Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր 150 տարեկան դպրոցը, որի տարիքին էլ չէ մեր հարևանը, շան ոտքի կոխան է դարձել». նշվեց Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցի 150-ամյակը

Նոյեմբեր 12,2024 14:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցը 150 տարեկան է: Այն 1998-ից կրում է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանի անունը: Ավետարանոցը Արցախի Վարանդայի մելիքության կենտրոնն էր, իսկ վանքը՝ Վարանդայի տիրակալներ Մելիք-Շահնազարյանների սրբավայրն ու տապանատունը: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, այդ դպրոցի շրջանավարտ եւ ուսուցիչ  Կամո Աթայանը նշեց, որ Ավետարանոցի դպրոցը մի շարք առանձնահատկություններ ուներ, այնտեղ աշխատում էր հայտնի մանկավարժական եռանկյունին՝ դպրոց, ընտանիք , հասարակություն: Նա ընդգծեց, որ Ավետարանոցի դպրոցում պատահական մարդիկ չեն եղել, աշխատել են նվիրյալ ուսուցիչներ: Կամո Աթայանի ձեւակերպմամբ, միջավայրն այնպիսին էր, որ ուսուցիչները ստեղծագործաբար էին աշխատում:

«Երբ 2005թ.-ին տոնեցինք գրերի գյուտի 1600-ամյակը, դա բիբլիական երանության նման մի բան էր… Այդ օրերին ես ավելի խորն եմ զգացել իմ արմատները Հայոց արեւելից կողմանց: Եվ Հայոց արեւելից կողմանց մշակույթը մեկ անգամ չէ ավերի ու ավարի ենթարկվել: Իսկ այսօրվա խորհուրդն ինձ համար ինքս դեպի ինձ գնալն է, ինքս ինձ ճանաչելն է, ինքս ինձ նորից մոտենալն է, ինձ գրկելն է:

Մի հետաքրքիր բան կա Վաչագան թագավորից մեզ փոխանցված, որ կրթության նկատմամբ, չեմ ամաչում այդ բառից, կար դավանանքի, պաշտամունքի հասնող մոտեցում Արցախում: Վաչագան թագավորը կառուցել է 365 եկեղեցի, որը ենթադրում էր այդքան գրչատուն եւ դպրատուն: Եվ այդ նկարազարդ մատյանների, տարբեր ժամանակներում արվեստավոր գրական խոսքի հետ մեզ է փոխանցել կրթության նկատմամբ պաշտամունքային մոտեցումը:

Ավետարանոցը մեր Արցախի կրթական համակարգում դիմացկուն, անհողդողդ, նախանձախնդիր, կրթության  եւ կրթության որակի համար մարտնչող դպրոցներից է, որն իր ոսկեդարն ապրել է խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրենն էր Իվան Աթայանը:

Ավետարանոցի դպրոցը, որը նախկինում գործել է մելիքական գրասենյակի տարածքում, հավատարիմ էր նախնյաց հայանպաստ եւ մշակութանպաստ վարքին: Ես շատ  կրթական  համակարգեր եմ առիթ ունեցել ուսումնասիրել, բայց Ավետարանոցի դպրոցի համակարգը մանկավարժական կոնցեպտի  եւ մնացյալի առումով հանրակրթության մի այնպիսի նշաձող էր սահմանել, որին  աշխարհի առաջադեմ համարվող շատ դպրոցներ կնախանձեին: Սա չափազանցություն չէ։

Եվ շատ վիրավորական է, որ Արեւելից կողմանց այս 150 տարեկան դպրոցը, որի տարիքին էլ չի մեր հարևանը, շան ոտքի կոխան է դարձել այսօր: Շատ ծանր է մեզ համար, ես շատ ծանրացող խոհերով եմ ես այստեղ, որովհետեւ այդ երկրում COP29 է իրականացվում, որը 21-րդ դարի ամենամասշտաբային կեղծիքն է: Բայց միեւնույն է, դա չպետք է խանգարի, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կառուցի իր տեսլականը, Արցախի վերադարձի իր տեսլականը: Ես օրինակ այսօր փորելու եմ կրթության իմ խրամատը, դա նշանակում է Արցախի կրթության համակարգի տարեգրության ամբողջականացում, որը շատ խոսուն վկա է, պայքարի հանելու շատ ուժեղ գործիք է եւ իսկապես  պետք է տեր կանգնենք մեր կրթական շատ հարուստ ժառանգությանը եւ խնամքով փոխանցենք սերունդներին »,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը:

«Պատերազմից հետո, երբ մենք 2000 քառակուսի մետր էինք, մենք 5 Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ենք տարել՝ բաց վերքով, դպրոց ենք բացել, 3 Թումո տուփեր ենք տարել, այսինք ապագան կառուցել ենք կրթության տեսլականով: Ու աննկարագրելի ծանր է այն, ինչ հիմա ես ապրում եմ: Մեր կրթական համակարգի վիճակագրության մեջ տոկոսային առումով, եթե հանենք դասավանդող եւ աշակերտական կազմի պատկերը Արեւելից կողմում, ապա փաստ է, որ այսօրվա քոչվորներն ընդհանրապես չկային այն ժամանակ:Այդ ցուցանիշներով կարելի է դուրս գալ մարտի, բայց ունենք այն, ինչ ունենք»,-հավելեց տիկին Ղարախանյանը:

Վիտալի Ասլանյանը եւս Ավետարանոցի դպրոցի շրջանավարտ է, 1976-ին է ավարտել:  Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ համբավավոր դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է կենսաբանության ֆակուլտետ, մի որոշ ժամանակ աշխատել կենսաբանության ոլորտում, ապա զբաղվել հրատարակչական գործով: Ու հիմա թեեւ  կյանքը կապվել է Հայաստանի հետ, բայց իրեն համարում եմ Ավետարանոցի բնակիչ…  «Ցավոք այսօր Ավետարանոցը մերը չէ»,-հուզված ասում է մեր զրուցակիցը:

Ասլանյանի խոսքով. «Ավետարանոցի դպրոցը մի շարք առանձնահատկություններ ուներ, օրինակ արտադրական բրիգադ ուներ: Շատ հետաքրքիր դրվածք կար՝  աշակերտներն աշխատում էին, արտադրում էին միրգ, բանջարեղեն, որը  կամ կոլտնտեսությունն էր վերցնում, կամ ուսուցիչներն ու աշակերտներն էին օգտվում: Դա հետաքրքիր աշխատանքային ուսուցում էր ու դաստիարակչական մեծ նշանակություն ուներ»:

Նշենք, որ Ավետարանոց գյուղի 150-ամյա դպրոցի համառոտ տարեգրությունն  ամփոփող գիրք է հրատարակվել, գրքի հրատարակությունը  հովանավորել են դպրոցի շրջանավարտներ Ժիրայր Աթայանը, Արտիկ Մնացականյանը եւ Վրեժ Թադեւոսյանը, գրքի առաջաբանը գրել է Կամո Աթայանը: Ի թիվս այլնի՝ գրքում անդրադարձ կա նաեւ Արցախի ազգային-ազատագրական պայքարում անմահացած շրջանավարտներին: Նրանց գերեզմանները մնացել են Արցախում…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930