֆիլմի նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել Միացյալ Նահանգներում», հայտնել է Deadline-ը:

«Տունս քաղցր ա» ֆիլմն իր հյուսիսամերիկյան պրեմիերան կունենա DOC NYC-ում նոյեմբերի 16-ին և 17-ին, իսկ մեր որակավորման թատերական թողարկումը տեղի կունենա Laemmle Theatres-ում [Լոս Անջելեսում] նոյեմբերի 29-ից», ասացին Հայրապետյանը և Հուրանին Deadline-ին: «Մենք հավատարիմ ենք մնում մեր ճշմարիտ պատմությունը կիսելուն՝ չվախենալով մեր առջև ծառացած խոչընդոտներից»:

Ցավալի է, որ արվեստի գործը քաղաքական ճնշման զոհ է դառնում: Ցավոք, բայց զարմանալի չէ, որ «ֆիլմի դուրսբերումը միջազգային լիամետրաժ ֆիլմերի դասակարգումից տեղի է ունենում Հորդանանի և Ադրբեջանի միջև աճող դիվանագիտական և տնտեսական կապերի պայմաններում, երբ Ադրբեջանի արտագործնախարար Ջեյհուն Բայրամովը 2024 թվականին Բաքվում ընդունել է հորդանանցի պաշտոնյաների՝ շարունակվող հետագա համագործակցությունը քննարկելու համար», հաղորդել է Deadline-ը:

«Մենք հասկացել ենք, որ Հորդանանը ֆիլմը հետ է կանչել, որպեսզի պահպանի Հորդանանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապերը վերջինիս բողոքից հետո» ասել են ֆիլմի հեղինակները: «Մենք նաև իմացանք, որ «Տունս քաղցր ա» ֆիլմի պրեմիերայից հետո Հորդանանում՝ Ամմանի միջազգային կինոփառատոնում, Ադրբեջանի դեսպանատունը նույնպես բողոք է ներկայացրել ֆիլմի հանրային ցուցադրման դեմ: Այսպիսով, «Տունս քաղցր ա» ֆիլմը, որը շաբաթներ առաջ ներկայացվել էր փառատոնին, հանկարծ արգելվեց իր հայրենի երկրներից մեկում»:

«Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովն Ամմանի միջազգային կինոփառատոնի ղեկավար մարմինն է: 2024 թվականի հուլիսին տեղի ունեցած այդ միջոցառման ժամանակ «Տունս քաղցր ա» ֆիլմը շահեց երեք մրցանակ՝ ժյուրիի մրցանակ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի համար, հանդիսատեսի մրցանակ և կինոքննադատների միջազգային մրցանակ (FIPRESCI): Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիսին Sheffield DocFest-ում՝ Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր ոչ գեղարվեստական փառատոնում, որտեղ այն ներկայացվել է Միջազգային առաջին խաղարկային մրցանակի», հայտնում է Deadline-ը:

Sheffield DocFest-ի ծրագրավորողները ֆիլմի մասին գրել են. «Վրեժը, Սարին Հայրապետյանի տպավորիչ խաղարկային դեբյուտի հերոսը (հասունացման զարմանալի պատմությամբ), մեծացել է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում գտնվող էթնիկ հայկական անկլավում, որը Խորհրդային ժամանակաշրջանի ավարտից հետո ականատես է եղել բազմաթիվ հակամարտությունների: 11-ամյա տղան հետևում է թռչուններին, խաղում ընկերների հետ և երազում ատամնաբույժ դառնալու մասին։ Սակայն, 1992 թվականից ի վեր իր ընտանիքի ապրած երեք պատերազմների արձագանքներն ամենուր են: Նրա տատիկը ցավում է ազգամիջյան բռնությունների շղթայի համար. «Արցախում ապրելը նշանակում է, որ մի օր պատերազմ է լինելու, և իմ թոռնիկը մասնակցելու է այդ պատերազմին»։ Երբ նրա դպրոցի դասերը գնալով ռազմականացվում են, և Վրեժը պայքարում է իր մանկության երազանքները պահելու համար, նրա տատիկի մարգարեությունը իրականություն է դառնում»:

Deadline-ին ուղղված էլեկտրոնային նամակում Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը (RFC) ընդգծել է Ամմանի միջազգային կինոփառատոնում «Տունս քաղցր ա» ֆիլմի ստացած մրցանակները և նշել, որ ֆիլմը «2021 թվականին զարգացման ֆինանսավորում է ստացել RFC-ի Jordan Film Fund-ից»:

Աշխարհասփյուռ հայությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավորությամբ, պետք է բողոքի Հորդանանի կառավարությանը: Նրանք չպետք է թույլ տան, որ Հորդանանի վրա ադրբեջանական ճնշումը անպատասխան մնա: Արցախի կորուստը չպետք է նշանակի, որ հայերը կպարտվեն նաև հասարակայնության հետ կապերի ճակատամարտում, որտեղ կապերն ու պլանավորումը փոխարինում են անօդաչու թռչող սարքերին և ռազմական հզորությանը։

Առաջին հերթին, Հորդանանի հայ համայնքը պետք է անհապաղ օգտագործի իր բոլոր կապերը Հորդանանի կառավարության հետ՝ պահանջելու Հորդանանի արտաքին գործերի նախարարությունից հրաժարվել իր որոշումից և չենթարկվել Ադրբեջանի այլանդակ ճնշումներին։

Երկրորդ, Հայաստանի արտգործնախարարությունը պետք է դիվանագիտական նոտա հղի Հորդանանի կառավարությանը՝ առարկելով Ադրբեջանի միջամտությանը Հորդանանի ներքին որոշումներին։

Երրորդ, աշխարհասփյուռ հայերը պետք է կապ հաստատեն Հորդանանի դեսպանատների և հյուպատոսությունների հետ՝ արտահայտելու իրենց բացարձակ դժգոհությունը Հորդանանի նկատմամբ՝ ադրբեջանական սպառնալիքներին և ահաբեկումներին ենթարկվելու կապակցությամբ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930