Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Նոյեմբեր 12,2024 17:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Աննա Գրիգորյանն իր ելույթով ցույց տվեց` այս լսումը հրավիրելու՝ ընդդիմության իրական նպատակը։ Հարգելի ընդդիմադիրներ, կարծում եմ՝ Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա։ Դուք ընդամենն ուզում եք գերիների առկայությունն Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի։ Հենց հիմա դուք դա եք փորձում անել»,- ՀՀ ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն կարծիքին, թե գերիների հարցով չկա հստակ, հրապարակային պետական դիրքորոշում, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Պարոն Ռուստամյան, լո՞ւրջ եք ասում․ ինչը հստակ չէ։ Այսինքն՝ ինչ-որ մեկն այստեղ կասկածո՞ւմ է, որ ՀՀ կառավարությունն ուզում է, որ գերիները վերադառնան։ Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց բոլոր հայտարարություններում ու գործողություններում նշում են հայ ռազմագերիների՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը։ Ի՞նչը այստեղ հստակ չէ։ Կամ որ ասում են՝ մենք լռում ենք։ Երբ իրար հետ Հռոմում էինք, և բանաձևերից մեկում ընդգրկվեց ռազմագերիների վերադարձի մասին կետ, դա իմ լռությա՞ն, թե՝ իմ չլռության արդյունքում մտցվեց»։

Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ 2020-ից ի վեր հարյուրավոր գերիներ են վերադարձել տարբեր փուլերում ու ասաց․ «Էդ փուլերից առաջ ԱԺ-ն հայտարարությո՞ւն էր ընդունում, որ վերադառնում էին։ Ի՞նչ կապ ունի։ Էլ ուրիշ թեմա չի մնացել, որոշել եք կապիտալիզացնել գերիների առկայության հարցը քաղաքական նպատակով։ Ձեր իրավունքն է, ինչ ուզում եք, արեք։ Իրականում հայ ռազմագերիները կվերադառնան, թե՝ ոչ կախված է ոչ թե այս նիստից կամ մեր հայտարարությունից, այլ ՀՀ դիվանագիտական աշխատանքից ՀՀ կառավարության, ԱԺ մակարդակով։ Բոլոր մեր ընդդիմադիր գործընկերներին, որոնք չեն գնում միջխորհրդարանական վեհաժողովներին, չեն մասնակցում ԱԺ պատվիրակության միջազգային այցերին՝ պատճառաբանելով, որ մենք սրանց հետ տեղ գնալու չունենք, խորհուրդ եմ տալիս դադարել դա անել և ակտիվ լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքի»։

Հիշեցնենք՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՔՊ-ն տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության ընդունումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930