Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց «Հյուսիսային տերեւաթափի» գործով նիստը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:
Այսօրվա նիստին դատարանը հետազոտեց ապացույցները՝ վերծանվեցին հեռախոսազրույցների ձայնագրությունները:
Կարդացեք նաև
«Տեղի ունեցած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները, որոնք հրապարակվում են, վկայում են, որ մեղադրանքը առնվազն հիմնավորված չէ որեւէ փաստական տվյալով: Միաժամանակ այդ հրապարակված փաստաթղթերից մի մասը ոչ միայն չի հաստատում մեղադրանքը, այլեւ հակառակը արդարացնող խոսակցություններ ու փաստական տվյալներ է պարունակում: Որոնք, իմ համոզմամբ, վերջնական վերդիկտում իրենց արժանի գնահատականը կստանան» ,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց այս գործով մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան՝ փաստաբան Զորայր Հարությունյանը:
Նա ասաց, որ այս պահի դրությամբ մեղադրանքի կողմը ամեն դատական նիստով մոտենում է գործի փլուզման. «Որովհետեւ նույն մեղադրական կողմի վկայակոչած փաստական տվյալներով մեղադրանքը չի հիմնավորվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