Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանում COP29 համաժողովը ընթանում է երկրում մարդու իրավունքների անմխիթար իրավիճակի ֆոնին

Նոյեմբեր 12,2024 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Մինչ Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովը (COP29-ը), որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը, քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են անում ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին:

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են 14 լրագրողներ

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է Ադրբեջանում, որտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության տվյալների, նավթագազային արտահանումները կազմում են երկրի ողջ արտահանման գումարային արժեքի մոտ 90%-ը և ապահովում են պետբյուջեի եկամուտների կեսից ավելին։

Իրավապաշտպան խմբերը, այդ թվում՝ Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (The Committee to Protect Journalists) բազմիցս նշել են, որ Ադրբեջանում բնապահպանական խնդիրներն ու կոռուպցիան հետաքննող լրագրողները թիրախավորվել են ու բանտարկվել: Նախորդ մեկ տարվա ընթացքում այդ երկրում ազատազրկվել է առնվազն 14 լրագրող՝ իր աշխատանքի պատճառով։

COP29-ի նախօրեին մեկ տասնյակից ավելի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել եվրոպացի առաջնորդներին ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին, երբ կմեկնեն այդ երկիր՝ մասնակցելու համաժողովին:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը և երկրի արտգործնախարարությունն անպատասխան են թողել «Ամերիկայի ձայնի» նամակները՝ արձագանքել իրավիճակին:

«Անընդունելի է, որ այնպիսի երկիր, ուր մարդու իրավունքների ոտնահարման պատմությունը [հայտնի է], խոսքն Ադրբեջանի մասին է, որը կոպտորեն խախտում է մամուլի ազատությունը, հյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովը»,- ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը։

«Մենք գործ ունենք պետության հետ, որը COP29-ին նախորդող մեկ տարում ցինիկաբար իրականացրեց մի շարք դատավարություններ՝ բանտարկելով իր ամենահայտնի լրագրողներին», – ընդգծեց Սայիդը:

Բաքվում ընթացող COP29-ի ֆոնին՝ հարկ է հիշեցնել, որ, օրինակ, անցած տարի Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել Սոյուդլու գյուղում բնապահպանական բնույթի բողոքի ակցիաները, որոնց ժամանակ տեղի բնակիչները դեմ էին հանդես գալիս ոսկու հանքի թունավոր թափոնները կուտակելու համար նախատեսված ջրամբարի կառուցմանը: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ ոստիկանները բերման էին ենթարկել, ծեծել, սպառնացել ցույցերը լուսաբանող առնվազն 6 լրագրողների:

Abzas Media անկախ պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Լեյլա Մուստաֆաևայի խոսքով՝ տարօրինակ է, որ ՄԱԿ-ի համաժողովն անցկացվում է «այն երկրներում, որտեղ մարդու իրավունքների վիճակը ծայրահեղ վատ է»։

«Ադրբեջանն այդ երկրներից է։ Տեղի ունեցածը զանգվածային հարձակում էր [լրագորղների դեմ]»,- Բեռլինից «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Մուստաֆաևան։

Խմբագրությունը հարկադրաբար թողել է Ադրբեջանը: Անցնող տարվա ընթացքում բանտարկվել են Abzas Media-ի մի քանի լրագրողներ:

Ադրբեջանում բանտարկված լրագրողներից է տնտեսագետ և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադան: Նա կալանքի տակ է ավելի քան հինգ ամիս։ Նրան առաջադրված մեղադրանքները, այդ թվում՝ արտարժույթի մաքսանենգության, ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ նախատեսում են մինչև 12 տարվա ազատազրկում։

Ֆարիդի կինը՝ Նարգիզ Մուխտարովան, ասում է, թե իր ամուսնու դեպքը ընդգծում է այն դաժան իրողությունը, որի հետ բախվում են լրագրողները Ադրբեջանում։

«Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է ազատ խոսել և հարցեր ուղղել [Ադրբեջանում] իշխանության մեջ գտնվող մարդկանց: [Ֆարիդի] դեպքը հստակ հիշեցում է, որ լրագրողներին հաճախ վերաբերվում են որպես սպառնալիքի, այլ ոչ թե որպես հասարակական զարգացմանը նպաստող անձանց, և սա արտացոլում է երկրում մարդու իրավունքներին և մամուլի ազատությանն առնչվող արհամարհական իրավիճակը»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Մուխտարովան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930