Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի վարչապետն առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին Մակրոնի և այլ երկրների ղեկավարների հետ է հանդիպում, այդտեղ ի՞նչ խնդիր եք տեսնում»․ Հրաչյա Հակոբյան

Նոյեմբեր 12,2024 14:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նոյեմբերի 9-ը ինձ համար շատ ցավոտ օր էր»,- լրագրողների հարցին՝ ի՞նչ օր է Ձեզ համար նոյեմբերի 9-ը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոյեմբերի 9-ին Եռաբլուր գնացե՞լ է, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց՝ Երևանում չեմ եղել։

Հարցին՝ ճի՞շտ եք համարում, որ իշխանությունն այդ օրը չի այցելում Եռաբլուր, պատգամավորը այսպես պատասխանեց․ «Իշխանությունը տարբեր օրեր այցելում է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում և′ 2020-ի պատերազմի զոհերին, և′ ընդհանրապես բոլոր պատերազմների զոհերին»։

 

Լրագրողները, զուգահեռներ տանելով Ադրբեջանի նախագահի կնոջ և ՀՀ վարչապետի տիկնոջ հրապարակումների միջև, հարցրին՝ ինչպե՞ս է, որ Ադրբեջանի նախագահի կինը հրապարակում է Ադրբեջանի ծածանվող դրոշը, իսկ Աննա Հակոբյանը նման հրապարակումներ չի անում, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց․ «Ես առհասարակ չեմ հետևում, թե Ադրբեջանի նախագահի կինն ինչ հրապարակումներ է անում։ Կարող եմ ասել, որ որոշ լրատվամիջոցներ ավելի շատ հետևում են Ադրբեջանի նախագահին ու նրա ընտանիքների հրապարակումներին, քան մեր երկրի պաշտոնյաներին»։

Լրագրողները հարցրին՝ իր համար ընդունելի՞ է այն, որ ՀՀ վարչապետն անվտանգային խնդիրները թողած` հեծանիվ է վարում, Հրաչյա Հակոբյանը հեգնեց․ «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ հաց էլ են ուտում։ Երբ ՀՀ վարչապետն առավոտյան ժամը 6-ին հեծանիվ է քշում, որևէ մեկին խանգարո՞ւմ է։ Նիկոլ Փաշինյանը ոչ աշխատանքային ժամին քշում է հեծանիվ, աշխատանքային ժամին զբաղվում է նաև անվտանգային հարցերով»։

Լրագրողները նկատեցին՝ հեծանիվ վարելիս նրա անվտանգությունն ապահովելու համար բյուջեից գումարներ են ծախսվում, պատգամավորը ծիծաղելի համարեց, որ կարող է նման բան լինել։

Հարցին՝ արդյոք դա չի՞ անլրջացնում ՀՀ վարչապետի կերպարը, երբ նա գործուղումների ժամանակ էլ է հեծանիվ վարում և այն ֆոնին, որ երկիրը կանգնած է արտաքին սպառնալիքների առաջ, երկրի վարչապետը հեծանիվ քշելով է զբաղված, մի՞թե դա ընդունելի է, Հրաչյա Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Երկրի վարչապետն առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին Մակրոնի և այլ երկրների ղեկավարների հետ է հանդիպում, այդտեղ ի՞նչ խնդիր եք տեսնում»։

Աննա Հակոբյանի՝ Տանզանիայից նկարներ հրապարակելու առիթով լրագրողները հիշեցրին՝ նախկինում ժողովուրդը անապատների, սաֆարիների հետ կապված վերաբերմունք ուներ, որ երբ երկրի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները գնում են այնտեղ, բյուջեից մեծ գումարներ են ծախսվում։ Հրաչյա Հակոբյանն ի պատասխան ասաց․ «Աննա Հակոբյանն իմ քույրն է, ես վստահ եմ, որ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի»։

Հարցին՝ ինչո՞ւ իշխանության առաջին դեմքերը չեն հետևում, թե հասարակությունն ինչ կմտածի իրենց մասին, ում հետ կասոցացնի, Հրաչյա Հակոբյանն այս առիթով ասաց․ «2026-ին տեղի կունենան  խորհրդարանական ընտրություններ, հասարակությունն իր վերաբերմունքը՝ այդ թվում նաև Տանզանիայի այս այցի հետ կապված, իր քվեով ցույց կտա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930