Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանն իրավազորություն ունի քննելու ՀՀ-ի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատը»․ Միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի առարկությունները

Նոյեմբեր 12,2024 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դատարանը եզրակացնում է, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ռասսայական խտրականության կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունը շարունակում է գործել զինված հակամարտությունների ժամանակ։ Այդ իմաստով Կոնվենցիան ու միջազգային մարդասիրական իրավունքը փոխլրացնող են»,- քիչ առաջ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման ժամանակ հայտարարեց Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Նավաֆ Սալամը։

Դատարանը ձայների 16 «կողմ» և 1 «դեմ» հարաբերակցությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը դատարանի իրավազորության վերաբերյալ։ Նավաֆ Սալամը պարզաբանեց․ «Ուստի դատարանն իրավազորություն ունի քննելու ՀՀ-ի կողմից Ադրբեջանի դեմ 2021-ի սեպտեմբերի 11-ին ներկայացված գանգատը։ ՀՀ-ի պահանջները ռասսայական մոտիվացիա ունեցող պլանավորման, էթնիկ հայերի անհետացման հետ կապված տեղավորվում են Կոնվենցիայի ներքո։ Ուստի դատարանը եզրակացնում է, որ ՀՀ-ի կողմից ներկայացված պահանջները տեղավորվում են Կոնվենցիայի շրջանակի մեջ։ Ըստ այդմ՝ դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանի ներկայացրած երկրորդ նախնական առարկությունը դատարանի իրավազորության վերաբերյալ ենթակա է մերժման»։

Ձայների 15 «կողմ» և 2 «դեմ» հարաբերակցությամբ դատարանը մերժեց նաև Ադրբեջանի կողմից ներկայացված մյուս նախնական առարկությունը։

Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հայտարարեց․ «Դատարանը գտնում է, որ ՀՀ բողոքում ներկայացված գործողությունները, որոնք վերաբերում են կամայական ազատազրկմանը, հարկադիր անհետացմանը հայազգի քաղաքացիական անձանց նկատմամբ կարող են առաջացնել խտրական վերաբերմունք, որը հիմնված է էթնիկ ծագման վրա՝ մասնավորապես այն հայերի նկատմամբ, որոնք բնակվում են ԼՂ-ում»։

Ըստ դատարանի՝ ՀՀ-ի ներկայացրած պահանջները, որոնք վերաբերում են խտրականությանը, որի հիմքում էթնիկ ծագումն է, տեղավորվում են Կոնվենցիայի շրջանակի մեջ։

Նշենք, որ դատարանի վճռի տեքստը շուտով հասանելի կլինի Միջազգային դատարանի պաշտոնական կայքէջում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930