Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Ստիպված կատարել ենք քայլ, որն իմ համար շատ ցավալի է. ներկայացրել ենք բողոք Եվրոպական դատարան «Վիգեն Սարգսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»

Նոյեմբեր 12,2024 18:55

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գույքի բռնագանձման պահանջով դատական նիստը, որին տեսակապի միջոցով մասնակցեց նաու ներկայումս արտերկրում բնակվող Վիգեն Սարգսյանը:

Նիստն սկսվելուց առաջ հանրային մեղադրող Արման Նշանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որը վերաբերում էր մեղադրյալի հեռակա, տեխնիկական միջոցներով մասնակցությանն իրական դատաքննությանը: Նրա խոսքով, սույն ինստիտուտը ըստ էության նորություն է մեր օրենսդրության մեջ: Սակայն ինքը չի զլացել, ուսումնասիրել է միջազգային փորձը եւ քննարկումներ է ունեցել օրենքի նշված նախագծի հեղինակների հետ: «Ես պնդում եմ, որ մեղադրյալ Վիգեն Սարգսյանը որեւէ կերպ սահմանափակված չէ իրավունքներով, որպեսզի հնարավորություն  ունենա եւ ֆիզիկապես ներկա լինի ու ֆիզիկապես մասնակցի սույն դատական քննությանը»,-ասաց Արման Նշանյանը:

Վիգեն Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը առարկեց՝ նշելով, որ ՀՀ սահմանադրության այն նորմը, որը նախատեսում է, որ անձն ունի պաշտպանության իրավունք եւ քրեական դատավարության այն ընկալումը, որ անձն իրավունք ունի իր պաշտպանությունն իրականացնել անձամբ, չեն վերացվել եւ գործում են: «Համոզված եմ, որ պատվարժան դատարանը ՀՀ սահմանադրությամբ եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այդ իրավադրույթներն է հաշվի առել, որ թույլ է տվել պարոն Սարգսյանին տեսակապի միջոցով անձամբ մասնակցել դատական նիստերին եւ իր իրավունքների պաշտպանությանը»:

Փաստաբանը տարակուսանք հայտնեց, թե իր պաշտպանյալի մասնակցությունը ինչով է խանգարում հարգելի հանրային մեղադրողին, թեեւ նրա խոսքով, եթե հետ գնալու լինեն գործի դատավարական նախապատմություն, ապա վարույթն իրականացնող մարմինը գործուն բոլոր միջոցառումներն իրականացրել է այս վարույթին Վիգեն Սարգսյանի մասնակցությունը բացառելու համար:

«Ի՞նչ արեց: Մենք այս մասին ասել ենք: Ստացավ դատարանի որոշում պարոն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում եւ դրանով բացառեց Վիգեն Սարգսյանի մասնակցությունը: Հիմա հարգելի պարոն Նշանյանը այդ ճանապարհով շարունակում է գնալ:

Փորձում է բացառել Վիգեն Սարգսյանի պաշտպանությունը իր վերաբերյալ գործին մասնակցությունից»,-ասաց փաստաբանը եւ համոզմունք հայտնեց, որ դատարանը այլ որոշում չի կայացնի եւ կշարունակի թույլատրել հեռակա տեսակապով Վիգեն Սարգսյանի մասնակցությունը իր վերաբերյալ քրգործի քննությանը: Առավել եւս, որ ՀՀ քրեական օրենսգիրքը եւ ՀՀ սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս են:

Նիստին ներկա տուժողները առարկություն չարտահայտեցին, որ Վիգեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցի դատական նիստին:

Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդեց, որ Վիգեն Սարգսյանը դիրքորոշում արտահայտելու հնարավորություն ունենա, ինչը նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը բավարարեց:

«Կուզեմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել: Այս գործի քննությունը տեւում է գրեթե չորսուկես տարի, մինչեւ դատարան հասնելը: Ինձ այս գործի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2019 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությունից: Անմիջապես նույն օրը ես կատարել եմ հանրային հայտարարություն այդ գործի հետ կապված: Ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել եւ նույն օրը իմ շահերի պաշտպան նշանակել եմ պարոն Ամրամ Մակինյանին: Ամրամ Մակինյանը ներկայացրել է այդ լիազորագիրը, իր վկայականի պատճենը քննչական մարմնին: Միակ պատասխանը, որ մենք ստացել ենք, այն է եղել, որ ես գործով կարգավիճակ չունեմ եւ այդ պահին նրա ներգրավումը նպատակահարմար չէ:

