Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն ուներ քաղաքական որոշում՝ հայտարարությանը դեմ քվեարկելու»․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 12,2024 17:22

Թեեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հայտարարության տեքստը նախապես տրամադրվել էր նաեւ իշխող քաղաքական ուժին` այն այսօր խորհրդարանում բովանդակային քննարկման չդրվեց․ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում քննարկվում էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների առաջարկած նախագիծը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի՝ ԱԺ հայտարարության մասին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց հայտարարության նախագծի քվեարկությանը՝ տապալելով հայտարարության ընդունումը։

«Իշխանությունն ուներ քաղաքական որոշում՝ հայտարարությանը դեմ քվեարկելու։ Այս պարագայում դա արտահայտվեց չքվեարկելով եւ նախագիծը, որը հայտարարության ձեւով ներկայացվեց, պարզապես տապալվեց, այն պարագայում, երբ Ադրբեջանն իր բառապաշարը Հայաստանի նկատմամբ բավականին կոշտացնում է, վերահաստատում է իր նախապայմանները «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Այս հայտարարության ընդունման տապալումը Տիգրան Աբրահամյանը զուգահեռում է իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի՝ օրակարգից հանելու հետ, ինչի մասին խորհրդարանում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Տարիներ շարունակ ՀՀ-ն պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման, ժխտողականության դեմ, ՀՀ ԱԳ նախարարությունը թուրքադրբեջանական նարատիվների մեջ տեղավորվող հայտարարություն է անում։ Նույնն էլ սրան է վերաբերում. ամբողջ աշխարհից տարբեր կոչեր են հնչում գերիների վերադարձի մասին, բայց ՀՀ խորհրդարանում ներկայացված իշխանական խմբակցությունը այսպիսի զավեշտալի քայլ է անում»։

ՀՀ իշխանության այս քայլը Տիգրան Աբրահամյանը նվեր է համարում Ադրբեջանին եւ հնարավորություն՝ արտաքին աշխարհում տարբեր դերակատարողների հետ հանդիպումներում ի ցույց դնելու գերիների վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոտեցումը․ «Սա վատ նախադեպ է դառնալու՝ ադրբեջանական քարոզչական էլեմենտներն առաջին պլան բերելու»։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելում է՝ գերիների թեման ՀՀ իշխանությունների համար երբեք առաջնային օրակարգ չի եղել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930