Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ մարմինը՝ հարսանիքից փախած հարսնացու ու 106 բողոքավորների քննության, լրագրողական ամոթի բացակայության և այլ ուշագրավ փաստերի մասին

Նոյեմբեր 12,2024 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի ներկայացուցիչները՝ Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Դիտորդ մարմնի անդամ Աշոտ Մելիքյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագետ Հակոբ Կարապետյանն այսօր հյուրընկալվել էին Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում»։

Նրանք ներկայացրեցին Դիտորդ մարմնի առաքելությունը, գործունեությունը, Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի խախտումների առնչությամբ բողոքներով դիմելու ընթացակարգը։

Նրանք պարզաբանեցին, որ ԶԼՄ-ների հրապարակումների դեմ Դիտորդ մարմնին կարող են բողոք ներկայացնել անձինք ու կազմակերպությունները տվյալ հրապարակման օրվանից մոտ 3 ամսվա ընթացքում։

Դիտորդ մարմնի կողմից բողոքի քննության, եզրակացության ընդունման առավելագույն ժամկետը 2 ամիսն է։ Երրորդ անձի կողմից բողոք չի ընդունվում, Դիտորդ մարմնին կարող են դիմել միայն անձինք, որոնք գտնում են՝ լրատվամիջոցում իրենց իրավունքները խախտող հրապարակումներ են եղել։ Երրորդ անձանցից բողոք կարող են ընդունել այն դեպքում, եթե այն ներկայացնում է տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունը, և եթե բողոքը վերաբերում է տվյալ ՀԿ-ի շահառուին առնչվող հրապարակումներին՝ իհարկե, շահառուի հետ համաձայնեցնելով։

Դիտորդ մարմնի ներկայացուցիչները պարզաբանում են, որ իրենք քննություն կարող են անցկացնել վիրավորանքի դեպքում, զրպարտության դեպքում՝ ոչ, քանի որ զրպարտությունը լրացուցիչ հետաքննություն է պահանջում, իսկ իրենք քննչական մարմին չեն, նման գործերը գնում են դատարան։

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2007 թվականին 18 լրատվամիջոցներ միավորվեցին ու ստեղծեցին մեկ միասնական էթիկական կանոնագիր, իրենք էլ ընտրեցին ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին։ Այսօր, ըստ բանախոսի, կանոնագիրը ստորագրել են 85 ԶԼՄ-ներ, գործունեությանն աջակցում են 8 ՀԿ-ներ։

2007 թվականից մինչ այս պահը, Մեսրոպ Հարությունյանի տեղեկացմամբ, Դիտորդ մարմինը 106 բողոք է քննել՝ տալով փորձագիտական եզրակացություն կամ կարծիք։ Մոտ այդքան դիմումներ էլ եղել են բանավոր ընթացակարգերով, որոնք Դիտորդ մարմնի անդամների միջնորդությամբ լուծվել են։

«Դիտորդ մարմնի առաքելությունն է քննել կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություն։ Դիտորդ մարմնի գործունեությունը ծավալվում է բողոքների հիման վրա, սեփական նախաձեռնությամբ քննություն չի իրականացնում։ Դա ընդունված պրակտիկա է ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը։

Նա ընդամենը մեկ օրինակ հիշեց, երբ Դիտորդ մարմինը սեփական նախաձեռնությամբ է քննել մի թեմա, իհարկե, երկու կողմերից ստանալով համաձայնություն։

«Խոսքը վերաբերում է «Նյումեգ» հանդեսում 2014 կամ 2015 թվականին «Ո՞վ էր փախած հարսնացուն և ինչ եղավ նրա հետ հետագայում» հրապարակմանը։

