Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանավոր մարդիկ զգում են տիեզերքի նուրբ տատանումները

Նոյեմբեր 13,2024 13:30

Մենք այդ երեւույթը չենք կարող մինչեւ վերջ հասկանալ, բայց կարող ենք վայելել դրա արդյունքները

Բարեկամիս հետ զրույցի ժամանակ գովերգեցինք Սվետլանա Նավասարդյանին՝ որքան լավն է նա, արտակարգ է թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական առումով: Այդ խոսակցությունը փոխանցեցի դաշնակահարուհուն: Նրա արձագանքը համապատասխանում էր արվեստագետի եւ մտավորականի պատկերացրած իմ կերպարին. «Դե, առանձնապես ինձ երես մի՛ տվեք»:

Այս կեսկատակ պատասխանի մեջ ես զգացի ոչ միայն համեստություն, այլեւ փառքի նկատմամբ որոշակի անտարբերություն. «գնահատում եմ ձեր արժեւորումը, բայց ես դրա համար չեմ աշխատում»: Իսկ ինչի՞ համար:

Ինձ թվում է, նշանավոր արվեստագետները (որոնց թվում է, անշուշտ, Սվետլանա Նավասարդյանը), ընդհանրապես նշանավոր մարդիկ ունեն ավելի բարձր ու թերեւս մեզ՝ շարքային մարդկանց, համար մինչեւ վերջ ոչ այնքան հասկանալի մոտիվացիա: Կարող եմ ենթադրել, որ գոյություն ունեն ինչ-որ նուրբ տատանումներ, տիեզերական իմպուլսներ, որոնք այդ մարդիկ «նյութականացնում» են մեզ համար: Սա՛ է նրանց առաքելությունը:

Մենք՝ մնացածներս, որոնք ապրում ենք ավելի կոպիտ, տեսանելի, նյութական  տատանումներով, այդ իմպուլսների մասին շատ բան չգիտենք, բայց նշանավոր մարդկանց միջոցով կարող ենք զգալ դրանց առկայությունը: Անկեղծորեն ասենք՝ շատերին դա՛ էլ տրված չէ:

Այդ մարդկանց մի մասը «ուղիղ տեքստով» պատմում է իրենց մոտիվացիայի մասին՝ տալով Աստծո անունը: Յոհան Սեբաստիան Բախն, օրինակ, իր պարտիտուրների վրա գրում էր՝ «Soli Deo gloria» («Միայն Աստծոն փառք») կամ  «Jesu, juva» («Օգնիր, Հիսուս»): Մոտավորապես այնպես, ինչպես մենք ենք ասում՝ «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ»:

Բայց այն տաղանդավոր մարդիկ, նաեւ այն հանճարները, որոնք չէին (չեն) պատկանում մեր՝ եվրոպական, քրիստոնեական մշակութային ավանդույթին, դավանում էին այլ կրոններ կամ անտարբեր էին կրոնների նկատմամբ, վստահ եմ, գիտակցում էին այդ առաքելությունը եւ համապատասխանեցնում էին դրան իրենց գործունեությունը, իրենց քայլերը: Իսկ դա դաս է մեր՝ սովորական մարդկանց համար:

…Երջանկությունն, ինչպես հայտնի է, կարող է լինել երեք տեսակի: Առաջինը սուբյեկտիվ է եւ զուտ էմոցիոնալ, նաեւ, այսպես ասած, «կենսաբանական»՝ որոշակի հորմոնների ներհոսք մեր օրգանիզմի մեջ: Այդպիսի երջանկություն կարող է պարգեւել շոկոլադի մեկ սալիկը: «Կայֆ», մի խոսքով: Երկրորդը՝ մեր սոցիալական բավարարվածությունն է. «Այ, եթե ես ա՛յս մակնիշի մեքենան ունենայի, եթե ա՛յս պաշտոնի հասնեի, ա՛յս գիտական կոչումը ստանայի, իմ գրառումն այսքա՛ն «սրտիկ» ստանար, ես երջանիկ կլինեի»: Ի վերջո, այստեղ հիմքը համեմատությունն է այլ մարդկանց հետ:

Երջանկության երրորդ տեսակն ավելի բարդ է բացատրել, եւ մեզ «տանում է» վերը նկարագրված հանճարների եւ տաղանդների աշխարհ: Դա քո առաքելությունն իրականացնելու զգացողությունն է: Այս տեսակը կապված է հին հունական փիլիսոփայության մեջ «բարիքի»  (tò agathón՝ լատինական տառադարձմամբ), բարեպաշտ կյանքի հետ: Այսինքն՝ երջանկություն է, երբ մարդն իր կյանքն ապրում է աստվածների ներդրած իմաստի, աստվածային մտահղացման համաձայն:

Բնականաբար, բոլոր մահկանացուներին հատուկ է երջանկության ձգտման առաջին երկու մակարդակը: Երրորդ մակարդակն՝ իմ թվարկած մեծերինն է, բայց դրան պետք է ձգտել:

…Պոստմոդեռնի շրջանում առաքելություն իրականացնելը բարդ է: Նաեւ այն պատճառով, որ ցանկացած մարդ, որը մեկ մատով կարող է դաշնամուրի վրա որեւէ «ռաբիս» մեղեդի հնչեցնել, հնարավորություն ունի եւ իրեն իրավունք  է վերապահում սովորեցնել Սվետլանա Նավասարդյանին, թե ինչպես է պետք նվագել: Հուսով եմ, որ փոխաբերությունս հասկանալի է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Արդեն հիմա արհեստական բանականությունը կարողանում է երգ ու երաժշտություն ստեղծել։ Կգա մի պահ, երբ նա դա այնքան լավ կանի, որ ոչ մի մարդ չի կարողանա ստեղծել նման մակարդակի ստեղծագործություններ։ Արդյո՞ք դա կնշանակի, որ արհեստական բանականությունը զգում է տիեզերքի նուրբ տատանումները։ Չեմ կարծում, բայց այն, որ նա իսկապես չի լինելու «հասարակ մահկանացու» ի տարբերություն մեզ՝ մարդկանց, դա փաստ է։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930