Այս գործի մեղադրանքը ինքն-իրենով այնպիսին է, որ չի կարող մեղադրյալ կամ կասկածվող չլինի: Այսինքն, խոսքը չի վերաբերում չբացահայտված սպանությանը, որտեղ դիակ կա, իսկ կասկածյալ դեռ չկա: Հոդվածներն այնպիսին են, որ եթե չկա պաշտոնյա, որն անցել է իր լիազորությունները, ուրեմն չկա նաեւ հանցագործություն: Ակնհայտ է, որ դատախազությունը առաջին օրվանից, եւ քննչական մարմինը ինձ դիտարկել են որպես այս գործով առնվազն կասկածյալ: Այնուամենայնիվ, դրանից հետո երեք տարվա ընթացքում, մինչեւ 2022 թվականի ավարտը որեւէ լուր մենք չենք ստացել քննչական մարմնից: Հիմա գործի նյութերից տեսնում ենք, որ տուժողները ստացել են, որ, օրինակ, քննչական խումբ է ձեւավորվելու, մարդիկ են հարցաքննվել: Ընդ որում, այդ մարդկանց խումբն այնպիսին էր, որ առանց գոնե միաժամանակյա հարցաքննելու շատ դժվար է եզրահանգման գալ: Երկու անգամ ձեւական ծանուցագիր է ուղարկվել որպես վկա գալու: Այնինչ, քննչական մարմինը ունեցել է իմ պաշտպանի տվյալները եւ իրեն դրա մասին չի հայտնել: Ընդ որում, այդ ժամանակ իմ լիազորագիրը ամբողջությամբ ուժի մեջ է եղել: 2023 թվականին, երբ որ որոշել են մեղադրանք առաջադրել, եւս չեն հայտնել՝ ասելով, որ այդ ժամանակ լիազորագրի ժամկետն արդեն սպառված է եղել:

Արման Նշանյանի այսօրվա հայտարարությունը միայն ապացուցում է, որ ի սկզբանե եղել եւ այսօր էլ շարունակվում է հստակ միտում: Ես շատ ցավով եմ դա ընկալում, որովհետեւ իմ ընկալման մեջ որպես պետությանը երկար տարիներ ծառայած մարդու, դատախազությունը, ինչքան էլ պետական մեղադրանքն է պաշտպանում, առաջին հերթին պետք է արդարադատության շահը պաշտպանի եւ պետք է գոնե անմեղության կանխավարկածը պարզապես սեղանից դեն չնետի»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը եւ սրտի ցավով հայտարարեց, որ հաշվի առնելով մինչ այս եղած իրենց բոլոր միջնորդությունները եւ եղած մերժումները՝ ինքը ստիպված է եղել խորհրդակցել Հայաստանի տարածքից դուրս միջազգային իրավունքի մասնագետների հետ, որոնք պնդում են, որ այն երկու միջնորդությունները, որոնք այս պահին մերժվել են, երկուսն էլ հակասում են իր իրավունքների պաշտպանության առանցքային հիմքերին: «Մեկը վերաբերում է քննչական ենթակայության խախտմանը, երկրորդը՝ գործի քննության ընթացքում վաղեմության ժամկետի լրանալուն: Երկու դեպքում էլ դատարանն ասել է, որ սրանք կալանքի քննարկմանը չվերաբերող հարցեր են: Միջազգային իրավունքի, հատկապես, եվրոպական իրավունքի մասնագետները, գտնում են, որ դա այդպես չէ: Եվ ստիպված, մենք կատարել ենք քայլ, որն իմ համար շատ ցավալի է: Մենք ներկայացրել ենք բողոք Եվրոպական դատարան, որն իմ համար իր վերնագրով իմ ողջ կյանքին, իմ ողջ ծառայությանը հակասություն է՝ «Վիգեն Սարգսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Ես կարծում եմ, որ այն, ինչ հիմա առաջարկում է պարոն Նշանյանը, միայն ուժեղացնում է այդ բողոքը եւ այդ բողոքի հիմքում դրված փաստերը: Ես վստահ եմ, որ պատվարժան դատարանը չի բավարարի այդ միջնորդությունը, որտեղ որեւէ հիմք, թե ինչու պետք է մեղադրյալը չմասնակցի իրեն վերաբերող գործին եթե դրա հնարավորությունը կա, ես չեմ տեսնում»,-հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Դատարանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ նշելով, որ հաշվի է առնում արդարադատության շահը: Սարգիս Դադայանը գտավ նաեւ, որ կարող են շարունակել դատալսումը, քանի որ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, որի քննարկումը կիսատ էր մնացել:

Փաստաբան Ամրամ Մակինյանը ներկայացրեց սույն քրեական վարույթը կարճելու իր միջնորդությունը եւ դրանց հիմքերը՝ խնդրելով դատարանին սույն միջնորդության քննության արդյունքներով ընդունված ցանկացած որոշում շարադրել գրավոր, առանձին փաստաթղթի տեսքով: Հանրային մեղադրողը առարկեց միջնորդության դեմ:

Դատավորի ծանրաբեռնվածության պատճառով այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930