Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ խոսում եք հերոս հանրային ծառայողների մասին, միանգամից հիշում եմ ձեր կառավարության Տաթեւիկ Ռեւազյանին»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին

Նոյեմբեր 12,2024 11:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պարոն Հովհաննիսյան, երբ ասում էիք այն հերոս հանրային ծառայողներին, ովքեր իրենց մասնավոր միլիոնանոց աշխատանքը թողել՝ եկել էին պետական սեկտորում էին աշխատում, միանգամից հիշում եմ ձեր կառավարության Տաթեւիկ Ռեւազյանին, ով դրանով էր հպարտանում, բայց ով այլանդակեց Հայաստանի ավիացիան, որ մինչեւ հիմա չեն կարողանում փոսից հանել»,- խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Խոսում էիք՝ հետ պտտել արտագաղթի անիվը» եւ հետաքրքրվեց՝ կասե՞ք, այս տարվա առաջին վեց ամիսներին ՀՀ-ից Հայաստանի անձնագիր ունեցող քանի՞ քաղաքացի է մեկնել։ Նաեւ խնդրեց տեղեկություն՝ այս տարի Հայաստանում կրճատված աշխատատեղերի մասին, քանի որ նախարարը խոսեց մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծման մասին։

Իր զեկույցում, որում ներկայացնում էր 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, Վահե Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստանում տնտեսական աճի ու ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ․ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հուլիսին` 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ 2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, 2025 թվականին` 5,6 տոկոս։ Վահե Հովհաննիսյանի խոսքով` տնտեսության ներուժային աճը նախկին 4-4,5 գնահատված միջակայքից աճել է` հասնելով 5-5,5 միջակայքի․ «Տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը»։

Ավելի ուշ, նախարարն ասաց, որ նախորդ հոկտեմբերի համեմատ, աշխատատեղերն աճել են 44 հազարից մի քիչ ավելի։

Նա նաեւ հուզմունքով խոսեց հերոս-հարկատուների մասին, ովքեր իրենց նվազ եկամուտներից պետական հարկերն են վճարում, ովքեր մասնավոր հատվածում՝ թողնելով բարձր վարձատրվող աշխատանքը, տեղափոխվել են պետական հատվածում աշխատելու՝ հանուն պետության կայացման․ «Հերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է բիզնես հիմնել, ապրանքներ և ծառայություններ է առաջարկում հանրությանը։ Կամ այն մասնագետը, որը հաջողության հասնելով մասնավոր հատվածում եւ ստանալով մի քանի միլիոն դրամ աշխատավարձ, համաձայնում է աշխատել պետական համակարգում՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով՝ հանուն Հայաստանի պետական կառավարման համակարգի ամրապնդման։ Կամ պետական այն աշխատողները, ովքեր կարող են հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում մի քանի անգամ բարձր աշխատավարձով, սակայն գերադասում են շարունակել աշխատել պետական համակարգում։ Ինչպես իմ սիրելի հերոսներից մեկն է ասում՝ «Չէի ասի, որ իմ աշխատավայր գնալը սխրանք է, սակայն ինչ-որ հերոսական բան դրանում այնուամենայնիվ կա»։

Նա հայտարարեց, որ հարկ վճարողը հերոս է եւ պետք է վերագնահատենք հերոսության մասին մեր պատկերացումները։

Պատգամավորի հարցերին նախարարը, ըստ էության չպատասխանեց։

«Լավ, դուք չեք կարող ասել՝ ես ասեմ․ երկրորդ եռամսյակում, նոր ստեղծված աշխատատեղեր՝ 15․700, կրճատված աշխատատեղեր՝ 16․ 900, ընդ որում, մասնավոր հատվածում 12․300 ստեղծվել է 12․700 կրճատվել է։ ՀՀ փաստաթղթերով բացասական սալդոն 20․366 մարդ է կազմում։ Միգուցե թողնեք պատմության անիվը հանգիստ գնա՞, որովհետեւ, ինչքան փորձում եք շրջեք, ավելի վատ է տեղի ունենում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930