«Մետրո» թատրոնը Ժան Պոլ Ալեգրի ստեղծագործության հիման վրա Սոնա Մարտիրոսյանի բեմադրած «Տրավիատա կրկես» ներկայացմամբ մասնակցել է Իրանի Համադան քաղաքի երիտասարդական միջազգային թատերական փառատոնին եւ վերադարձել գլխավոր մրցանակով, որը շնորհվել է էր «Լավագույն ներկայացում» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:
Aravot.am-ի հետ զրույցում բեմադրիչ Սոնա Մարտիրոսյանը հետեւյալը նշեց. «Տրավիատա կրկեսը» մի քանի այլ փառատոների էլ է մասնակցել եւ վերադարձել մրցանակներով: Իրանական փառատոնից մեծ ակնկալիքներ չունեինք, պարզապես ուրիշ մշակույթ էր, որի հետ մոտիկից առնչվելը մեզ համար շատ հետաքրքիր էր: Փառատոնին մասնակցում էին ավելի քան 40 պարսկական թատերախմբեր, թատերախմբեր արտասահմանից՝ Բրազիլիայից, Ռուսաստանից, Իրաքից, Թուրքիայից եւ այլ երկրներից: Ի դեպ, Թուրքիայի թատերախմբի հետ նույն օրն ենք խաղացել: Պարզվեց՝ շահել ենք գլխավոր մրցանակը, որը ներառում էր «Լավագույն ներկայացում» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերը»:
Նրանից տեղեկացանք, որ Մետրո թատրոնը փառատոնին մասնակցել է 17 հոգով՝ ներառյալ լուսավորողը, ձայնային օպերատորը, նկարիչը: Սոնա Մարտիրոսյանը մի հետաքրքիր դրվագ պատմեց իրենց ուղեւորությունից. «Պարզվեց ներկայացման դեկորները մնացել էին օդանավակայանում եւ տեղ չէին հասել, ու մենք չունեինք պարագաներ՝ խաղալու համար, բայց կես օրվա ընթացքում ամբողջ դեկորները պատրաստել էին: Մենք ապշած էինք իրենց սրտացավ ու ջերմ վերաբերմունքից: Երկու ներկայացում ենք խաղացել, հանդիսատեսը խնդրում էր, որ երրորդն էլ խաղանք: Մեր ներկայացմանը ներկա էր նաեւ Իրանի մշակույթի նախարարի տեղակալը: Մոտեցավ, անձամբ շնորհակալություն հայտնեց թատրոնի տնօրինությանը եւ թատերախմբին, շատ տպավորված էր: Մեր ներկայացման մեջ հայերեն երգ էր հնչում, անգամ այդ երգն էր հասկացել հանդիսատեսը»:
Իրանական փառատոնում ընդգծել են, որ հայկական թատրոնի ներկայացումը շոշափում է համամարդկային հարցեր, որոնք բնորոշ են բոլոր երկրներին ու ժողովուրդներին: Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ հանդիսատեսը ջերմ էր, չնայած լեզվական արգելքին, շատ լավ հասկացել ու արձագանքել է: Հավելեց, որ ընդհանրապես հայերի հանդեպ Իրանում ջերմ վերաբերմունք կար:
Մեր զրուցակիցը իր երախտագիտությունը հայտնեց իրանահայ թատերական գործիչ, բեմադրիչ Ալբերտ Բեգիջանյանին, որը թատերախմբի կողքին է եղել ամեն առումով եւ տարել մշակութային հնավայրեր: Իսկ Համադան քաղաքի եկեղեցում «Մետրոյի» դերասանները հայկական եկեղեցում հայերեն երգ են երգել, ինչի մասին հրապարակումներ են եղել Իրանի թերթերում: Հայկական թատերախմբի հաջողությունները եւս տեղ են գտել իրանական լրատվամիջոցներում: Ինչպես արդեն նշվեց, Հայաստանից ժամանած խումբը հյուրախաղերի ընթացքում այցելել է նաև Հեգմաթանի պատմամշակութային տարածք, որտեղ գտնվում են հայկական երկու՝ Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Ստեփանոս-Գրիգոր եկեղեցիները:
Նշենք, որ Սոնա Մարտիրոսյանը 25 տարի աշխատում է «Մետրո» թատրոնում՝ սկզբում որպես դերասանուհի, հետո ստուդիայում՝ որպես դերասանի վարպետության եւ բեմական խոսքի դասախոս, ներկայումս էլ ներկայացումներ է բեմադրում, դրանց մի մասը շրջագայել է տարբեր երկրներում: «Տրավիատա կրկեսը» գրան պրի է շահել Սոչիում, իսկ Սանկտ Պետերբուրգի Բրյանցեւի անվան միջազգային փառատոնում արժանացել երկրորդ մրցանակի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սոնա Մարտիրոսյանը