Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտեցան պայծառ ժամանակներ»

Նոյեմբեր 13,2024 10:00

Ոչ մի առանձնահատուկ համակրանք կամ հակակրանք չունեմ «նախկինների» կամ «ներկաների» նկատմամբ: Իշխանություն ունեցող անձերը թե՛ առաջ, թե՛ հիմա, թե՛ Հայաստանում, թե՛ Հոնդուրասում, իմ կարծիքով, ակնառու տարբերություններ չունեն: Նույն հեդոնիզմը, նույն լկտիությունը, նույն երեսպաշտությունը:

Եվ անձերն, ի վերջո, կարեւոր չեն, կարեւոր են երեւույթները: Իսկ ահա երեւույթների նկատմամբ վերաբերմունքը պետք է միատեսակ լինի. եթե մի դեպքում մենք ասում ենք, որ Ա-ն հավասար է Ա-ի, իսկ մյուս դեպքերում՝ որ Ա-ն հավասար է Բ-ի, ապա մենք իրար երբեք չենք հասկանա, եւ ավելին՝ որեւէ կապակցված տեքստ արտասանելը կամ գրելը պարզապես հնարավոր չի լինի:

«Զարյա – 3» լուսաձայնային նռնակները ցուցարարների դեմ օգտագործելը 2018 թվականին հանցագործությո՞ւն էր: Եթե՝ այո, ուրեմն հանցագործություն է նաեւ 2024 թվականին:

Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտություններում մեղավոր էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (վանկարկում էին՝ «Նեմեց, հեռացիր»), ապա հիմա մեղավոր է Արմեն Մելիքբեկյանը (այսինքն՝ ճիշտ են նրա հրաժարականը պահանջողները): Եթե խնդիրը ֆեդերացիայի մեջ չի, ուրեմն որեւէ բան վանկարկելը սխալ է:

2003-ին Ստեփան Դեմիրճյանի եւ 2008-ին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին ազատազրկելը քաղաքական հետապնդո՞ւմ էր: Ուրեմն, պետք է համաձայն լինենք, որ Արմեն Աշոտյանի եւ մյուսների հետապնդումը նույնպես քաղաքական է:

Անցնելով անձնականին. այն ինձ առանձնապես չի հետաքրքրում, բայց այստեղ էլ վերաբերմունքը պետք է միատեսակ լինի: Եթե Մոնակոյի խաղատներում ժամանակ անցկացնելը էթիկապես անընդունելի է, ապա պետք է անընդունելի լինի բոլոր պարագաներում: Եթե OK է, ապա դրա մասին որեւէ դեպքում պետք չէ խոսել:

Եթե աֆրիկյան սաֆարին 10 տարի առաջ խնդիր էր, ապա խնդիր, այսինքն՝ քաղաքական քարոզչության առարկա կարող է դառնալ նաեւ հիմա: Կամ՝ երկու դեպքում էլ դա անձնական գործ համարենք:

Երբ դա, այնուամենայնիվ, դառնում է քննարկման առարկա, նախկին եւ ներկա իշխանավորների հակափաստարկը սովորաբար հետեւյալն է՝ «դուք մեզ նախանձում եք»: Չգիտեմ, ով՝ ինչպես, բայց իմ մասով կարող եմ ասել՝ քավ լիցի, շարունակեք օգտվել իշխանության վայելքներից, բա էլ ինչի՞ եք իշխանությունը վերցրել եւ ամեն ինչի պատրաստ եք այն չկորցնելու համար: Պարզապես պետք չէ բոցավառ ճառեր արտասանել «անցյալի մղձավանջի» եւ «պայծառ ներկայի» մասին:

Կամ՝ ինչպես հեգնանքով երգում էր Ռուբեն Հախվերդյանը, «հեռացան այն հին ու գորշ օրերը, մոտեցան պայծառ ժամանակներ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    “Ոչ մի առանձնահատուկ համակրանք կամ հակակրանք չունեմ «նախկինների» կամ «ներկաների» նկատմամբ” էլի ինքներդ Ձեզ հակասեցիք։ Բայց դա մի կողմ, ՀՀՇ-ն կամ ներկայիս ՀԱԿ-ը «նախկինների» մեջ մտնում են, թե՞ ոչ։ Եթե ոչ, խնդրում եմ հիմնավորեք ինչու։

  2. Կա անցյալ ու կա ապագա: Չկա ներկա, կամ եթե կա ապա ակնթարթ է (աչքդ թարթեցիր ապագայի մեջ ես): Սա զուտ ներկայի, նախկինի շուրջ: Այն ինչ ունենք ապագա կերտողներն են: Կերտում են: Տրորելով, ջարդ ու խուրթ անելով նախկինը ու տեղը դնելով իրենց նշաձողերով սահմանաված ապագան: ՀՀ ահմաններն էլ են նույն որակով ուղարկում ապագան: Ի դեպ. գետերի ու ջրային ավազանների ում լինելն էլ է Բաքվում որոշվում (համենայն դեպս այնտեղից հայտնեցին աշխատանքային խմբի գործելու լուրը):
    Այո, պարոն Աբրահամյան, իշխանությունը վերցրել են վայելքների համար: Կա(ր) Լենա Նազարյան, որը ասաց խոր (~5 տարի առաջ) անցյալոյւմ. ‘Մենք նվիրյալներ չենք:’
    Երբ նախկինների ստեղծածը, կուտակածը կսպառվի կսկսեն իրար ուտել: նիկոլականները սա են հասկանում: Թույլ չեն խանգարում, որ նախկինները շարունակեն աշխատել, ստեղծել բարիք: Ինչ որ մեկը պետք է չէ որ բան ստեղծի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930