Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացությանը պետք է հակադարձել և՛ պետական, և՛ հանրային մակարդակով. «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն. «Արմենպրես»

Նոյեմբեր 12,2024 11:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն է, որը շարունակվում է նաև 44-օրյա պատերազմից հետո: Այդ համատեքստում հայերի հանդեպ հետևողականորեն ատելություն է գեներացվում, խրախուսվում է հայասպանությունը, տարբեր հանգամանքներում հայերին սպանած անձանցից կերտում են հերոսի կերպար, արժանացնում ամենաբարձր պարգևների՝ ընդհուպ մինչև ազգային հերոսի կոչման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմաբան Ռոբերտ Ղազարյանը:

«Այսօր հայատյացությունն ադրբեջանական պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և նպատակաուղղված տարվում է հատկապես ներքին լսարանին գրգռելու համար, որովհետև կարիք կա ադրբեջանական հասարակությանն անընդհատ շեղել որոշ հարցերից և կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Պետության հիմքում ի սկզբանե դրված այդ երևույթը 2020 թվականի պատերազմից հետո սրվել է՝ հայությանն ու Հայաստանին ավելի մեծ վնաս հասցնելու նպատակով։ Հետապնդելով կոնկրետ շահեր՝ ադրբեջանական պետությունը հայատյացության մեջ ներարկում է հսկայական գումարներ, և այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը երբևէ կանգ չի առնելու»,- ասաց Ղազարյանը։

Նա տեղեկացրեց, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի է ենթարկում ադրբեջանական մամուլը, և, եթե կարիք կա որևէ կերպ հակադարձելու, ապա դա արվում է հավուր պատշաճի։

«Հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի ճշմարտությունը, որը ներկայացվում է  պատմական կոնտեքստում և հիմնված է պատմական աղբյուրների վրա, մատուցվի և՛ մեր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը Ռուսաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ինչու չէ՝ նաև ադրբեջանցիներին, թեև հարևան երկրի ժողովուրդը պատրաստ չէ ընդունել մատուցվող ճշմարտությունը, որովհետև գտնվում է պետական տոտալ քարոզչության ներքո»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Ղազարյանը հավելեց, որ ադրբեջանական լրատվական դաշտն ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից, իսկ ընդդիմադիր կամ պետական քարոզչությունից դուրս խոսող մարդկանց ձայնը շատ արագ լռեցվում է։

«Եթե անգամ այդ մարդիկ չեն լռում, նրանց նկատմամբ հարուցվում են շինծու քրեական գործեր, նրանք բանտարկվում են։ Այդ կերպ փորձ է արվում փակել այլախոհների բերանը։ Տոտալ վերահսկողության պայմաններում հնարավոր չէ այնտեղ ճշմարիտ խոսք հնչեցնել, ասվում է միայն այն, ինչ ցանկանում են իշխանությունները։ Եթե ընդդիմադիրներն ու այլախոհները փորձում են խոսել Ադրբեջանից դուրս, օրինակ՝ Եվրոպայում, ալիևյան ռեժիմը նույնիսկ այնտեղ հասնում է մարդկանց։ Կան փաստեր, որ նույնիսկ պատվիրվել են ընդդիմադիր գործիչների սպանություններ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է միջազգային հանրությանը, որ դեմ չէ Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց մյուս կողմից անթաքույց կերպով ցույց է տալիս իր հայատյացությունը նույնիսկ նախագահի մակարդակով և շարունակում նորանոր պահանջներ ներկայացնել հայկական կողմին։ Ըստ Ղազարյանի՝ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Ադրբեջանի ցանկությունն իրականում այն է, որ այդ պայմանագիրը կնքվի ադրբեջանական կողմի համար շահավետ պայմաններով, որպեսզի առավելագույն չափով օգուտ քաղեն այդ պայմանագրի կնքման գործընթացից և վերջնարդյունքից։

«Գեղարդ» հիմնադրամի տնօրենի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացությանը պետք է հակադարձել և՛ պետական, և՛ հանրային մակարդակով, ինչն արվում է, պարզապես անհրաժեշտ է այդ ամենն ավելի ինտենսիվացնել և աշխատել նաև հայ հասարակության հետ, որպեսզի մեր քաղաքացիների մի մասն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չընդունի որպես ճշմարտություն։

«Հայատյացության վերաբերյալ միջազգային հանրությանն ապացույցներ ներկայացնելու համար շատ բան պետք չէ անել, որովհետև բոլորն էլ տեսնում են այդ ամենը, և տվյալ երևույթը չի էլ թաքցվում Ադրբեջանում։ Այլ խնդիր է, որ տնտեսական և քաղաքական շահերից ելնելով՝ որոշ երկրներ չեն ցանկանում բարդացնել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ելնելով այդ մոտեցումից՝ նրանք շատ հարցեր չեն բարձրաձայնում։ Ամենագործնական քայլը կլիներ այն, որ ալիևյան ռեժիմի նկատմամբ սահմանվեին պատժամիջոցներ, սակայն դա չեն անում, որովհետև հստակորեն առաջնորդվում են իրենց շահերով։ Արդյունքում մնում են միայն միջազգային իրավապահ և իրավապաշտպան կառույցները՝ գումարած մեր դիվանագիտությունը, որը ձգտում է տարբեր խողովակներով հայատյացությանն առնչվող հարցը բարձրաձայնել։ Չպետք է հուսալքվել, այլ անընդհատ այդ ուղղությամբ աշխատել, որովհետև դա մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկն է, որն, անշուշտ, պետք է լուծենք»,- եզրափակեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930