Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի ներկայացրած երկու առարկությունները բավարարեց, մեկը՝ մերժեց

Նոյեմբեր 12,2024 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատասխանողի՝ դատարանին ներկայացված առաջին առարկությունը պետք է բավարարել։ Համապատասխանաբար դատարանը չունի իրավազորություն Ադրբեջանի գանգատի տեսանկյունից այն ենթադրյալ իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև 1996-ի սեպտեմբերի 15-ը։ Դատավարության համապատասխանելիությունն այս բողոքներով ավարտվում է, և հետևաբար կարիք չկա դատարանի համար դիտարկել կողմերի փաստարկները ընդունելիության մասով»,- Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման ժամանակ հայտարարեց Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Նավաֆ Սալամը։

Արդարադատության միջազգային դատարանը ՀՀ-ի ներկայացրած երկու առարկությունները բավարարեց, մեկը՝ մերժեց:

Նավաֆ Սալամը նշեց․ «ՀՀ-ն երեք առարկություն է ներկայացրել, առաջինը վերաբերում է դատարանի իրավազորությանը ժամանակային տեսանկյունից։ Դատարանը համարում է, որ տվյալ գործով դատարանի ժամանակային իրավազորությունը պետք է կապված լինի այն ամսաթվի հետ, որով վերցվել են համապատասխան պարտավորությունները երկու երկրների կողմից և կիսվել կողմերի միջև՝ այսինքն՝ 1996-ի սեպտեմբերի 16-ին, այլ ոչ թե այն օրը, երբ ՀՀ-ն է համապատասխան պարտավորություններ ստանձնել Կոնվենցիայով։ Դատարանը համարում է, որ 1991-ի հուլիսի 23-ից մինչև 1996-ի սեպտեմբեր, երբ Ադրբեջանը դեռ Կոնվենցիայի անդամ չի եղել, պայմանագրային հարաբերություններ այս կողմերի միջև գոյություն չեն ունեցել։ Ուստի, համապատասխան ժամանակահատվածում ՀՀ-ն՝ որպես կողմ իր պարտավորություններն ամրագրել է՝ կոնվենցիոն տիրույթում պարտավորություններ ակնկալելով պետություններից, բայց ոչ այն պետություններից, որոնք Կոնվենցիայի անդամ չեն եղել։ Դատարանը եզրակացնում է, որ 1996-ի սեպտեմբերի 15-ն այն ամսաթիվն է, երբ ձևավորվում է դատարանի ժամանակային իրավազորությունը»։

Դատարանը որոշեց, որ ՀՀ-ի ներկայացրած 2-րդ նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի իրավազորության չեղարկմանը ակաների մասով, մերժվում է։

Դատարանը բավարարեց ՀՀ-ի կողմից ներկայացված 3-րդ առարկությունը, ըստ որի՝ դատարանը չունի առարկայական իրավազորություն կոնվենցիոն տիրույթում Ադրբեջանի բողոքը դիտարկելու բնապահպանական տեսանկյունից։ Այս մասին դատարանի նախագահը պարզաբանեց․ «Դատարանը պետք է վստահ լինի, որ ենթադրյալ բնապահպանական վնասի գործողություններն առաջացնում են Կոնվենցիայի խախտումներ և Կոնվենցիայի տիրույթում են։ Դատարանը գտնում է, որ ՀՀ-ի կողմից ենթադրյալ խախտումները՝ անտառազրկման, բնական ռեսուրսների չարաշահման տեսանկյունից բխել են առևտրային նպատակներից։ Նույնիսկ, եթե դրանք տեղի են ունեցել, որևէ կերպ չեն ցուցաբերել վերաբերմունք, որը կարող էր կարգավորվել տվյալ Կոնվենցիայով։ Ուստի դատարանը չունի առարկայական իրավազորություն Ադրբեջանի գանգատը դիտարկելու բնապահպանական վնասի տեսանկյունից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930