Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջումների վերջը չի երեւում

Նոյեմբեր 13,2024 12:00

Ենթադրենք, Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց, ՀՀ իշխանությունները դուրս են հրավիրելո՞ւ ԵՄ դիտորդներին ՀՀ տարածքից, որպեսզի Մոսկվայի ու Բաքվի «ձեռքերն» ավելի ազատ լինե՞ն ՀՀ ինքնիշխան տարածքում…

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միասնական ջանքերն` ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության, դարձել են հստակ նախապայման Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հարցում: Իհարկե, չկա որեւէ երաշխիք, որ եթե Հայաստանի իշխանությունը համաձայնի հրաժարվել ԵՄ առաքելությունից` բավարարվելով Բաքվի ու Մոսկվայի քմահաճությունը, Ալիեւը կստորագրի խաղաղության համաձայնագիր, սակայն փաստը մնում է փաստ` ընդդեմ ԵՄ առաքելության տարվում է հստակ քաղաքականություն:

«Որոշ երկրների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի տարածքը օգտագործելու փորձերը` սպառնալիքների նոր կիզակետեր ստեղծելու նպատակով, վերջին ամիսներին նման գործունեության ինտենսիվությունը սրում են արդեն իսկ լարված իրավիճակը Հարավային Կովկասում»,- անցյալ շաբաթ նշել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը` «Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածում:

«Ընդդեմ նման ռեւանշիստական քաղաքականության` Ադրբեջանը հետեւողականորեն ամրապնդում է իր անվտանգության համակարգը, արդեն իսկ լիովին ձեւավորել է արդյունավետ պաշտպանական համակարգ եւ հարձակման ռազմավարություն, որով կարող է կարճ ժամանակահատվածում արդյունավետորեն պատասխան տալ ցանկացած արտաքին ազդեցության»,- ասել է Ռամիլ Ուսուբովը: Նա վստահ է, որ Ադրբեջանն ի վիճակի է կանխել երկրի անվտանգության եւ ազդեցության նկատմամբ հասցված ցանկացած փորձ: «Ոչ միայն հայկական ռեւանշիզմը, այլեւ խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում Ադրբեջանի անկախ կամքն ու առաջնորդությունը տարածաշրջանում, պետք է ճիշտ եզրակացություններ անեն անցած տարիների փորձից եւ չմոռանան «երկաթի բռունցքի» ուժի մասին», խորհուրդ է տվել Ուսուբովը:

Նա նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը որպես հաղթող երկիր եւ տարածաշրջանում ռազմական ուժի կենտրոն` կարող է պարտված Հայաստանին խաղաղություն պարտադրել, այսինքն` խաղաղության պայմանագրի ստորագրման. «Հայաստանի իշխանությունները, որոշումներ կայացնելիս, պետք է հաշվի առնեն իրենց պետության եւ հասարակության շահերը»: Ուսուբովը շեշտել է, որ կարեւոր է ոչ միայն խաղաղության համաձայնագիր ստորագրելը, այլեւ ապահովել դրա դրույթների իրականացումը. «Պետական սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում առաջընթացը եւ ընդհանուր իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը։ Եթե Երեւանը կարողանա ազատվել հովանավորների վնասակար ազդեցությունից, երկու պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա»։

Բացի պաշտոնական դժգոհություններից, Բաքվից պարբերաբար կեղծ տեղեկություններ են տարածում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ, նրանց մեղադրում դավադիր գործունեության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս արձանագրել էին, թե Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների հերթական խումբն այցելել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ՀՀ Ներքին Հանդ գյուղ ու հավելել էին, թե հոկտեմբերի սկզբից ավելի հաճախակի են դարձել Եվրամիության դիտորդների այցերը Ադրբեջանի հետ սահմանային գյուղեր, եւ դժգոհել էին այդ հանգամանքից։ Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել, եւ նշել, թե դիտորդները, որոնք սովորաբար երթեւեկում են Եվրամիության մեքենաներով ու սահման հասած երեք մեքենաներից մեկը ֆրանսիական դրոշով է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցները «ենթադրել» էին, թե նրանք` «ֆրանսիական հետախուզական գերատեսչությունների աշխատակիցներ են եղել»։ «Սա Ֆրանսիայի հերթական քայլն է, որով աջակցում են Հայաստանում ռեւանշիստական ուժերին եւ հրահրում է նոր պատերազմ, խաթարելով խաղաղության գործընթացը տարածաշրջանում»,- գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Պաշտոնական Բաքուն ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդական առաքելության եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների թեման թեժ է պահում: Ադրբեջանը որդեգրել է ժամանակ առ ժամանակ դա որպես խնդիր ներկայացնելու հստակ գիծ: Բաքուն Երեւանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին շարունակ «հիմնական խոչընդոտներ» է թվարկում, որոնց շարքում են ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, այլեւ` Ֆրանսիայի, արեւմտյան այլ երկրների կողմից «Հայաստանի զինելու» հարցը, ինչպես նաեւ` ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը մեր երկրում։