Մի հարսնացու հարսանիքից փախել էր իր սիրած տղայի հետ, նրան զոռով էին պսակում, ինքն էլ հենց հարսանիքից փախել էր։ «Նյումեգն» այնպիսի հրապարակում էր արել, որ հնարավոր էր նույնականացնել այդ աղջկան, իսկ այդպիսի բան չի կարելի անել, դա, ըստ էության, խախտում է։ Երբ որ սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացավ, մենք դիմեցինք կողմերին, որոշ միջնորդությամբ այդ աղջկա կողմից համաձայնություն եղավ, նաև «Նյումեգը» համաձայնեց, որ մենք քննենք, տվեցինք եզրակացություն։ «Նյումեգը» հեռացրեց բոլոր այն տեղեկությունները, որոնցով հնարավոր էր նույնականացնել այդ աղջկան, հենց այդ ժամանակ էլ «Նյումեգը» ստորագրեց այդ կանոնագիրը և դարձավ Դիտորդ մարմնի անդամ, հրապարակեց նաև Դիտորդ մարմնի որոշումը։

85 լրատվամիջոցները, որոնք ընդունել են կանոնագիրը, ընդունել են նաև Դիտորդ Մարմնի իրավասությունը՝ քննելու իրենց գործողությունների և հրապարակումների համապատասխանությունը կանոնագրի դրույթներին և պատրաստակամ են իրենց լրատվամիջոցում հրապարակելու Դիտորդ մարմնի որոշումները։ Սա միակ պատիժն է՝ չակերտներով ասած, որ կարող է Դիտորդ մամինը սահմանել։

Դիտորդ մարմինը ո՛չ գլխատում է, ո՛չ քառատում ենք, ո՛չ էլ կախաղան ենք բարձրացնում, այլ ընդամենը պարտադրում ենք որոշումը հրապարակել իրենց լրատվամիջոցում։ Ավելի լավ կլիներ լրատվամիջոցը մի 50 հազար տուգանվեր, քան թե հրապարակեր, թե գիտեք Դիտորդ մարմինը համարել է, որ ես էթիկա եմ խախտել։ Բայց հրապարակումը որոշակիորեն բարձրացնում է տվյալ լրատվամիջոցի հեղինակությունը,-ասաց Մեսրոպ Հարությունյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Դիտորդ մարմնի անդամ Աշոտ Մելիքյանն էլ մի հետաքրքիր պատմություն վերհիշեց շվեդական օրինակից։

«Երբ մենք Շվեդիայում հետաքննող լրագրողների հետ հանդիպեցինք, նրանցից մեկն ասաց, որ մեդիա օմբուդսմանը՝ էթիկայի խախտումներ բացահայտող ինստիտուտը, իր հրապարակման մեջ խախտում է գտել և տուգանել է 15 հազար եվրոյին համարժեք կրոնով․ այնտեղ նաև տուգանքի ինստիտուտն է գործում։ Լրագրողն ասում էր՝ հերն էլ անիծած այդ գումարի, բայց գիտեք ամոթ էր, խայտառակ եղանք, որ մենք խախտել ենք էթիկայի նորմերը։ Այ, այդ ամոթի ինստիտուտը, ցավոք, Հայաստանում դեռ զարգացած չէ, ես նկատի ունեմ լրագրողական հանրության մեջ։ Եվ մինչև դա չարմատավորվի մեր երկրում և լրատվական դաշտում առաջին հերթին, գոնե մասամբ, մենք առաջ չենք գնա, այս կիսաջունգլի վիճակը կմնա»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ 2007 թվականին Էթիկայի կանոնագրի տակ առաջինը ստորագրած լրատվամիջոցի դեմ վերջին տարիներին անընդմեջ բողոքներ են ստացել։ Լրատվամիջոցը թեև Դիտորդ մարմնի եզրակացությունը բարեխղճորեն տեղադրել է, սակայն շարունակել է էթիկայի նույն նորմը խախտել, ինչը հարկադրել է տվյալ լրատվամիջոցին հեռացնել նախաձեռնությունից, քանի որ իմաստ չկար էթիկայի տեսանկյունից համագործակցությունը շարունակելու, դասեր չէր քաղում լրատվամիջոցը։

Թե որն է եղել Դիտորդ մարմնի քննած ամենաուշագրավ բողոքը, այս մասին` տեսանյութում

Քննարկման ամբողջական տեսանյութն այստեղ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930