Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել

Նոյեմբեր 12,2024 21:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ:

Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն «դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ», ուստի պետք է ապամոնտաժվի:

Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները:

Մեր արձագանքը

‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով․ «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի, պղծման, ոչնչացման  և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict. The Hague, 14 May 1954, article 4)։

Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը (Full list – Treaty Office (coe.int)), իր 4-րդ հոդվածով կողմերից պահանջում է խուսափել ճարտարապետական ժառանգության արժեքներն աղավաղելուց կամ քանդելուց

Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր  2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայց և չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է   ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը,  որն իր 19-րդ կետով  դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող  բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։

2024 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի սենատի բանաձևը նույնպես դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։

Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի  հաշվետվությունը»  իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930