ԵՄ առաքելության տեղակայումը` «Հայաստանի տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը», վերջերս հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւը աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը։ Ավելի վաղ ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրերն էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ ԵՄ առաքելությունն անհիմն էր որակել «կողմնակալության» եւ «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի նշյալ մեղադրանքները՝ շեշտելով. «Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է եւ այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ»։

Բաքվի մեղադրանքներին զուգահեռ եւ համահունչ Մոսկվան է թեժ պահում Հայաստան-Ադրբեջան հնարավոր համաձայնության գործընթացում «այլոց բացառելու» թեման: Մոսկվան վստահ է, որ առանց Երեւանի ու Բաքվի դիրքորոշումների համապարփակ հաշվառման ու «գետնի վրայի իրողությունները հաշվի առնելու վաղահաս խաղաղությունը որեւէ լավ բանի չի հանգեցնի», ընդհակառակը՝ լարվածության ու հակամարտության հնարավոր էսկալացիայի ռիսկ կստեղծի, անցյալ շաբաթ նշել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաեւ հավելել էր, որ Երեւանի ու Բաքվի միջեւ կարգավորման համար ոչ միայն էական ջանքեր, այլեւ ժամանակ է պետք ու ընդգծել էր. «Հենց այդ պատճառով ի տարբերություն արեւմտյան պսեւդոմիջնորդների՝ գործընկերներին խաղաղ պայմանագրի հապճեպ ստորագրման չենք դրդում»։ Ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում զգալի առաջընթացը՝ Ռուսաստանի արտգործնախարարը խաղաղության գործընթացը տարածաշրջանային մակարդակում ամրագրելու կարեւորությունից ու «արտաքին դեստրուկտիվ միջամտության» բացառումի մասին էր խոսել։ «Հայ -ադրբեջանական կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս հանելու Վաշինգտոնի եւ Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները», – ասել է Լավրովը:

Անցյալ շաբաթ պաշտոնական Մոսկվան Հայաստան-Ադրբեջան խնդիրներում ընդդեմ Արեւմուտքի ջանքերի մի քանի կողմից հակազդեցություն ի ցույց դրեց: Արեւմտյան երկրները խանգարում են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը, նշեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ «Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, սակայն բարելավման նախադրյալներ կան։ Դրան խանգարում են արտաքին խաղացողները, առաջին հերթին, Արեւմուտքի երկրները։ Դա կրկին ապացուցում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,-ասել է Շոյգուն՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացել է «3+3»-ի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո հարթակի աշխատանքները կակտիվանան։

«Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության», իր հերթին հայտարարեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը` պնդելով, որ Միացյալ Նահանգները փորձում է արագացնել Հայաստանի կողմից արեւմտամետ արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը «Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ»։ «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից է լինելու նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող «ճնշումների» մասին տեղեկությունների տարածումը», – նշվել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նկատենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին վերջերս «Հետքին» տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում էր արել, անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է, որ սահմանային լարվածության մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում, ԵՄ-ն նախատեսո՞ւմ է ընդլայնել այս առաքելությունը։ «Ես շատ զարմացած եմ Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի կողմից Եվրոպական առաքելության նկատմամբ քննադատությունից: Բավականին ուշագրավ է, որ մենք նույն բառերն ենք լսում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից, կարելի է ենթադրել, թե դա ռուսերենից է թարգմանված ադրբեջաներեն, կամ ադրբեջաներենից՝ ռուսերեն: Բայց եթե դիտարկենք փաստերը, Եվրոպական առաքելությունը նպաստել է շփման գծում ռազմական միջադեպերի քանակի նվազմանը: Ես խոսում եմ իրական միջադեպերի մասին, ոչ թե կեղծ լուրերի: Շփման գծի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները, որոնք ենթարկվում են կրակոցների վտանգին եւ անգամ հակամարտության վերսկսման վտանգին, ողջունում են առաքելության ներկայությունը: Ես միացել եմ ԵՄ առաքելության պարեկներին եւ հանդիպել տեղացիներին: Նրանց համար Եվրոպական առաքելությունը ապահովության նշան է եւ վկայում է, որ աշխարհը նրանց չի մոռացել: Ահա թե ինչու Ֆրանսիան, իր ԵՄ գործընկերների հետ միասին, պնդեց առաքելության ընդլայնման վրա, ինչն արդեն տեղի է ունենում։ Առաքելության անձնակազմը գրեթե կրկնապատկվում է, եւ դրա հնարավորությունները մեծացվում են: Դա եղել է տարածաշրջանում կայունության ապահովման ամենակարեւոր ներդրումներից մեկը»,- նշել էր ֆրանսիացի դիվանագետը:

