Նոյեմբերի 4-ից 7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։
Կարդացեք նաև
Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային իրավապահ համագործակցության խթանմանը:
Ելույթ են ունեցել Կազմակերպության նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քննարկվող թեմաներն ընդգրկում էին միջազգային հանցավորության դեմ պայքարում կենսաչափական տվյալների հնարավորությունների, արհեստական բանականության օգտագործման հարցեր:
Ինտերպոլի պատասխանատուները ներկայացրել են Ֆայլերի վերահսկման հանձնաժողովի աշխատանքը, 2023 թ. ֆինանսական տարվա հաշվետվությունը, 2025-2027 թթ. գործունեության պլանը և Կազմակերպության հիմնարար փաստաթղթերում առաջարկվող փոփոխությունները:
Վեհաժողովի ընթացքում Ինտերպոլի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Վալդեսի Ուրքուիզան։
Վեհաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև Ինտերպոլի Գործադիր կոմիտեի ընտրություններ, ընտրվել է 9 նոր անդամ:
Վեհաժողովի շրջանակում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Կազմակերպության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: