Լրահոս
Օրվա լրահոսը

3․5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված 5 անդամ է կալանավորվել

Նոյեմբեր 12,2024 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է  պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։

Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն:

Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի և Արարատի մարզային քննչական վարչությունների քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ ծավալուն քննչական և վարութային այլ գործողություններ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհին հարակից ձորակում, հայտնաբերվել է պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթը: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Երևան քաղաքի երկու և Ապարան քաղաքի բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված հինգ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը  շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930