Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեի նախագիծը քննարկվել է, եւ պատգամավորները բարձրացրել են իրենց հուզող հարցերը

Նոյեմբեր 12,2024 15:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա տեղեկացմամբ հոկտեմբերի 28-ից ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում պետական բյուջեի նախագիծը քննարկվել է, եւ պատգամավորները, որոնց թվում՝ ընդդիմադիր, բարձրացրել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել դիտարկումներ:

«2025 թվականի համար կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին՝ միջինում 5,5 տոկոս: Նշեմ, որ կանխատեսված սցենարում 2021-2026 թվականներին միջինում տնտեսական աճը կազմում է 7,3 տոկոս, որը փոքր-ինչ բարձր է Կառավարության նպատակադրած 7 տոկոս տնտեսական աճի թիրախից: Այսպիսով, ներկայացման նման տարբերակը թույլ է տալիս օրենսդիր մարմնին ավելի կանխատեսելի բյուջե ունենալ եւ մեծ պատկերում գնահատել իրավիճակը»,- մասնավորապես ասել է հանձնաժողովի նախագահը՝ հաջորդիվ անդրադառնալով նախագծի հոդվածներին:

Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Հարցի վերաբերյալ հարակից ելույթ է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը բավականին հավասարակշռված, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված խնդիրները լուծելուն միտված նախագիծ է: «Ուզում եմ նշել, որ եկող տարվա ՀՀ պետական բյուջեն հարկաբյուջետային կանոնների հստակ պահպանմամբ է նախագծվել: Այսինքն՝ եկող տարի նախատեսվող կապիտալ ծախսերը գերազանցում են մեր բյուջեի պակասուրդին: Սա նշանակում է, որ մենք ավելի շատ միտված ենք երկարաժամկետ կայուն աճի հիմքեր ստեղծելուն»,- ընդգծել է նա:

Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 13-ին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930