Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները

Նոյեմբեր 12,2024 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով:

Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես, Հայաստանը բանակցել է բարեխղճորեն կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման շուրջ, և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին Դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae):  Մասնավորապես, Դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները:  Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ` Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։ Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին և արձանագրել է, որ Ադրբեջանը ականապատումների վերաբերյալ առանձին պահանջ չի ներկայացրել, հետևաբար ներկայացված առարկությունը առարկայազուրկ է: Հայաստանը կվիճարկի և կապացուցի այդ պնդումների անհիմն լինելը գործի ըստ էության քննության փուլում։

 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930