Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ անում է հայաստանյան իշխանությունը, պարզապես ուրացում է․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 12,2024 17:18

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանին այս կամ այն լուծման պարտադրումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական բանակցություններով պայմանավորելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ի ցույց է դնում Թուրքիայի իրական նպատակներն ու պատկերացումները Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համատեքստում:

Ի հեճուկս Թուրքիայի այս տրամադրությունների, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, ԱԳՆ օրակարգ չէ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ ուղիղ անվտանգության խնդիր է: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը հնարավորություն է տվել երկար տարիներ զսպել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, քանի որ Անկարան սեփական պատմության հետ հաշվի նստելու հարցում միջազգային ճնշման ներքո է գտնվել։

Թերևս դրանով է պայմանավորված, որ Թուրքիան երկար տարիներ շատ մեծ ջանքեր է ներդրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլ հարթություն տեղափոխելու ուղղությամբ։ Այդ նպատակով Անկարայից անընդհատ փորձ է կատարվում թեման միջազգային հարթությունից փոխադրել պատմաբանների տիրույթ, ստեղծել պատմաբանների հանձնաժողով ու կասկածի տակ դնել պատմական իրողությունը։

Իսկ հիմա թուրքական ջանքերին արդեն միացել է հայաստանյան գործող

իշխանությունը՝ կանաչ լույս վառելով թուրքական ժխտողականության համար:

Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգությունների կրկնությամբ։ Սրանով է նաև պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ դա ամրագրել են տարբեր բանաձևերով: Ոչ միայն Հայաստանը, այլ մեծ թվով երկրներ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ տասնամյակներով պայքար են տարել թուրքական ժխտողականության դեմ՝ համարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պայքար է հանուն պատմական ճշմարտության, այլ միջոց է կանխելու հետագա ցեղասպանությունները:

Ցեղասպանության ճանաչումն է, որ կարող է նաև ճանապարհ հարթել երկու ժողովուրդների հաշտեցման համար և փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը, իսկ այն, ինչ անում է հայաստանյան իշխանությունը, պարզապես ուրացում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930