Հարցին, թե քանի՞ հոգի է ընդգրկվելու առաքելության մեջ ընդհանուր առմամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը մեկ այլ հետաքրքրական պատասխան էր տվել. «Ծրագրվում է մոտավորապես կրկնապատկել առաքելության ներկայությունը, ինչը նշանակում է մի քանի հարյուր մարդ: Նրանք չափազանց արդյունավետ են: Եթե հայացք գցենք վերջին տարիներին, google-ով «զինված» մի քանի տասնյակ եվրոպացի դիտորդներ՝ նրանք քաղաքացիական անձինք են, զինված չեն, այս տարածաշրջանի կայունության համար ավելին են արել, քան Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը»: Դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն չի հեռացնելու իր առաքելությունը սահմանից Բաքվի եւ Մոսկվայի պահանջով, դեսպան Դեկոտինյին պատասխանել էր. «Առաքելության մանդատը որոշվում է Բրյուսելում»:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին այցելել է Սյունիքի մարզ, նաեւ` Ներքին Հանդ: Դեսպանն արձանագրել էր Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան Ներքին Հանդի հատվածում: «Այցելել եմ աջակցելու ամբողջ Սյունիքին, այդ թվում՝ Ներքին Հանդին: Ես ընդամենը դիտել եմ, տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է: Այո, Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, եւ մենք դա տեսնում ենք»,-Գորիսում լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր դեսպանը։ Դեկոտինյին ընդգծել էր, որ Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ «Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։

Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն, այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշել էր դեսպանը։ Հարցին, թե արձանագրում է, որ Ադրբեջանն այդ հատվածում 4 կողմից ներխուժե՞լ է ՀՀ սուվերեն տարածք, դեսպանը պատասխանել էր. «Երեք կողմից, որովհետեւ մի կողմից մենք կարողացել ենք գնալ այնտեղ»։ Դիտարկմանը, որ Գորիս-Կապան ճանապարհը եւս Ադրբեջանի հսկողության տակ է, դեսպանն ասել էր. «Ես խոսեցի միայն Ներքին Հանդի մասին»: Ինչ վերաբերում է ամբողջ սահմանին, իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման սկսված գործընթացին. «Դելիմիտացիան պետք է լինի Ալմաթիի հռչակագրի հիմքով: Դրա շուրջ է, որ կողմերը պետք է համաձայնության գան»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այնուհետեւ X-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր նաեւ ադրբեջանական կեղծիքներին ու դժգոհություններին. «Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»:

Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ու Բաքուն համահունչ եւ համատեղ քայլերով նպատակ են դրել խաղաղության հաստատման հնարավորության համար նոր նախապայման ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքից ԵՄ դիտորդների հեռացումը: Թվում է, թե պաշտոնական Երեւանը հանուն Հայաստան պետության շահի պետք է ոչ միայն ընդվզի, այլեւ թույլ չտա պետության կայացրած որոշումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի կետ դարձնել: Բայց ինչպես երեւում է, այս հարցում էլ պաշտոնական Երեւանը դիրքերը զիջելու է հակված:

Անցյալ շաբաթ Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետեր գաղտնազերծեցին, իսկ Երեւանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց դրանք։ Դրանցից երկուսը, ըստ Ալիեւի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը եւ Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած նշյալ փորձագետի պնդումներին, նկատել էր. «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, եւ սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։ «Ազատության» հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրսբերումը, Կոստանյանը պատասխանել էր. «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում է, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարեւոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:

Ենթադրենք, Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց, դա համարելով խաղաղության հաստատման կուռ գործիք, ՀՀ իշխանությունները դուրս են հրավիրելո՞ւ ԵՄ դիտորդներին ՀՀ ինքնիշխան տարածքից, որպեսզի Մոսկվայի ու Բաքվի «ձեռքերն» ավելի ազատ լինե՞ն ՀՀ ինքնիշխան տարածքում…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930