Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կինը չափահաս կին է, հաշվետու չի իմ առաջ»․ Տիգրան Պարսիլյանն իր կնոջ աշխատավարձի մասին

Նոյեմբեր 12,2024 13:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուսուցչի աշխատավարձը դրել եք, ուզում եք քննարկե՞ք։ Էդ նյութը խայտառակություն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանն՝ անդրադառնալով իր կնոջ բազմապատկված աշխատավարձի մասին մամուլի հրապարակումներին։

«Ստացել է այնքան, որքան որ պետք է ստանար»,- ասաց պատգամավորը։ Ասաց, որ «Դրա առաջին տարին ինքը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում»։

Պատգամավորը խորհուրդ տվեց լրագրողներին՝ «սըրչ» անելով հոդվածներ չգրել, այլ հետաքննել։

«Իմ կինը չափահաս կին է, հաշվետու չի իմ առաջ, այլ հաշվետու է հանրության առաջ եւ ես չեմ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է՝ ձեր պատկերացրած ընտանիքի մոդելը ըտենց է, իմ պատկերացրածը ըտենց չի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս հարցը պետք է ճշտել գործատուից, իր կնոջից։

Նա խոսքի ամբողջ ընթացքում քննադատական խոսքեր ասաց լրագրողների հասցեին՝ մեղադրելով, որ դիտավորությամբ իր հոր հայտարարագրին չանդրադառնալու արդյունքում գրել են, թե ինքն անտուն է։ Լրագրողների հակադարձումներին, որ երբ տարիներ շարունակ իր թիմակիցներն, այդ թվում՝ նաեւ ԱԺ ամբիոնից թիրախավորում էին լրագրողներին, ինքը չէր մտածում պատասխանատվության, արժանապատվության եւ հեղինակության մասին ու չէր սաստում իր գործընկերներին, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ թիմային պատասխանատվությունը գործողությունների մեջ է։

Հետո կնոջ աշխատավարձի մասին խոսելով՝ մանրամասնեց, որ իր կինը շատ է աշխատել, բայցի այդ, խոսքը կրթահամալիր-ՊՈԱԿ-ի մասին է, որտեղ նաեւ այլ ծառայություններ են մատուցվում։ Ասաց նաեւ, որ նույն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ավելի շատ աշխատավարձ ստացողներ էլ կան։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացել է, որ մինչ ՔՊ-ի իշխանության գալը, պատգամավորի կինը՝ Նվարդ Սարգսյանն, աշխատել է Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցում եւ վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է․ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ։ Նույնպիսի թռիչքաձեւ աճ է արձանագրվել նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում: Նրա աշխատավարձը «Հայփոստ»-ում 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկան միջին աշխատավճարը 1.8 միլիոն դրամ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Պարսիլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930